Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են

Հուլիս 05,2015 10:31

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քսան տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Յուրաքանչյուր երկրի համար Հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը:

Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքի վառ մարմնավորումը, պետությունների միջազգային ընտանիքի իրավահավասար անդամը լինելու վկայությունը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման և ժողովրդաիշխանության հաստատման գլխավոր երաշխիքը:

1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում։

Դրա հետ մեկտեղ, հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում: Դրանք պետք է մոտեցնեն այն հանգրվանը, երբ հնարավոր կլինի վերջնականապես արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ:

Կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր:

Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ որքան էլ դժվար լինի մեր անցնելիք ճանապարհը, մեր համազգային միասնականությամբ, հանդուրժողականությամբ, պատմական մեր տեղի ու դերի խոր ըմբռնումով, ազգի, ժողովրդի և սերունդների առջև ունեցած պատասխանատվությամբ մենք կհասնենք բաղձալի արդյունքների, իսկ անկախության մեր նոր սերունդը սահմանադրականության հաստատման ճանապարհով հայոց հայրենիքը շենացնող հիմնական նեցուկը կդառնա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Միթե դժվար էր այսքանը ասել հեռուստաելութով?????? Թե, դեռ չենք արժանացել Ձերդ Գերազանցության ուշադրությանը?????

  2. Արամ says:

    Անկասկած յուրաքանչյուր երկրի համար սահմանադրությունը պետականաշինության հենասյունն է և ոչինչ չէր խանգարում գործող սահմանադրության հենքի վրա կառուցել մեր երազանքի երկիրը: ՀՀԿ-ի իշխանության, լիսկաների, շմայսների, գալուստ սահակյանների, շարմազանովների, թոխմախի մհերների, Ազգային ժողով սողոսկած պոռոտախոս, ռազմական գործից գաղափար չունեցող գեներալների և բազմաթիվ մեծ և փոքր երկիրը թալանողների ներկայության պայմաններում, Հայաստանում ոչ մի սահմանադրություն չի կարող երկիրը առաջ տանել:

  3. Մարգար Մախսւդյան says:

    Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ:
    Վստահ եմ, որ որքան էլ դժվարացնեմ ձեր անցնելիք ճանապարհը, ձեր համազգային միասնականությամբ, հանդուրժողականությամբ, պատմական մեր տեղի ու դերի խոր ըմբռնումով, ազգի, ժողովրդի և սերունդների առջև ունեցած պատասխանատվությամբ դուք կհասնենք բաղձալի արդյունքների, իսկ անկախության այս նոր սերունդը սահմանադրականության հաստատման ճանապարհով հայոց հայրենիքը շենացնող հիմնական նեցուկը կդառնա, այնպես որ, որքան կարող եք՝ հանդուրժեք ինձ, իմ բազմահազար հաճախորդներով հանդերձ, և որքան հնարավոր է՝ երկար::
    Անսահման համբերություն և տոկունություն եմ մաղթում ձեզ, որ չնայած ղեկավարման մեր ուրույն ձեռագրին, ամեն կերպ գոյատևման:ձեր համառ պայքարում որոշ հաջողություններ ձեռք բերեք:
    / Վայ թեմ ստացվում ա, հա… 🙂 /

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031