Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատությո՜ւն աղբամաններին…

Հուլիս 04,2015 02:36

Մինչ ասելիքս սկսելը, ուզում եմ հայտարարել, որ սա բացարձակապես, միայն եւ միայն իմ անձնական կարծիքն է, չի հանդիսանում «Առավոտի» խմբագրակազմի եւ առավել եւս՝ գլխավոր խմբագրի տեսակետը: Միանգամից ասեմ, որ շատ հավանական է, որ ողջ խմբագրությունը ունի ճիշտ հակառակ տեսակետը՝ չեմ հարցրել, եւ չեմ էլ պատրաստվում հետաքրքրվել, մեզ մոտ բոլորն ունեն սեփական կարծիք՝ տարբեր բաների մասին, եւ դա շատ ողջունելի է:

Ու քանի որ սա անձնական կարծիք է, դրա համար գրում եմ «Նոթատետր» բաժնում, որտեղ, հիշեցնեմ, «Առավոտի» լրագրողները գրում են անձնական, սեփական կարծիքներ: Բնականաբար, կարող էի գրել կեղծանունով եւ հրապարակվել «Հայդ պարկ» բաժնում, որտեղ հրապարակվում են բոլոր հավանական եւ անհավանական տեսակետները՝ ամենատարբեր մարդկանց կողմից գրված: Սակայն ամենեւին իմաստ չեմ տեսնում կեղծանունով որեւէ բան գրելու մեջ, անգամ եթե այդ գրածս դուր չի գալու շատ-շատերին, եւ քարկոծումների առիթ է տալու:

Խոսքս վերաբերում է Բաղրամյան պողոտայում «հերոսաբար մնացած» մարդկանց: Որեւէ հերոսություն համառության մեջ, այն էլ՝ չտրամաբանված, չհիմնավորված, չեմ տեսնում եւ երբեք չեմ տեսել: Ասել, որ «չնայած ամեն ինչին՝ նրանք մնացին Բաղրամյանի վրա, ինչպես խոստացել էին», ինձ համար նշանակում է՝ նսեմացնել այդ մարդկանց մտածելու ունակությունը. «ասել են՝ պիտի անեն», անկախ այն բանից՝ դրա կարիքը կա՞, թե՞ ոչ, իմաստ, արժեք, հետեւանք ունի, թե՞ ոչ:  Առ այս պահը որեւէ հիմնավորված կարծիք, թե ինչո՞ւ են մինչեւ հիմա պողոտան փակ պահում, չեմ լսել: Առ այսօր որեւէ փաստարկված վերլուծություն, թե դա ինչ լավ բանի կհանգեցնի՝ չեմ լսել:

Միակ հիմնավորումը համառությունն է: Չեմ հիշում, որ երբեւէ համառությունը, կամ, որոշ դեպքերում՝ կամակորությունը, հերոսացման հիմք լինի: Եվ չեմ հիշում որեւէ պայքար, երբ խելամիտ դադարը կամ նահանջը՝ ուժ հավաքելու, մտածելու, ռազմավարական եւ մարտավարական ուղիները գծելու, շտկելու, մշակելու, ի վերջո, հանգստանալու համար, զիջվի համառ «միայն առաջ» կոչին:

Ներողություն եմ խնդրում հերոսանալու համար Բաղրամյանի վրա համառորեն եւ, ըստ իս, ինքնանպատակ մնացողներից, բայց «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի հանգույն կառչած մնալ մի քանի աղբամանից, հերոսություն չեմ համարում, այլ մանկական կամակորություն: (Ժողովրդական խոսքը նման համառության մասին ասում է՝ «էգ ես՝ ծնի, որձ ես՝ ծնի», այսինքն՝ ինձ չի հետաքրքում՝ ինչպե՞ս, ի՞նչ ձեւով, հնարավո՞ր է, թե անհնար, բայց արա ուզածս):  Եթե, իհարկե, այդ ամենի հետեւում չկա բոլորի աչքից հեռու, գաղտնի մի սցենար, ինչի մասին, ըստ որոշ վերլուծաբանների, վկայում է իշխանությունների չափից դուրս լոյալությունը աղբամանների եւ նրանց տիրակալների հանդեպ: Բայց այդ դեպքում առավել եւս՝ որեւէ հերոսություն չկա, այլ միայն՝ մերձիշխանական խաղեր: Թեեւ, անկեղծ ասած, անձամբ ես այս կարծիքը չեմ կիսում: Ըստ իս, իշխանություններն էլ իրենց «էշն են քշում»՝ չենք մոտենալու, չենք ճնշելու, ինչքան ուզում եք՝ մնացեք այդտեղ, «տեսնենք ով առաջինը կթարթի» խաղի ձեւով: Առավել եւս, որ իմ տպավորությամբ (այ դրա հետ շատերն են համաձայն), Բաղրամյանից այդ մի քանի համառների չհեռանալով, արժեզրկվում, էժանանում, անհամանում է այն գեղեցիկ, ոգեշնչող, ոչ մի բանի չնմանվող, մեծագույն էներգետիկայով լեցուն շարժումը, որ կար առաջին շաբաթը:

Գուցե շատ ցինիկ հնչի, բայց Բաղրամյանից վերջին մի քանի օրերին ստացվող լրահոսում ինձ հուզում է աղբամանների ճակատագիրը. ի վերջո, խեղճ աղբամաններին հակառակ իրենց կամքի են բերել, շղթայել եւ ստիպել, որ լրիվ այլ դեր խաղան՝ բարիկադների:

Ազատությո՛ւն շղթայված աղբամաններին…

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    Նորմալ մարդու կարծիք:
    Համաձայն եմ ամբողջովին:

    Հ.Գ. հավատալս չի գալիս. որ սա կարդում եմ “Առավոտ”-ում
    🙂

  2. Roubina Ohanian says:

    Էս ինչ համով մարդիկ կան Հայաստանում… Լսել էի միայն գյումրեցիների մասին, բայց, ըստ երևույթին, բոլորն են համով…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031