Որդեգրման գործառույթին առնչվող բոլոր
փաստաթղթերը հատուկ հաշվառման են ու ոչնչացման ենթակա չեն
Ս.Պ.-ն 2013թ. փետրվարի 2-ին դիմել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ծննդաբերելուց հետո իր աղջիկ երեխայի անհետացման հաղորդմամբ:
Նա հայտնել է, որ 2000թ. փետրվարի 16-ին բժշկական կենտրոններից մեկում՝ ծննդատանը երեխայի ծնվելուց հետո նրա ծնունդը գրանցվել է Աջափնյակ -Դավիթաշեն ստորաբաժանումում, տրվել է ծննդյան վկայական:
Ս.Պ.-ն եղել է անչափահաս:
Ըստ նրա հաղորդման, օգտվելով հենց այդ հանգամանքից, ծննդատան պաշտոնատար անձինք նրան հավաստիացրել են, թե 1 կգ 800 գրամ երեխան «չի ապրելու», թերհաս է, եւ առանց իր հարազատների մասնակցության, հորդորել են երեխայից հրաժարվելու մասին:
Մայրը հետագայում իմացել է, որ երեխային «վաճառել» են, եւ ապա՝ որդեգրել: Թե ով, մինչ օրս հայտնի չէ, թե ինչ հիմքերով՝ դարձյալ պարզված չի:
Կարդացեք նաև
Ըստ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանի, ութ ամիս ոստիկանությունը նախապատրաստել է նյութեր քրեական գործ հարուցելու համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ քննիչ Ս. Մարգարյանի որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ ծննդատան պատասխանատուների նկատմամբ չի իրականացվել քրեական հետապնդում:
Այս գործով Ս. Պ.-ի ներկայացուցիչը դիմել էր համայնքի դատախազին, ապա ՝ գլխավոր դատախազին, դիմել վերադաս ատյանի դատարաններ՝ բողոքարկելով քննիչի նշյալ որոշումը:
Ի դեպ, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բողոքը բավարարել էր: Կրկին հարուցվել էր քրեական գործ:
Վերաքննիչ դատարանը հետագայում բողոքը մերժել էր:
Ըստ քննիչի որոշման, Ս. Պ.-ի անչափահաս լինելու մասին բժիշկները տեղյակ չեն եղել, իսկ երեխայի որդեգրումն էլ կատարվել էր 2000 թվականի մայիսի 11-ին՝ Աջափնյակի թաղապետարանի «Ամուսնության եւ ընտանիքի մասին» ՀՀ օրենսգրքին համապատասխան:
Երիտասարդ մոր տեղեկացմամբ, թաղապետարանում առկա չի իր կողմից երեխայից «հրաժարվելու» մասին փաստաթուղթը, առանց որի հնարավոր չպիտի լիներ որդեգրման գործառույթ իրականացնելը:
Մինչդեռ, որդեգրման օրինականության կապակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Փաստաբան Մարատ Կոստանյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Վճռաբեկ դատարանը բողոքը թողել է առանց քննության, պատճառաբանելով, թե բողոքը մեկ անգամ վերադարձվել էր, տրվել տասնհինգօրյա ժամանակ՝ խախտումները վերացնելու համար, մինչդեռ դրանք չեն վերացվել:
Խախտումների հետ կապված՝ Մ. Կոստանյանն ասում է, որ «ցավոք, դրանք զուտ տեխնիկական վրիպակի պատճառով» դուրս են մնացել բողոքից, եւ պետք է մատնանշեին մի քանի հանգամանքներ:
Խոսքը Ս.Պ.-ի անչափահաս լինելու մասին ծննդատան բժիշկների հայտարարությանն է վերաբերում, որ իրենք տեղյակ չեն եղել այդ մասին, մինչդեռ, ըստ փաստաբանի, բժիշկների կողմից տրված, ծննդատան կնիքով ու ստորագրությամբ հաստատված է Ս.Պ.-ի ծննդյան թիվը, ամիսը, օրը: Քննիչն իր որոշման մեջ հայտնել էր, որ որդեգրման փաստաթղթերը չեն պահպանվել:
Մ. Կոստանյանը հակադարձում է, պատասխանելով՝ «վաղնջական ժամանակներից սկսած՝ որդեգրման գործառույթին առնչվող բոլոր փաստաթղթերը համարվում են հատուկ հաշվառման փաստաթղթեր ու ոչնչացման ենթակա չեն»:
Քրեական գործի նախաքննության ժամանակ Ս.Պ.-ն հայտնել էր նաեւ, որ ծննդատան բժիշկն իմացել է իր անչափահաս լինելու մասին, ավելին, իրենից այդ ժամանակ պահանջել է գումար, որպեսզի ներկայացնի չափահաս, մինչդեռ, ճանաչված բժիշկը հերքել է այդ ամենը:
«Գործի ընթացքում նույնիսկ առերեսում չի կատարվել, այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական, գործի լուծման համար առանցքային համարվող հակասություններ: Հետեւաբար, հանգել հիմնավորված, ճիշտ քրեաիրավական գնահատականների, անհնար է»,-ասում է իր երեխային մինչ օրս փնտրող մոր ներկայացուցիչը:
Առերեսումը, Մ.Կոստանյանի կարծիքով, մոր եւ բժշկի միջեւ չի կատարվել մի պարզ պատճառով. քննիչը նպատակ չի ունեցել բացահայտել ողջ ճշմարտությունը:
Դատական գործընթացների ժամանակ մորը չի տրվել որոշ փաստաթղթեր, պատճառաբանել են, թե կխախտվի «որդեգրման գաղտնիությունը»: Մինչդեռ, նման փաստաթուղթ ներկայացվել է քննիչին նույն ծննդատան բուժանձնակազմի կողմից, երբ բժիշկները նման իրավասություն չունեին, եւ որդեգրման գաղտնիքը հասու չպիտի լիներ նրանց:
Որդեգրման որոշման համաձայն, ծնված երեխան որդեգրման ժամանակ եղել է մոտ երեք ամսական: Մայրը «հրաժարվել» է ծնվելուց երկու օր հետո:
Հետեւաբար, մինչ երեխայի որդեգրումը, երեխան գտնվել է խնամակալության մարմնի ներքո, բնականաբար, չէր կարող մնալ երեք ամիս առանց խնամքի:
ՀՀ ամուսնության եւ ընտանիքի մասին օրենսգրքի համաձայն, եթե երեխան գտնվում է խնամակալության ներքո, ապա որդեգրման համար անհրաժեշտ է նաեւ խնամակալի կամ ծնողների գրավոր համաձայնությունը: Կա՞ նման համաձայնություն, պարզվում է՝ ոչ:
Փաստաբանը երրորդ անգամ է դիմում ՀՀ վճռաբեկ դատարան, խնդրում է հաշվի առնել իր վստահորդի անկանխատեսելի ծանր հուզական վիճակում հայտնվելու փաստը: Դատարանը, ըստ նրա, գնահատական պիտի տա Ս.Պ.-ի խեղված ճակատագրի համար, հնարավորություն ընձեռի մեղավորներին պատժի ենթարկելու եւ այդօրինակ հանցագործությունների կանխմանը, դատարանների հեղինակության աճմանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2015