Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռչում է ջահելության` այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ պատմությանը չես թողել ոչ մի պայթուցիկ, այլ մաքրել ես քեզանից առաջ եւ քո ճանապարին դրված ականները: Եվ դեպի ներս փլվող լուռ մատուռի նման հառում ես հայացքդ լուսավոր անդին` հաստատ իմանալով, որ Նա նույն տեղում է, եւ իզուր չես հայացքիդ հետ մեկնում ձեռքդ, քանի որ անվարան գիտես, որ դու հեռացողը չես, այլ մնացողը քո իսկ ստեղծած խոսքի Հայրենիքում, որը քեզանից հետո եկողների ապրելու Տունն է նաեւ…
Եգիպտական փարավոններն այնքան էին արժեւորում իրենց ծագումն ու արյան աստվածային սկիզբը, որ չէին կարողանում հարսնացու ընտրել իրենց ապագայում փարավոն զավակների համար եւ ամուսնացնում էին հարազատ քույրերի հետ` չմտածելով, սակայն, որ արյունապղծությունը տանում է արյան մահվան:
Այնինչ, հին աստվածներից ոչ մեկը այդ հիվանդության բուժման դեղատոմսը չգիտեր, եւ փարավոնները մահացան` իրենց հետ տանելով նաեւ իրենց աստվածներին, եւ մնաց այն, ինչ մնացել է Սվինքսի հողմահար հայացքի առջեւ ու պատկերագրերում ապրող իրենց Հայրենիքը` խոսքի մեջ:
Ինչ ուրախություն, որ Օրիոնի հիշողություն պահած մեր ցեղը փարավոնյան հիվանդություն չունեցավ եւ ղեկավարեց հնագույն աշխարհը, ստեղծեց երկաթը, բրոնզը, գինին, առաջինը վարժեցրեց Հազարանուն ձիուն եւ ստեղծեց մարտակառքն ու այրուձին, ստեղծեց ու տվեց ժողովուրդներին` հեռու եւ մոտիկ:
Եվ իր ստեղծածի նեղվածքի մեջ սրտնեղած արդեն քանի անգամ դուրս եկավ իր Հայրենիքից եւ գնաց ուրիշների համար պետություններ կառուցելու` միայն իր կենդանի խոսքը թողնելով Հայրենիքում:
Կարդացեք նաև
Իսկ Խոսքն այդ ասում է.
– Աշխարհի որ եզերքում էլ լինես, մի՛ ուրացիր Արարատը: Հիշի՛ր, որ դու ես ստեղծել Մարդու երկիրը, եւ քո երկրի փոշուց է, որ Աստված ստեղծեց Ադամին: Քո երկրում էր, որ մարդկությունը տապան դարձած փրկվեց մեղսածուփ աշխարհից: Հիշի՛ր, որ աշխարհը ծերացող է, այդ դու ես միակը, որ երիտասարդ ես հավերժական:
Եվ ժամանակն է, որ քո երիտասարդ ոգու ուժը հավաքես Օրիոնի փայլի տակ եւ ամուր կանգնես ադամափոշի քո հողի վրա: Ու թույլ մի՛ տուր, որ դրսից ղեկավարեն քեզ` ով էլ լինի այդ հավակնորդը, եւ հիշիր՝ ինչպես ժամանակներ առաջ էիր դու ղեկավարում աշխարհը, այդպես էլ վաղն ես ղեկավարելու` միայն թե այս անգամ տեսանելի ղեկավարությամբ: Եվ զգույշ հնչեցրու խոսքը քո եւ քո եղբոր միջեւ, քանի որ խոսքի ազատությունը բոլորովին էլ խոսացողի ազատությունը չէ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2015