Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի փոխքաղաքապետ. «Դուք պրովոկացիոն լրագրող եք»

Հուլիս 06,2015 10:25

Մեր տեղեկություններով, Իջեւանի փոխքաղաքապետ, ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը ամեն ինչ անում է, որ նշանակվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանն է: 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրության ՀՅԴ համամասնական ցուցակում Մարտուն Մաթեւոսյանը 17-րդ էր, Սուրեն Մանուկյանը` 29-րդը:

Սուրեն Մանուկյանի մասին առաջին անգամ գրվել է 2009 թվականին: Դեկտեմբերի 3-ի համարում, առաջին էջում, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրեց, որ «Կոնվերսբանկի» Իջևանի մասնաճյուղի աշխատակից, քաղաքի ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը Տավուշի մարզի Գանձաքար գյուղում սղոցարան ունի, ուր մանրահատակ եւ տախտակ են արտադրում, որը սակայն գրանցված չէ` ստվերում է գործում:

Այս հրապարակումը իրավապահների ուշադրությանը չարժանացավ, Սուրեն Մանուկյանը դարձավ փոխքաղաքապետ: Մեր տեղեկություններով, այս տարվա գարնանը Սուրեն Մանուկյանը, լինելով քաղաքապետի պաշտոնակատար, Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում գտնվող համայնքի սեփականություն մի բնակարան նվիրել է Ռուսաստանի քաղաքացի, Ռուսաստանում բնակվող մի մարդու: Նվիրատվությունից հազիվ մեկ շաբաթ անց նշված բնակարանի սեփականատեր է դարձել Սուրեն Մանուկյանի աները` Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Համլետ Հովհաննիսյանը: Իսկ Իջևանում բազմաթիվ կարիքավոր, անապահով (նաեւ զոհված ազատամարտիկների) ընտանիքներ կան:

Aravot.am-ը փորձեց այս առիթով զրուցել Սուրեն Մանուկյանի հետ: Վերջինս նախ սկսեց հերքել մեր տեղեկությունները: Անօրինական սղոցարանի մասին ասաց, որ այն ոչ թե իրենն է եղել, այլ իր հայրն ու եղբայրն են զբաղվել այդ գործունեությամբ ու պնդեց, որ այն անօրինական չի եղել: Իսկ համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանի մասին հարցը նրան հունից հանեց: «Դուք պրովոկացիոն լրագրող եք, ես էլ ձեր հարցերին պատասխանելու բան չունեմ»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սուրեն Մանուկյանն արդեն իր նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ խնջույք է կազմակերպել, թեպետ, նրա նշանակման հրամանը դեռ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Նելլի, սա այն դեպքն է, երբ մենք գործ ունենք հետևանքի հետ, գուցեև անցանկալի: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Տավուշի մարզպետի անհիմն բողոք-բամբասանքների շնորհիվ պաշտոնանկ արվեց Իջևանի անտառտնտեսության նախկին տնօրենը, որի հիմնական նպատակը մարզպետի մտերիմին, ըստ Իջևանում շրջանառվող լուրերի 50 հազար ԱՄՆ դոլարով, նշված պաշտոնին հասցնելն էր: Մարզպետին իհարկե չհաջողվեց հասնել իր նպատակին, սակայն նա որևէ պատասխան էլ չտվեց իր անվայել արարքների համար: Նշեմ նաև, որ մեր երկրում վաղուց արդեն զոհվածների, վիրավորների և կարիքավոր ազատամարտիկների հարցերով որևէ մեկը, գոնե Տավուշում չի զբաղվում: Ավելին, եթե Ձեր հոդվածում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա, իմ կարծիքով, առաջին հերթին պետք է որ պատասխանատվության ենթարկվեն մարզի իրավապահները, եթե նրանց կարելի է այդպես անվանել, իրենց անգործության կամ ձեռքը ձեռք է լվանում գաղափարով առաջնորդվելու համար /հետաքրքիր է, ՀՀ Գլխավոր դատախազն այս հոդվածը կարդալով Տավուշի մարզի դատախազի մասին ինչ է մտածել?/;
    Ցավալին նա է, որ նույնիսկ սահմանամերձ մարզում ամեն ինչ աճուրդի է հանված, իսկ այդ գործընթացի մեջ ներգրավված մարդիկ ամենայն հավանականությամբ հայրենազուրկ են ու մեր երկրի ապագան նրանց չի հետաքրքրում:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Համաձայն եմ Գարեգինի այն մտքի հետ, որ մեր երկրի ապագան պաշտոնյաներին չի հետաքրքրում: Կավելացնեի` նաեւ ներկան չի հետաքրքրում:
    Իսկ եթե ինչպես Գարեգինն է պնդում, մարզպետը չհաջողվեց իր մտերիմի համար հարցեր կարգավորել, դա չի նշանակում, որ դա պետք է հաջողվի այլ պաշտոնյայի…..

  3. Արմեն says:

    Այս երկիրը, երկիր կդառնա երբ վերանան մի քանի մուտիլովչիկներ. Վերջապես ունենք մաքուր, ազնիվ փոխքաղաքապետ և խորհուրդ կտամ չտարվեք չարացած մարդկանց խոսքերին:

  4. Garegin says:

    Հարգարժան Արմեն, հարցն ամենևին էլ փոխքաղաքապետին չի վերաբերվում, այլ այն բարքերին, որոնք տիրում են մեր կառավարման համակարգում և որը սննկացնում է մեզ և Ձեզ` թե ֆինանսապես և թե բարոյապես: Մեկ հավելում ևս` այս պարագայում Ձեր մեկնաբանությունն ավելի շատ էր մուտիլովկայի նման:

  5. Hamlet Shaghbatyan says:

    Սուրեն Մանուկյանն ազնիվ քաղաքացի և արդար ղեկավար է՝ նվիրված իր քաղաք Իջևանին ու իջևանցիներին, իսկ արված քննադատություններն անիմաստ են:

  6. Anna says:

    Շատ շուտով Տավուշից միայն ավերակները կմնան:Ամեն ինչ հանված է աճուրդի,բոլոր պաշտոնները զբաղեցնելու համար միայն փող-փող-փող է,որևէ մեկին ունակությունը չի հետաքրքրում:Տավուշի ներկայիս մարզպետն էլ նախորդին ոչինչով չի զիջում,կարելի է ասել միայն փոխվել են գումարների չափերը:

  7. Արկադի says:

    Մի թե կարելի է նման նյութերով վարկաբեկել http://www.aravot.am հեղինակությանը, այսպիսի նյութեր գրելը Ձեզ պատիվ չի բերում, այն էլ, երբ ամբողջությամբ սուտ է:Այս նյութի մեջ միայն վերնագիրն է ճիշտ և մեկ նախադասություն: Երբեք մի շեղվեք Ձեր ընտրած ճիշտ ճանապարհից : Այսպիսի նյութերով կարծիք է ստեղծվում, որ դուք բոլոր նյութերին այսպիսի ոճով եք մոտենում, սակայն ես լավ գիտեմ, որ սա Ձեր աշխատաոճը չէ, այնպես որ նման նյութերից զգույշ եղեք, քանի որ խաղում եք մի ազնիվ, մաքուր, խելացի, նպատակասլաց երիտասարդ կադրի հեղինակության հետ, դուք նման կադրերին ոգևորեք, ոչ թե հիասթափեցրեք Ձեր նյութերով:

  8. Սամվել Ազիբեկյան says:

    Սթափվե՜ք ես Վարուժան Ներսիսյանն եմ:

  9. Հովո says:

    Ինչպես պատահեց, որ ,,ազնիվ քաղաքացի և արդար,, ղեկավար Սուրեն Մանուկյանը համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրեց ոչ թե սոցիալապես անապահով, նաև բազմազավակ ընտանիքներին, որոնք քիչ չեն մեր համայնքում, այլ նվիրեց աներոջը :Դե հետևություններ արեք , թե իրականում ո՞վ է սեփականատերը;
    Այ քեզ ազնիվ փոխքաղաքապետ:
    Դե հիմա էլ սպասեք հաջորդ նվիրատվությունները անտառից;

  10. ՀՀ քաղաքացի says:

    Եթե նյութը իրականություն չիներ, Մանուկյանը վաղուց էր դատարան գնացել: Հետեւաբար մեղադրանքները իրական են` նա անօրինական քայլեր է արել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031