Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը

Հուլիս 06,2015 10:48

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը:

Այցի նպատակն էր քննարկել արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ ի՞նչ ընթացքի մեջ են նոր Քրեական ու Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակումը, բարեփոխումների ի՞նչ փուլում են քրեակատարողական համակարգն ու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և մշտապես կատարելագործում է օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին: Խոսելով քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ՀՀ խորհրդարանի առաջարկների հիման վրա լրամշակվել և ուղարկվել է Ազգային ժողով: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցվեն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսված է մինչև ս.թ. սեպտեմբեր միասնականացնել քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի դրույթները:

ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են նաև վերջին բարեփոխումները, որոնցով ՀՀ միջազգային պարտավորություններին են համապատասխանեցվել խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը: Խստացվել են խոշտանգման համար քրեաիրավական սանկցիաները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման մասին: Մասնավորապես՝ նախագծի հայեցակարգն արդեն իսկ ուղարկվել է միջազգային փորձաքննության. այն հիմնված է այնպիսի հիմնարար նոր սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման ու անհատական մոտեցման, դատապարտյալներին ազատության նախապատրաստելու սկզբունքները և այլն:

Քննարկվել է նաև խտրականության դեմ պայքարի վերաբերյալ նոր համապարփակ օրինագծի մշակման հարցը:

Ալեքսանդր Գեսելը բարձր է գնահատել Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները և նշել, որ դրանք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ խտրականության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործումը չափազանց կարևոր դեր կխաղա հետագայում համակարգի զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանում իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների շուրջ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031