Թեեւ առողջապահության մասնագետները վստահեցնում են,
որ միրգը կամ բանջարեղենը չեն կարող իրենց մեջ հարուցիչներ աճեցնել
Արմավիրի մարզում աղիքային վարակներով հիվանդանոց տեղափոխվելու հաճախակի դարձած դեպքերը առողջապահության նախարարության մասնագետները նորմալ են գնահատում եւ վստահեցնում, որ դեպքերի թիվը սովորականից ավելի չէ, եւ որ նախորդ տարիների ցուցանիշները չեն գերազանցվել:
Չնայած մասնագետները նշում են, որ դեպքերի հիմնական պատճառը սխալ սննդակարգն է եւ հիգիենայի ոչ պատշաճ պահպանումը, այդուհանդերձ՝ որոշ մասնագետներ գտնում են, որ խնդիրը նաեւ բնապահպանական հարթության մեջ է:
«Առավոտի» հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը կարծիք էր հայտնել, որ վերջերս հանրապետությունում, մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրում արձանագրվող աղեստամոքսային վարակների դեպքերը, շատ հնարավոր է, աղտոտված ջրի հետեւանք են:
Կարդացեք նաև
Արարատյան դաշտավայրում շրջայց կատարելու ժամանակ տիկին Դանիելյանը նկատել է, որ գյուղացիները այգիները ջրում են կոյուղաջրով. «Ուր գնում էինք, ասում էին՝ ջուր չկա, մեզ ջուր չի հասնում, եւ մարդիկ ելքը գտել էին. ծակել էին կոյուղաջրի խողովակը եւ այդ կեղտաջրերով ոռոգում էին այգիները, դաշտերը: Արդյունքում մենք ստանում ենք վտանգավոր սնունդ, հստակ ասել չեմ կարող, բայց վերջերս Արարատյան դաշտավայրում որ այդքան բռնկումներ են լինում, աղեստամոքսային խնդիրներով մարդկանց տեղափոխում են հիվանդանոց, ի՞նչ գիտենք, որ պատճառը դա չէ»:
Տիկին Դանիելյանի խոսքերով՝ գյուղացու խնդիրներն առաջացել են Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերն անխնա օգտագործելու պատճառով: Նրա խոսքերով՝ «արտեզյան ջրերը հազարամյակներով օգտագործվել են, սակայն ավազանն այսպես չի սպառվել, ինչպես որ այս վերջին 10 տարվա ընթացքում խմել են»:
Տիկին Դանիելյանի մտահոգության առնչությամբ դիմեցինք առողջապահության նախարարության ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցին:
Կոյուղաջրերով այգիներն ու դաշտերը ոռոգելը կարո՞ղ է դառնալ ինֆեկցիաներով վարակվելու պատճառ՝ «Առավոտի» հարցին տիկին Բակունցն ասաց, որ այդ հարուցիչները շրջապատում, բնության մեջ տարածված են. «Դրանք ե՛ւ հողում, ե՛ւ ջրում, ե՛ւ կենդանիների, թռչունների օրգանիզմում, ամենուրեք կարող են լինել: Իհարկե, կոյուղու ջուրն ավելի կեղտոտ է, քան ոռոգման ջուրը, բայց կարող է կոյուղու ջուր չլինի՝ ոռոգման ջուր լինի, հավի կամ մեկ այլ թռչնի ծերտով աղտոտվի: Կամ էլ թռչունը նստի եւ աղտոտի միրգը, բանջարեղենը: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս միրգը, բանջարեղենը շատ մաքուր լվանալ օգտագործելուց առաջ: Ընդ որում, միմիայն մաքուր, ջրամատակարարման համակարգի ջրով, այլ ոչ թե կողքի առվի ջրով: Ձեռքերն էլ պետք է օճառով լվանալ»:
Նունե Բակունցը վստահեցրեց, որ կոյուղաջրով ոռոգելիս ջրում եղած վարակները, չեն անցնում մրգի կամ բանջարեղենի բաղադրության մեջ. «Կոյուղաջրով ջրելուց մեկ ժամ հետո այդ հարուցիչները արեւի լույսի տակ ոչնչանում են, բացի այդ, դրանք չեն անցնում մրգի, բանջարեղենի մեջ եւ միայն կարող են արտաքին մակերեսին նստել: Մրգի մեջ վարակը չի աճում եւ միայն փչացած, ճաքած մրգի մեջ կարող է զարգանալ կամ այն մրգերի, որոնց մակերեսը բաց է, օրինակ՝ եթե թթի մակերեսն աղտոտվեց, ինքն էլ ճխլվեց, հյութը դուրս եկավ, արդեն պատրաստ է:
Մսի, կաթի մեջ հարուցիչն աճում է, բայց մրգերի կամ բանջարեղենի մեջ՝ ոչ»:
Տիկին Բակունցը նաեւ ասաց, որ հողը որոշակի ժամկետի ընթացքում ունի ինքնամաքրման հատկություն, այսինքն՝ հողում եղած տարբեր օրգանիզմները սկսում են իրար ուտել, եւ այդ ճանապարհով հողը մաքրվում է. «Ջուրն էլ ունի այդպիսի հատկություն, այդ օրգանիզմները մեկը մյուսով էլ սնվում են»:
Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը մեզ հետ զրույցում նույնպես հավաստեց, որ կոյուղաջրով ոռոգելիս այդ հարուցիչները չեն անցնում մրգերի, բանջարեղենի բաղադրության մեջ, եւ այդ հարուցիչները մարդու օրգանիզմ կարող են թափանցել կեղտոտ ձեռքերից, սնունդն առանց լվանալու օգտագործելուց, միրգը, բանջարեղենը կեղտոտ տարաներով տեղափոխելուց եւ այլն. «Կոյուղաջրով ոռոգելը դրսից է աղտոտում, բայց ներսից վնաս չի տալիս: Միրգը կամ բանջարեղենը չեն կարող բակտերիա աճեցնել»:
«Առավոտի» այն հարցին, թե առողջապահության պատասխանատուների համար մտահոգիչ չէ՞ կոյուղաջրով այգիները ոռոգելու փաստը, հատկապես, որ այն մեծացնում է վարակը տարածելու ռիսկը, Նունե Բակունցն ասաց. «Իհարկե, մտահոգիչ է: Մենք բազմիցս տեղում լինելով՝ բացատրում ենք, թե ինչ հետեւանքներ կարող են լինել: Կոյուղու հետ կապված՝ պետք է համապատասխան տարածքային մարմինները վերահսկեն: Կոյուղու ջուրը պետք է գնա մաքրվի, հետո՝ վարակազերծվի, հետո նոր, եթե նորմալ մաքրվի, կարելի է օգտագործել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2015