Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթն ու ֆոլաթթուն մեզ մոտ ոչ թե պակաս են, այլ մի բան էլ ավել են». Մելիտա Հակոբյան

Հուլիս 04,2015 15:52

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք դիմել են Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, որպեսզի ակադեմիայի փորձագետների հետ համատեղ քննարկում կազմակերպեն ալյուրի՝ երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու նախագծի հետ կապված: Սակայն հունիսի 12-ին պատասխան են ստացել, որ Գիտությունների ազգային ակադեմիան չունի համապատասխան մասնագետներ մասնագիտական տեսակետ ներկայացնելու համար:

«Բայց հուլիսի 2-ին ես իմ ակադեմիկ ընկերներից տեղեկացա, որ ակադեմիայում այդ թեմայով քննարկում է նախատեսվում, և որոշեցի մեր խմբով և այլ մասնագետներով մասնակցել դրան: Քննարկման սկզբում մի հոգևորական, որին ես տերտեր կանվանեի, ասաց՝ խնդրում եմ այստեղ միտինգային տրամադրություն չստեղծել: Ի՞նչ միտինգ, եթե այստեղ հարցը ողջ ժողովրդին վտանգավոր երևույթից հեռու պահելու մասին է: Մեր մասնագետներին անգամ ձայն չտվեցին ինչ-որ բան ասելու համար: Անգամ չկարողացանք ի նպաստ ալյուրի հարստացման խոսող՝ Ռուսաստանի սննդի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վիկտոր Տուտելյանին ասել, որ եթե դա այդքան լավ բան է, ինչո՞ւ Ռուսաստանում չեն մտցրել, ինչո՞ւ են Հայաստանում փորձեր անում»,- պատմեց Մ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքը միայն մի բան է ցանկանում՝ որ իր՝ սպառողի իրավունքները չոտնահարվեն. «Էլի մեր փոքր ժողովրդի գլխին, որ մի բուռ է մնացել, ուզում են մի օյին խաղալ: Ի՞նչ է, փորձաճագա՞ր ենք ձեզ համար: Անընդհատ ասվում է, որ հղիների համար դա շատ լավ է: Հասկացանք, բայց մեր հանրապետությունում հո միայն հղինե՞ր չեն ապրում»:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանն էլ ընդգծեց, որ իրենք երբևէ դեմ չեն եղել, որ այն մարդիկ, որոնք այդ նյութերի պակասն ունեն, իրենց անհրաժեշտ ծավալով ստանան դրանք. «Ես այդ քննարկման ժամանակ էլ հարց բարձրացրի, թե ինչու է անընդհատ խոսվում միայն պակասի մասին, իսկ ավելցուկի վնասները չեն բարձրաձայնվում: Իմ հարցը, իհարկե, անպատասխան մնաց: Եվ ես առաջարկեցի հեշտագույն մի տարբերակ, այն է՝ հարցին մոտենալ այնպես, ինչպես Ռուսաստանում են դա անում՝ հարստացնել ոչ թե ամբողջ ալյուրը, այլ որոշակի քանակություն, որ մարդիկ ընտրեն՝ որը գնել»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ նյութերը հեշտությամբ կարելի է ստանալ բնական միջոցներով. «Օրինակ՝ չեփված սպանաղը հենց ֆոլաթթու է, որ կա»:

«Այո, մեր մասնագետները եկել են այն եզրակացության, որ երկաթն ու ֆոլաթթուն մեզ մոտ ոչ թե պակաս են, այլ մի բան էլ ավել են. մենք կանաչեղեն շատ ենք ուտում»,- հավելեց Մելիտա Հակոբյանը՝ զգուշացնելով այն վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ օրգանիզմում այդ նյութերի ավելցուկից. «Օրինակ՝ երկաթի ավելցուկն ազատ ռադիկալներ է առաջացնում օրգանիզմում, որն ուռուցքի հարուցիչ է»:

Ի դեպ, Մ. Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ աշնան սկզբին պատրաստվում են գիտաժողով հրավիրել և բազմակողմանիորեն քննարկել այս հարցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. es says:

    https://www.louysworld.com/archives/27291

    Մկան թակարդի, ձրի պանրի և «վիտամինների» մասին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031