«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ 90-ականներին կառուցած կապիտալիստական Հայաստանը վերածվել է ավտոնոմ ֆեոդալական պետության, որ այսօր իշխող էլիտան ֆեոդալներ են:
«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նրանք «Բեքբոն Բրենդինգ» ընկերության հետ միասին Բաղրամյան պողոտայում անցկացված ցույցերի ընթացքում օգտագործված շուրջ քառասուն ցուցապաստառների հեղինակներն են: Նա ասաց. «Մենք պրոֆեսիոնալներ ենք եւ հասկանում ենք, որ ցուցապաստառները պիտի լինեն ազդեցիկ, օգնեն պայքարին, բայց մյուս կողմից չխարխլեն պետության հիմքերը»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ ցուցապաստառների միջոցով հնարավոր եղավ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների ագրեսիան կանգնեցնել:
«Ես կարծում էի, որ Россия 24-ին ուղղված ցուցապաստառները միգուցե գռեհիկ էին, սակայն հետո կյանքը ցույց տվեց, որ այդ լրատվամիջոցին երեւի թե հենց այդ ձեւով էր պետք պատասխանել, որովհետեւ միայն այդ դեպքում այն կարողացավ ձայնը կտրել»:
Կարդացեք նաև
«Առավոտի» այն հարցին, թե ինչ է նա մտածում այս շարժման վերաբերյալ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պրոցեսը քաղաքական է, ինչքան ուզում է լղոզեն, սարքեն սոցիալական, տնտեսական: Պարույր Հայրիկյանը կարծես թե պատասխանել է այդ հարցին, որ եթե սա քաղաքական չլիներ, ապա հարցը կլուծեին էլեկտրիկի հետ: Ինչքան էլ որ իշխանությունը փորձի ներդնել իրենց լծակները այնտեղ, ինչքան էլ որ փորձի դնել մարդկանց, որոնք իբր իշխանություն չեն, իբր միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, չնայած մենք տեսնում ենք, որ հենց նրանք սկսում են պայքարել, դրանից հետո սկսում են լավ բնակարաններ գնել, իսկ մենք գիտենք՝ ով կարող է բնակարանի փող տալ Հայաստանում, միեւնույնն է իրենց ոչ մի ագենտ իրենց չի օգնի, այդ ագենտները վերածվելու են օպոզիցիոն մտածելակերպի մարդկանց, նրանք հասկանալու են, որ այսպես թե այնպես ապագան նորի հետ է, եւ այդ նորի կողմն են անցնելու»:
Պրն. Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ 90-ականներին կառուցած կապիտալիստական Հայաստանը վերածվել է ավտոնոմ ֆեոդալական պետության, որ այսօր իշխող էլիտան ֆեոդալներ են:
«Իսկ հինը՝ ֆեոդալը, ինչպես որ ցանկացած կապիտալիստական պետությունում մահացավ, վերացավ կամ նսեմացավ, փոքրացավ, այնպես էլ Հայաստանում է դա սպասվում. կապիտալը պիտի լինի ազատ, եւ կանոնները պիտի լինեն լիբերալ»,- նշում է պրն. Մարտիրոսյանը ու հավելում,- իսկ այն տղաները, որոնք ասում են՝ մենք իշխանության ներսից կփոխենք, իհարկե համաձայն չենք այն ահավոր երեւույթների հետ, ինչը որ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը անում են Հայաստանի գլխին, մենք ռեալ պատրիոտներ ենք, բայց մյուս կողմից մենք փորձում ենք իշխանության ներսից դա կարգավորել եւ այլն… ժողովուր՛դ, դուք, որ մտաք այդ ոլորտ, այդ ջուրը, ուրեմն դուք թրջված եք լինելու. սա թրջվածների ու չթրջվածների պայքար է լինելու: Ինչպես ոստիկանները ջրցանից հետո գալիս ստուգում էին՝ ով է թրջված, նրան ծեծում էին կամ բռնում, նայում էին՝ եթե թրջված ես, ցուցարար ես, եթե ոչ, ցուցարար չես, վաղն էլ դուք եք այդ պատասխանատվությունը կրելու, ամեն մեկդ լումա է ունեցել Հայաստանի քանդման մեջ, դուք ամենավեհ նպատակներով քանդում եք Հայաստանը կամ մասնակցում եք դրա քանդմանը: Միշտ չէ, որ նպատակը արդարացնում է գործիքները: Դուք վատ գործիքներով եք այսօր աշխատում, ինչ նպատակ ուզում եք հետապնդեք, ինձ չի հետաքրքրում, դուք ձեր գործիքներով տաշում եք Հայաստանը, քերում եք Հայաստանը: Կհասկանաք՝ կհասկանաք, չեք հասկանա, երիտասարդները, որոնք Բաղրամյան էին դուրս եկել, վաղը չեն կաշկանդվելու միայն սոցիալականամետ լոզունգներով, քանի որ սրանց տակ պառկած է քաղաքական գաղափարը»:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ