Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն Հայաստանի դրոշը

Հուլիս 04,2015 10:00

Չգիտեմ, գուցե ոմանք ինձ «չեկիստ» կամ «ռուսական իմպերիալիզմի գործակալ» համարեն, բայց ես չէի ուզենա, որ Հայաստանը երբեւէ դառնար Եվրամիության անդամ: Թե ինչու եմ այդպես մտածում՝ պետք է երկար բացատրել, միայն ասեմ, որ խնդիրը Ռուսաստանի խանդն ու զայրույթը չէ՝ մեկ ուրիշ անգամ կգրեմ: Իհարկե, պետք էր 2013-ին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որն ի հեճուկս գերակշռող հասարակական կարծիքի՝ ԵՄ անդամության հետ որեւէ կապ չունի: Պետք չէր դառնալ Մաքսային միության եւ ԵՏՄ անդամ` այդ քայլերի քաղաքական եւ տնտեսական վնասներն ակնհայտ են, եւ պարզ է, որ ԵՏՄ-ն որեւէ հեռանկար չունի՝ դա ՌԴ ղեկավարության չմտածված ամբիցիաների արգասիքն է:

Եվրոպական եւ ռուսական մշակույթը ես հարգում եմ հավասարապես եւ համարում եմ, որ դրանք մեկ միասնություն են, որի մեջ մտնում է նաեւ մեր ազգային մշակույթը: Եվրոպայում քաղաքական եւ տնտեսական կյանքի կազմակերպումն այս պահին շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան Ռուսաստանում, եւ մենք Արեւմուտքից շատ բան ունենք սովորելու: Եվրամիությունը՝ որպես կառույց, մեծագույն հարգանքի է արժանի, նրա դրոշը մենք պետք է հարգենք, ինչպես եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ նույնիսկ (գիտեմ, որ շատերը համաձայն չեն լինի) Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: Որեւէ դրոշ այրելու կամ ոտնատակ տալու մասին իմ կարծիքը խիստ բացասական է:

Ուրիշ հարց, թե ինչո՞ւ մեր քաղաքական, հասարակական կամ քաղաքացիական միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որեւէ դրոշ՝ բացի Եռագույնից: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք ապավինում ենք ինչ-որ մի երկրի կամ ինչ-որ մի կառույցի, թե՝ նա մեզ կօգնի մեր խնդիրները լուծել: Այդ սկզբունքային սխալը մենք՝ հայերս, գործել ենք դարեր շարունակ, եւ թվում էր, թե 88-90 թվականների Շարժման ընթացքում այդ բարդույթները հաղթահարվել են, բայց 92-94 թվականների պատերազմի պատճաով մենք կարծես թե ստիպված եղանք այդ սկզբունքներից հրաժարվել եւ վերադառնալ «կողմնորոշման» տրորված ճանապարհին:

Ի՞նչ պիտի այս պահին անի Եվրամիությունը: Էլեկտրաէներգիայի սակագնե՞րը իջեցնի, Հայաստանում ժողովրդավարությո՞ւն հաստատի, իշխանափոխությո՞ւն իրականացնի: Եթե նույնիսկ անի, ապա այդ ամենը կոպեկի գին չի ունենա: Դա մոտավորապես նույնն է, որ հայտնի գրող-հրապարակախոսի ոճով՝ որոշ մարդիկ Ռուսաստանին խնդրում են, որ նա Արեւմտյան Հայաստանը ազատագրի: Է, որ նույնիսկ ազատագրի, հո մեզ համար չի՞ անի, ի՛ր համար կանի: Ուրեմն, ի՞նչ տարբերություն, թե ում տիրապետության տակ են մեր պատմական հողերը, եթե դրանք մեր տիրապետության տակ չեն:

Հետեւաբար իմ կողմից շատ հարգված Պարույր Հայրիկյանը, ըստ իս, սխալ է վարվել, երբ ցուցարարների մեջ գնացել է ԵՄ դրոշներով: Ցուցարարներից ոմանք էլ սխալ են վարվել, երբ այդ գործչի նկատմամբ պատշաճ հարգանք չդրսեւորելով՝ դրոշները քաշքշում ու խլում էին: Պետք էր, ինչպես ասում են ոստիկանները, բացատրական աշխատանք տանել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Աշակերտներս շատ անգամ ինձ հարց տուած են թէ ինչու Արծրունիները դաշնակցած են Քրտերի հետ ընդդէմ Բագրատունիների։ Որքան դժուար եղած է հասկցնել որ այդ դարերուն Հայրենիքէն աւելի նախարարական ընտանիքները ամէն բանէ վեր կը դասուէին։ Հայրենիք-Պետութիւն-Ցեղային պատկանելիութիւն շատ աւելի ուշ դարերուն ձեւացած են- արեւմուտքի մէջ-Հռոմայեցիները լաւ առակ մը ունէին եւ կը սիրէին կրկնել HISTORIA EST MAGISTRA VITAE (Պատմութիւնը կեանքի դաստիարակ է )։Մենք ալ ունեցած ենք մեր ռոմանթիք դարաշրջանը յոյսերնիս կուրօրէն դնելով
    արեւմուտքի-Ռուսաստանի կամ Երիտ-թուրքերու վրայ։Ամէնքն ալ առաւել կամ նուազ չափով դաւաճանած են պատճառ դառնալով մեր կոտորածներուն եւ ի վերջոյ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ։
    Սակայն մենք բոլոր միւսներուն վրայ ունինք ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆ մը ՝ Մեր Լեզուն եւ Կրօնքը
    մեր Միասնականութեան համար Շատ մեծ դեր խաղացած են եւ կը խաղան-ոչ մէկ այլ ազգ ունի այս
    յատկութիւնը։ Հիմա արդիականութեան ՍԽԱԼ շարժում մը կայ արհամարհելու Եկեղեցին եւ Եկեղեցականը առանց մտածելու անոր քայքայիչ հետեւանքներուն մասին։Հակակրօնական ռէժիմէ դուրս ելած Եկեղեցի մըն է մերինը որ ժամանակի կը կարօտի իր իսկական կոչումին մէջ մտնելու եւ մենք պարտաւոր ենք օգնել այս ընթացքը արագացնելու եւ չենք ուզեր ամբողջովին քայքայուիլ։

  2. Ալեքսանդր says:

    Կարծում եմ, որ Հայրիկյանը իրավացի էր՝ Մայդանի ընդամենը ՊԱՏՐԱՆՔ ստեղծելով: Քանի դեռ Ռուսաստանը և իշխանությունները 100%- ով համոզված են, որ Մայդանը բացառվում է, Ոչ թալանին նախաձեռնությունը ավելի մեծ արդյունքի, քան ստացել է, չի հասնի:

  3. Մհեր says:

    Այդ երկրների դրոշները ոչ միայն պետք չէ այրել, այլ պետք է ընդունել որ նրանցից ոչ մեկը մեղավոր չէ մեր երկրում ստեղծված իրավիճակի համար: Մեղավոր ենք մենք , որ 4 տարի 364 օր ենք ընդդիմադիր, իսկ էն մեկ օրը բարևելով վազում ենք Հայաստան, միակ մարդուն որը ներկայացնում է ծրագիր և մշտապես խոսում է ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ունենալու անհրաժեշտության մասին տալով 30000 քվե: Պարոն Աբրահամյան ինչ է փոխվել մեր մեջ, որ 2000 տարի նորմալ պետություն չենք կարողացել ստեղծել հանկարծ հիմա պիտի կարողանանք:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, կուզեի մի փոքրիկ փաստարկ բերել Հայրիկյանի օգտին, որը թերեվս ցույց է տալիս որ Պետրոս ցարից հետո «Ռսի ոտը օրհնելը», հատկապես այս օրերին այքան էլ այժմեական չէ…

    https://joinfo.ua/inworld/1102955_Zastav-duraka-Bogu-molitsya-Ufe-preddverii.html

    էդպես էլ Ռուսաստանում «ճանապարհներ» չկարողացան կառուցել…

  5. Մարդ says:

    «Չգիտեմ, գուցե ոմանք ինձ «չեկիստ» կամ «ռուսական իմպերիալիզմի գործակալ» համարեն, բայց ես չէի ուզենա, որ Հայաստանը երբեւէ դառնար Եվրամիության անդամ: »
    Աղվեսի եվ խաղողի պատմությունը դառավ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031