Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծո տեսակարար կշիռը օրըստօրե պակասում է»

Հուլիս 06,2015 13:00

Խոհափիլիսոփայական զրույց Գեւորգ Գիլանցի հետ

Վերջերս հրատարակվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գեւորգ Գիլանցի «ARS-մետա» գիրքը: Վերջինս հեղինակի երրորդ գիրքն է: Մասնագետները հավաստիացնում են, թե նա մեր իրականության բազմաժանր հեղինակներից մեկն է, որի ստեղծագործություններում արտացոլվում է ժամանակակից կյանքն իր վայրիվերումներով: Ասում են նաեւ, թե գրողը չի շտապում գրքեր հրատարակել, փոխարենը իր նոր ստեղծագործություններն ու թարգմանությունները տեղադրում է gilants.wordpress.com կայքում: Նշում են նաեւ մի «առանձնահատկության» մասին. երիտասարդ արվեստագետը հրատարակված գրքերի շապիկին, որտեղ սովորաբար գրվում է, թե հեղինակը երբ է ծնվել, ինչ կրթություն եւ քանի գիրք ունի, ինչքան հանճարեղ է կամ համեստ, չի ներկայացվում:

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Գիլանցն ասաց. «Որպես սովորույթները միայն մասամբ հարգող մարդ, անունս կա շապիկի առաջին էջին, իսկ եթե այդքան հետաքրքիր է, բնականաբար՝ ծնվել եմ, ծնվել են գավառական քաղաքի խուլ ու նեղլիկ նրբանցքներից մեկում, ուր մարդկայնության շռայլ ու զորեղ ոգին էր թեւածում: Ապրում եմ՝ աշխատելով արժանի լինել այն ամենին, ինչ ստացել եմ կյանքից իբրեւ ընծա: Հասցրել եմ բարձրագույն կրթություն ստանալ, նաեւ ավարտել եմ Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն դասընթացները, բազմիցս ներսուդուրս եմ արել՝ փառատոներ, գրական համաժողովներ, բայց ոչ մի տեղ չեմ գտել այն, ինչ կար մեր նեղլիկ ու խուլ նրբանցքում: Հետեւաբար փորձում եմ փրկել այդ ամենը՝ գոնե որպես տեքստ»:

Gevorg_Gilyanc-2

Իսկ թե ինչու շտապողականություն չի ցուցաբերում գրքերի հրատարակման գործում հարցին՝ մեր զրուցակիցը նախ նշեց, թե առաջին գիրքը՝ «Չխունացող հուշատետր» բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 2003թ., երկրորդը՝ «Ճախրիր իմ գազան»-ը, տպագրվել է Մոսկվայում, ընդ որում՝ գրքում տեղ գտած ստեղծագործությունները նաեւ ռուսերենով: Հետո էլ իր նոր՝ «ARS- մետայի» օրինակով բացատրություն տվեց մեր հարցին. «Այս ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկումներով ամբողջացնող կենսատարածք է: Ընթերցողիս իմ շուրջ 10 տարվա գրողական լռությունը փորձել եմ փոխհատուցել բոլորովին նոր փուլ մտած եւ ինքնատիպ մտածողության որակով՝ թե բանաստեղծական տեքստերում, թե արձակ պատումներում»: Իսկ թե, այնուամենայնիվ, 10 տարի գրքի տեսքով ինչո՞ւ չէր ներկայանում, Գեւորգ Գիլանցը ընդամենն ասաց. «Ընդհանրապես չեմ ստեղծագործում՝ գերնպատակ ունենալով գիրք տպագրել: Իսկ եթե Հայաստանում չեմ տպագրվել, դրա համար, բնականաբար, եղել են պատճառներ»:

Հետո էլ հեղինակը սկսեց փիլիսոփայել. «Ամենամեծ ձգողականությունն ունեն նորածինները… Նրանց մեջ դեռեւս մեծ է Աստծո տեսակարար կշիռը… Հետո մանուկն աճում է, մեծանում, բայց Աստծո տեսակարար կշիռը սկսում է օրըստօրե պակասել, քանի որ ի տարբերություն ֆիզիկական մարմնի բնական աճի, հոգեւոր մարմինն ինչ-որ պահի դադարում է աճել… Թվում է՝ սնվելով մշակույթով, մարդու հոգեւորն էլ պիտի աճեր, բայց… Երեւի հենց այդ պատճառով կարոտում ենք, ուզում ենք փախչել, վերադառնալ մանկություն… Ոչ թե այն պատճառով, որ այնտեղ անհոգ էինք, այլ որ այնտեղ ամեն բան մաքուր էր, տաք ու լուսավոր ու «ամպի չափ» մեծ էին ամպերը, սարերը, ծառերը…»:

Գրողից հետաքրքրվեցինք՝ Մոսկվայում Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո, մանավանդ որ այնտեղ գիրք էր հրատարակել, ինչու չշարունակեց գործունեությունը մեգապոլիսում: «Ինչքան էլ դժվար լինի Հայաստանում, մեր լեզուն այստեղ է»,-հնչեց պատասխանը: Գիլանցը նաեւ հավաստիացրեց, թե հրաժարվել է ընդունել նույնիսկ Երեւան տեղափոխվելու առաջարկները՝ հանգիստ ապրում ու ստեղծագործում է Արմավիրում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել