Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանի փակ լինելը մի տեսակ ինքնանպատակ քայլի է վերածվում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 04,2015 11:24

Նոր նախաձեռնողների կողմից պողոտան փակ պահելը թերեւս մի քանի նպատակ կարող է հետապնդել: Նախ՝ դա, ամեն դեպքում, ակցիայի վայր է, եւ ինչ-որ մի օր կարող է այնպիսի մի բան լինել, ինչը միգուցե նորից մարդկանց կբորբոքի ու «կբերի այստեղ»: Այսինքն՝ դա իրավիճակը լարելու (միտումնավոր կամ ըստ որեւէ իրադարձության) պատրաստի «օջախ» է:

Մյուս կողմից՝ հնարավոր է, նոր նախաձեռնողները, որպես երիտասարդ առաջնորդներ (բացառությամբ, իհարկե, «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանից), կայանալու, ճանաչելի դառնալու խնդիր են լուծում, եւ ակցիայի շարունակվելը նպաստում է դրան:

Ակցիան, իհարկե, կարող է եւ այլ վայրում շարունակվել, հաշվի առնելով, թե որքան են նոսրացել մասնակիցների շարքերը, բայց ակտիվիստները խնդիր են դրել պողոտան փակ պահել: Դա գուցե երիտասարդական քմահաճույք է թվում, կամ գուցե իրենք մտածում են, որ այդպես մեծ անհարմարություն են պատճառում իշխանություններին: Հնարավոր է:
Բայց առայժմ իշխանությունները, մանավանդ այս վերջին օրերին, հասկացնում են, որ իրենց առանձնապես չի հետաքրքրում եւ հուզում՝ ցուցարարները ազատե՞լ են պողոտան, թե՞ ոչ: Եվ Բաղրամյանի փակ լինելը մի տեսակ ինքնանպատակ քայլի է վերածվում:

Երիտասարդ նախաձեռնողները՝ թե՛ հին, թե՛ նոր, թերեւս չեն ուզում ընդունել այն պարզ իրողությունը, որ ինչքան էլ պայքարի մեկնարկին կարեւոր էր հենց իրենց հաստատակամությունը, շարունակության եւ պայքարի թափ հավաքելու հարցում վճռորոշ էր հասարակության գրեթե բոլոր խավերի մեծ ու միասնական աջակցությունն ու անմիջական ներգրավումը: Այսինքն՝ հասարակության, այս դեպքում արդեն ոչ միայն տարբեր խավերի, այլեւ ոչ միայն երիտասարդ քաղաքացիների աջակցությունն ու մասնակցությունն էին, որ թույլ տվեցին որոշակի արդյունքներ արձանագրել:

Բայց հասարակության մի զգալի մասը, ինչպես դժվար չէ դա նկատել, այժմ կողմնորոշված է իշխանության նախանշած քայլերին ու դրանց արդյունքներին սպասելուն: Հետեւաբար ակցիայի նախաձեռնողներն էլ պետք է կարողանային զգալ այդ տրամադրությունն ու տվյալ փուլում փորձեին այլ հարթակներում եւ այլ դրսեւորումներով շարունակել պայքարը:
Այնինչ նրանց մի մասը որոշեց շարունակել նստացույցը: Մի բան, որ կարող էր բերել եւ բերեց նրան, որ այդ ակցիայի հանդեպ հասարակության չասենք՝ վերաբերմունքը, բայց առնվազն հետաքրքրությունը նվազեց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031