Հունիսի 28-ից մինչև հուլիսի 5-ն Արցախում կայացավ «Տնջրե» պատանի երաժիշտների միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած պատանի երաժիշտները վերջին ելույթն ունեցան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի արվեստի դպրոցի դահլիճում:
Համերգը բացեցին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ֆլեյտահարներ Արտաշես և Լիա Գրիգորյանները: Հենց սկզբից ներկաները մեծ ոգևորությամբ ընդունեցին գեղեցիկ կատարումները:
Արցախը ներկայացրեցին կլառնետահար Արեն Նասիբյանը և դաշնակահար Դավիթ Բախշյանը:
Սինգապուրցի դաշնակահար, միջազգային մրցույթների ու բարեգործական համերգների մասնակից Մերվին Լին հանդես եկավ Շոպենի ստեղծագործությամբ: Նա 10 տարեկանում արդեն ելույթ է ունեցել նվագախմբի հետ:
Կարդացեք նաև
Ջութակահարներ Ռոմինա Զուրաբովայի և Լուկո Ֆերինիի հունական ուրախ պարային կատարումները բարձր տրամադրություն ապահովեցին:
Ֆինլանդիայի ներկայացուցիչ, թավջութակահար Գրաժինա Ժերանսկագերերտը հանդես եկավ իտալացի դաշնակահար Յեսսե Հեննինեի նվագակցությամբ:
Իրենց տրամադրող ու գերող ելույթները նույն դաշնակահարի հետ կատարեցին նաև Սլովենիայի ներկայացուցիչ, շեփորահար Գրեգոր Ռոջեզյուն և Բոսնիա-Հերցեգովիայից եկած սաքսաֆոնահար Բենյամին Ագանզիչը:
Համերգին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանը, բերձորցի երաժշտասերներ:
Ցավոք դպրոցական արձակուրդների պատճառով դահլիճում քիչ էին երեխաները:
Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի տնօրեն, դաշնակահար Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ մեծ բավականություն ստացավ պատանի երաժիշտների կատարումներից, իսկ նման երևույթ Բերձորում քիչ կկատարվի:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ նշելով նաև, որ այս մեկ շաբաթվա ընթացքում նրանք համերգներով հանդես են եկել Շուշիում, Ճարտարում, Ստեփանակերտում, ՊԲ զորամասերից մեկում: Բացի համերգներից, փառատոնի ներկայացուցիչները վարել են նաև վարպետության դասեր երաժշտական կրթօջախներում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ