Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտախտը եւ մենք

Հուլիս 06,2015 12:00

Մեր հասարակությունը հիմնականում բաժանվում է երկու խմբի. առաջին խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի քննադատում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Երկրորդ խմբի մարդիկ նրանք են, ովքեր տեղին ու հիմնականում անտեղի գովաբանում ու փառաբանում են Խորհրդային Միությունը, խորհրդային ժամանակներն ու խորհրդային բարքերը: Ժամանակակից հայերենով ասած՝ կարոտախտով են տառապում:

Այսուհանդերձ եւ բարեբախտաբար, երրորդ խումբ էլ գոյություն ունի: Երրորդ խմբի մարդիկ նրանք են, ովքեր Խորհրդային Միության եւ խորհրդային ժամանակների թերություններն ու արատները հիշելով հանդերձ՝ նաեւ հիշում ու չեն մոռանում նույն Խորհրդային Միության եւ խորհրդային ժամանակների դրական եւ օրինակելի կողմերը: Մանավանդ՝ եթե խոսքը վերաբերում է Խորհրդային Միության վերջին քսանհինգ տարիներին: Ասվածն, իհարկե, վերաբերում է նրանց, ովքեր ապրել են Խորհրդային Միությունում ու խորհրդային ժամանակներում:

Երիտասարդները, ովքեր Խորհրդային Միությունում ու խորհրդային ժամանակներում չեն ապրել, հիմնականում առաջնորդվում են իրենց ծնողների ու իրենց մերձավոր ավագների հիշողություններով ու կարծիքներով: Երիտասարդներից նրանք, ում ծնողներն ու մերձավորները խորհրդային կարոտախտի մեջ են, խորհրդային ժամանակների ու բարքերի մասին միանգամայն հարգալից են խոսում ու արտահայտվում: Երիտասարդներից նրանք էլ, ովքեր իրենց ծնողներից ու մերձավորներից հիմնականում բացասական բաներ են լսել, ծաղրանքով ու արհամարհանքով են արտահայտվում Խորհրդային Միության եւ խորհրդային ժամանակների մասին:

Այսուհանդերձ՝ կարոտախտը կա եւ ամեն քայլափոխի հետապնդում է բոլորիս՝ նույնիսկ կարոտախտով չտառապողներիս: Որովհետեւ, ուզենք թե չուզենք, դա մեր կյանքի ժամանակն է եղել եւ հնարավոր չէ վերջնականապես ջնջել մեր միջից: Մարդ արարածն ամեն ինչից ի վիճակի է հրաժարվել՝ բացի իր կյանքից ու կենսագրությունից:
Եվ դրանից էլ բացի՝ մարդ արարածը հակված է իր կյանքից ու կենսագրությունից հիմնականում գեղեցիկ ու սիրելի դրվագները հիշել, մանավանդ՝ եթե դրանք առնչվում են մանկության, պատանեկության ու երիտասարդության տարիներին: Իսկ ինչ վերաբերում է կյանքի անհարմարություններին ու դժվարություններին, մարդ արարածը հաճույքով դրանք ջնջում է իր հիշողությունից:

Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը ստալինյան դեպրեսիաների ու դաժանությունների շրջանին է վերաբերում: Հեղինակը գեղարվեստորեն ու ռեալիստորեն է ներկայացնում այդ ահավոր ժամանակը: Այդուհանդերձ, նա բացառիկ սիրով է ներկայացնում այդ դաժան ժամանակի մեջ ապրած հրաշալի ու սիրելի մարդկանց: Սերն ու կարոտն ուղղակի հորդում են էկրանից: Դա կարոտա՞խտ անվանենք:

Այս կարոտախտ բառը մեկից սողոսկեց մեր բառապաշար եւ առ այսօր դուրս չի գալիս մեր բառապաշարից: Եվ մենք չարաշահում ենք այդ անհաջող բառը: Ձեր խոնարհ ծառան՝ նույնպես: Սա իսկապես շատ անհաջող բառ է, որովհետեւ կարոտն ու ախտն անհամատեղելի երեւույթներ են: Վաղուց ժամանակն է, որ այդ անհաջող բառը վտարենք մեր բառապաշարից կամ եթե օգտագործում ենք՝ բացառիկ դեպքերում ու տեղին օգտագործենք: Այդ բառի անհրաժեշտությունը որոշ չափով զգացվում էր Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ խորհրդային ժամանակների շորշոփն ու խորհրդային պետության վերականգնման վտանգը դեռ կային, բայց հիմա, երբ այլեւս էդ վտանգը մեզ չի սպառնում, էդ բառի անհրաժեշտությունն այլեւս չկա:

Կարոտախտը, կարծում եմ, օտարածին նոստալգիա (NOSTALGI) բառի փոխադրությունն ու թարգմանությունն է, ընդ որում՝ միանգամայն անհաջող թարգմանությունը, որովհետեւ չեմ կարծում, թե այդ nostalgi-ն բնագրում բաղկացած լինի կարոտ եւ ախտ արմատներից, եւ չեմ կարծում, թե նոստալգիան իր մեջ զուտ բացասական ենթատեքստ է պարունակում՝ ի տարբերություն մեր կարոտախտի: Եվ չեմ կարծում, թե մենք լավ ենք անում, որ էդ կարոտախտ բառը բացասական իմաստով երբեմն տեղին ու հիմնականում անտեղի օգտագործում ենք: Եվ չեմ էլ կարծում, թե խորհրդային պետության դրական կողմերը հիշելը կարոտախտի նշան է: Դրական բաներ եղել են, ընդ որում՝ ոչ քիչ, եւ դրականը ոչ միայն արժե հիշել, այլեւ արժե ընդօրինակել: Ճիշտ է, Մոսկվայից շատ մեծ կախում ունեինք, բայցեւ վախ ունեինք՝ թալանի ու կաշառակերության չափերի իմաստով: Այսօր անկախ ենք՝ ճիշտ է, բայցեւ նույն Մոսկվայից էլի կախում ունենք: Միգուցե ավելի մեծ կախում ու կախվածություն: Եվ այդ կախվածությունը պակասեցնելու պարտավորությունը ոչ թե Մոսկվայի պարտականությունն է, այլ միայն մեր: Իսկ այդ կախվածության ավելացումն իսկապես արժե կարոտախտ անվանել:

Շատերս ենք նվնվալով ու տրտնջալով հիշում ղարաբաղյան պատերազմի ցուրտ ու մութ տարիները: Բայց այսօրվա երիտասարդները, ովքեր էդ տարիներին մանուկ են եղել եւ էդ տարիների ցրտից ու մթից ամենից շատ են տուժել, ոչ միայն այդ թեմայով չեն տրտնջում ու նվնվում, այլեւ երբեմն նույնիսկ յուրահատուկ սիրով են հիշում այդ տարիների դժվարությունները: Իրենք, փաստորեն, այդ պատերազմի անմիջական մասնակիցներն ու այդ հաղթանակի տերերն են:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031