Արմավիրի մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքից արդեն մեկ ու կես ամիս է անցել, սակայն որևէ բացահայտում դեռ չի եղել։
ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեք անգամ այցելել է Սննդի անվտանգության պետական ծառայություն, սակայն որևէ բան չի կարողացել պարզել: «Ինձ հետաքրքրում է՝ ով է սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների սննդի բլոկը՝ խոհանոցը: Սննդի անվտանգության պետական ծառայությունից պատասխանում են, որ սերտիֆիկացումը պարտադիր չէ: Մեզ համար դա պատասխան չէ»,- ասաց Արմեն Պողոսյանը։
Նա ենթադրում է, որ դրանք սերտիֆիկացրել են կիսաավազակային կազմակերպություններ. «Անուն չեմ կարող ասել, քանի որ դա իմ ենթադրությունն է, սակայն շատ հիմնավոր: Ինձ համար անունը չէ կարևոր, այլ այն, թե ինչ պայմաններով է նա շահել այդ մրցույթը և ինչ արժանիքների համար»,- նշեց Սպառողների միության նախագահը:
Նրա խոսքով՝ երբ սնունդը բերվում է մանկապարտեզ, պատրաստվում է ճաշ, դրա նմուշը պետք է երեք օր պահվի սառնարանում. «Երբ թունավորման դեպք է գրանցվում, ստուգող է գալիս, որը պետք է համեմատի սառնարանում պահվածը և մատուցված ճաշը՝ հասկանալու համար, թե ինչն է եղել թունավորման պատճառ»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ այս կարգը պետք է լինի ոչ միայն մանկապարտեզներում, այլև բոլոր այն կառույցներում, որտեղ սնունդ է մատուցվում:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ