Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական ուժերով վերջապես հնարավոր եղավ հաղթել հրդեհին

Հուլիս 05,2015 14:05

Քաշաթաղի շրջանում 2014թ. աշնանը և 2015թ. գարնանը կատարվել է ընդհանուր 13653հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 4547հա, գարի՝ 7230հա և հաճար՝ 1876հա: 2015 թ. մայիսի 31-ից սկսվեց հացահատիկի բերքահավաքը: Ի տարբերություն անցած տարիների՝ 2015-ին հացահատիկի բերքատվությունը բարձր էր, և միջին համախառն բերքը կազմեց մոտ 30ց/հա: Կատարված ընդհանուր հունձը հուլիսի 3-ի դրությամբ կազմել է 10027հա, որից ցորեն՝ 3008հա. ստացվել է 8836.9տ բերք՝ 29,4ց/հա բերքատվությամբ, գարի՝ 6228հա. ստացվել է 17971,3տ բերք՝ 28,9ց/հա և հաճար՝ 793հա. ստացվել է 2219տ բերք՝ 27,9ց/հա բերքատվությամբ: Արտերում աշխատել է 58 կոմբայն, որից 44-ը՝ Սյունիքի մարզից: Հնձելու է մնացել 3626հա, որից՝ գարի՝ 1004հա, ցորեն՝ 1539հա և հաճար՝ 1083հա: 2015թ. տեղումնառատ գարունն ապահովեց բերքատվությունը, սակայն դրան զուգահեռ հարավային թևի ցանքատարածքներում և բնակավայրերում աճեցին մեծ քանակությամբ փուշ ու տատասկ, որոնք էլ դարձան հրդեհի առաջացման վտանգավոր օջախներ: Բերքահավաքն անկորուստ և ժամանակին ավարտելու նպատակով մայիսի կեսերից շրջանի Իշխանաձոր գյուղում ստեղծվեց օպերատիվ շտաբ, որը տեղում մինչ այժմ ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Շտաբում գործում է շուրջօրյա հերթապահություն, բացի այդ՝ ցանքատարածքներում, որոնք գտնվում են Թովմասարում՝ մոտ 8000հա, Կովսականի ենթաշրջանում՝ մոտ 2500հա, Որոտանի ավազանում և Հակարիի աջափնյա սարահարթում՝ մոտ 2200հա, տեղակայված են հակահրդեհային հենակետեր, որտեղ հերթապահում են հրշեջները, տարածաշրջանի համայնքների կամավորականները և ոստիկանությունը: Չնայած այս ամենին՝ հունիս ամսվա ընթացքում հնարավոր չեղավ խուսափել սպասվելիք հրդեհներից:DSCN9451

Ըստ շտաբի տեղեկության՝ հունիսի ընթացքում տարածաշրջանում բռնկվել է 25 մեծ ու փոքր հրդեհ: Առավել վտանգավորը հունիսի 12-ին Հադրութի տարածքից Թովմասար և Արաքսի ձախափնյա հարթություններ թափանցած հրդեհներն էին, որոնց դեմ պայքարեցինք մի քանի օր: Հրդեհաշիջման աշխատանքներին հունիսի 13-ին մասնակցեց մոտ 500 մարդ, մի քանի հրշեջ մարտական հաշվարկ, հերկող տրակտորներ, կոմբայններ: Այստեղ էին նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության  նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:  Միասնական ուժերով վերջապես հնարավոր եղավ հաղթել հրդեհին և տեղայնացնել: Այդ օրը վառվեց մոտ 25հա գարու և ցորենի արտ: Հունիսի 22-ին հրդեհի ճարակ դարձավ Կովսականի տարածքում մոտ 100հա հացահատիկի արտ և մեկ կոմբայն: Այնուամենայնիվ հնարավոր էր ավելի մեծ կորուստներ ունենալ, եթե օպերատիվ չգործեր շտաբը, եթե այստեղ չգային ՀՀ տարբեր մարզերի հրշեջները:

Հունիսի 3-ին Իշխանաձորում կայացավ ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից մեկ ամսից ավելի քաշաթաղցիներին օգնության ձեռք մեկնած հրշեջների պարգևատրման արարողություն, որին ներկա էր նաև ԼՂՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Հարությունյանը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ընթերցեց շրջվարչակազմի ղեկավար, օպերատիվ շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի կարգադրությունը պարգևատրման մասին: Ս. Խաչատրյանը բարձր գնահատեց  ՀՀ մարզերից եկած հրշեջների ծառայությունը, որի ընթացքում 100-ից ավելի փրկարարներ նվիրված մասնակցեցին հրդեհաշիջման աշխատանքներին, օրերով հերթապահեցին հենակետերում: Հայտնելով շնորհակալություն՝ Ս. Խաչատրյանը պատվոգրերով պարգևատրեց 103 հրշեջ-փրկարարների: ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ տնօրեն Արթուր Հարությունյանը ՀՀ մարզերից եկած հրշեջներին հայտնեց շնորհակալություն հայրենանվեր ծառայության համար՝ զուգահեռներ տանելով Արցախյան գոյամարտի հետ:  Տեղեկացրեց, որ բերքահավաքից առաջ դիմել է ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանին, ով մեծ սիրով համաձայնվել է օժանդակել բերքահավաքի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա էին նաև շրջվարչակազմի աշխատակիցներ, տարածքի համայնքների ղեկավարներ: Միջոցառումից հետո զրուցեցի Մայր հայրենիքից մեզ օգնության եկած հրշեջ-փրկարարների հետ: Նրանցից շատերին հանդիպել եմ հունիս ամսվա ընթացքում ցանքատարածքների տարբեր հատվածներում, ներկա եղել հրդեհաշիջման աշխատանքներին:

Սյունիքի մարզի Սիսիանի ՀՓՋ ներկայացուցիչ, մարտական հաշվարկի պատասխանատու Վահագն Ստեփանյանը տեղեկացրեց, որ ինքն ընկերները՝ Վրեժ Սուլեյմանյան, Էդվարդ Գերասիմյան, Արեգ Հակոբջանյան, Գոռ Ամիրյան, հունիսի 14-ից տարածքում են, մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքների: Ասաց, որ իրենց պարտավորությունն է՝ լինել նաև Արցախում և օգնել հացն անկորուստ ամբարելու գործին: Շնորհակալություն հայտնեց, որ արժանացան պատվոգրի: Գորիսի ՀՓՋ մարտական հաշվարկի հրամանատար, կապիտան Արթուր Մկրտչյանը նշեց, որ 5 հոգով/Հայկ Պապյան, Մուշեղ Սանդրյան, Բենիկ Առուշանյան և Հովհաննես Բակունց/ 4-րդ օրն է, ինչ հերթափոխել են իրենց ընկերներին: Կարևորեց, որ այդ օրերի ընթացքում արտակարգ իրավիճակ չի գրանցվել: Կապանի ՀՓՋ խմբի հրամանատար, ավագ Գարիկ Թադևոսյանը տեղեկացրեց, որ երկրորդ անգամ են իրենց մարտական հաշվարկով/Եփրեմ բալասանյան, Հրայր Ղազարյան և Արսեն խաչատրյան/ հերթապահում Կովսականի տարածքում: Առաջին հերթապահության ժամանակ մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքների մի քանի հատվածում: Վայոց Ձորի մարզից եկած հրշեջները հերթապահում էին Որոտանի ավազանի սարահարթում: Մարտական հաշվարկի պատասխանատու, ՀՓՋ հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Վարդան Գրիգորյանը  նույնպես ասաց, որ իրենց աշխատանքն են կատարում, և իրենց համար միևնույն է՝ որտեղ են իրականացնելու այս կարևոր ծառայությունը, իսկ օգնել վերաբնակեցվող Քաշաթաղին՝ իրենց համար պարտավորություն է և մեծ պատիվ: Հրամանատարի հետ համաձայն էին նաև մարտական հաշվարկի տղաները՝ Վահրամ Ենոքյանը, Ռաֆիկ մուրադյանը և Կոլյա Մովսիսյանը:

Արարատի մարզի Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկում ընդգրկված 5 հրշեջները՝ Սայադ Հակոբյանը, Տարոն Անդրեասյանը, Արայիկ Հարությունյանը և Մանուկ Պետրոսյանը, ավագ-լեյտենանտ Գառնիկ Շահբազյանի հրամանատարությամբ հերթապահում էին Իշխանաձորում և իրենց  ,,ԿԱՄԱԶ.. մեքենայով մի քանի անգամ մասնակից եղան հրդեհաշիջման աշխատանքների: Գոհ էին շրջվարչակազմի ղեկավարության և բնակչության վերաբերմունքից: Տոնական խնջույքին մասնակցելուց հետո հրշեջները մեկնեցին տուն՝ մաղթելով բարին և հավաստիացնելով՝ միշտ պատրաստ են օգնելու, և բարձր գնահատեցին Քաշաթաղի շրջանի հրշեջ-փրկարարների կատարածն ու օժանդակությունը:

 Զոհրաբ  Ըռքոյան. Իշխանաձորից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031