«Մենք պարտավոր ենք քայլեր իրականացնել, խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող քայլեր»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա նկատեց, որ ցուցարարները փակել են համապետական թիվ մեկ նշանակություն ունեցող փողոց, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը: Դավիթ Սանասարյանը դիմեց սփյուռքին՝ կանգնել ցուցարարների կողքին եւ բողոքի ակցիաներ կազմակերպել իրենց երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց:
«Մենք բոլորով առաջին շարքը շարունակենք պահել, դա շատ կարեւոր է ժողովուրդ»,- հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին հայտարարությունը եւ բացականչեցին, որ ժողովուրդը նախաձեռնության կողքին է:
Դավիթ Սանասարյանը շարունակեց. «Մենք շարունակում ենք մեր խաղաղ, անկոտրում պայքարը: Անցնում ենք վճռական փուլը, պատրա՞ստ եք: Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն եւ դրա համար սպասում ենք մինչեւ երկուշաբթի ժամը 21:00-ն եւ մեր պահանջներից որեւէ մեկը չկատարվի, ուրեմն՝ սկսում ենք մեր քայլ առաջ բողոքի ակցիան»: Այս հայտարարությունը եւս ծափահարություններով ընդունվեց:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ եթե իրենց պահանջները չկատարվեն երկուշաբթի օրվանից սկսած ամեն օր ժամը 21:00-ին բարիկադ դարձած աղբամանները մեկ քայլ առաջ են շարժելու: Ցուցարարները ծափահարություններով բացականչեցին՝ այո՛:
Նախաձեռնության պահանջներն են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, վերանայել էլեկտրաէներգիայի սակագնի գինը՝ նվազեցնելու միտումով եւ պատժել խաղաղ ցուցարարներին եւ լրագրողներին բռնության ենթարկած ոստիկաններին եւ դադարացնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ