Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ երգչուհին՝ Կաբալիեի, իր խենթ Ազուչենայի եւ Հայաստանի մասին

Հուլիս 04,2015 13:00

Շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը «փակագծեր» բացեց

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում է հայտնի շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը: Նրա ելույթը նախատեսված է հուլիսի 4-ին: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին նշեց, որ գալահամերգի ծրագիրը երեքով են կազմել՝ ինքը, Դավիթ Բաբայանցը եւ Լիպարիտ Ավետիսյանը: Հավելեց, որ փորձել են հնարավորինս մատչելի նյութ «հրամցնել» հանդիսատեսին՝ կհնչեն արեւմտաեվրոպական կոմպոզիտորների օպերային արիաներ, դուետներ, տերցետներ: «Շատ ուրախ եմ, որ ընկերներիս հետ եմ հանդես գալու նույն համերգի ժամանակ: Լիպարիտ Ավետիսյանի հետ Լոնդոնում կազմակերպված «Հայաստանի տաղանդներին» էլ եմ մասնակցել, իսկ Դավիթ Բաբայանցը իմ վաղեմի գործընկերն է»,- ասաց մեցցո սոպրանոն:

Մեր դիտարկմանը, որ երկար տարիներ լուսահոգի Աննա Մանդալյանն իր կոնցերտմայստերն է եղել, կարողացե՞լ է նման ներդաշնակ համագործակցություն գտնել, լուծվե՞լ է, արդյոք, խնդիրը: «Ինձ թվում է՝ այդ խնդիրը միգուցե չլուծվի, որովհետեւ Աննային փոխարինող այդպես էլ չեմ կարողանում գտնել, չկա……Իմիջիայլոց, մինչ Աննա Մանդալյանին հանդիպելը շատ դաշնակահարների հետ եմ աշխատել, բայց հենց իրեն հանդիպեցի ու գտա ներդաշնակ համագործակցություն, մենք ընդամենը հայացքով իրար հասկանում էինք: Կրկնում եմ, շատ լավ դաշնակահարներ կան, բայց Աննա Մանդալյանի հետ այլ կերպ էր մեր աշխատանքը ստացվում»,- պատասխանեց Վարդուհի Խաչատրյանը:

Հարցրինք՝ ինչո՞ւ է Հայաստանում կազմակերպվող փառատոներից նախընտրությունը տալիս միայն դասական երաժշտության «Վերադարձի փառատոնին» եւ «Ազգային պատկերասրահին»: «Նախ այլ առաջարկներ չեմ էլ ստանում Հայաստանից: Ինչ վերաբերում է «Վերադարձի փառատոնին» եւ «Ազգային պատկերասրահին», շատ եմ սիրում երկու փառատոները եւ դրանց կազմակերպիչ Մարիամ Շահինյանին ու իր արած գործը: Հաճույքով եմ աշխատում իր հետ: Նույնիսկ Եվրոպայում լինում է, երբ փառատոնի եմ մասնակցում կամ կոնտրակտ եմ ունենում, վերադառնալուն պես մտածում եմ, որ այդ մարդկանց հետ այլեւս չեմ աշխատի»,- հայտնեց երգչուհին:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ազգային օպերային թատրոնի խաղացանկի աշխուժությանը, երգչուհուն հարցրինք՝ իրեն ո՞ր ներկայացումներում է տեսնում: «Խաղացանկն ինչքանով որ աշխուժացել է, բոլորի մեջ էլ ինձ տեսնում եմ: Ժամանակին երգել եմ բոլոր ներկայացումներում, բացի «Ալեկոյից»: Ի դեպ, «Կարմենում», որի պրեմիերան շուտով լինելու է, ես երգել եմ, էլի Արմեն Մելիքսեթյանի բեմադրածն էր»,- կարծում է Վարդուհի Խաչատրյանը:

Խնդրեցինք իր ստեղծագործական կյանքի ընթացքում պատահած որեւէ հետաքրքիր դրվագ պատմի: «Իսպանիայում «Տրուբադուր» օպերայում Ազուչենա էի երգում, այնտեղ դրվագ կա, որ ինձ բռնում-տանում են, գնչուհի հերոսս զայրանում է ու պետք է թքի տանողի վրա: Ամեն անգամ ձեւացնում էի թքելը, բայց ինձ տանողի ռեակցիան այդպես էլ բնական չէր լինում, չէր կարողանում լավ խաղալ: Պրեմիերայի օրը, այնպես ստացվեց, որ իսկապես թքեցի այդ մարդու վրա ու իր մոտ շատ լավ ստացվեց խաղը, բեմադրող ռեժիսորն ասում էր՝ խնդրում եմ, ամեն անգամ իրականում թքիր»,- ժպտալով պատմեց երգչուհին: Հիշեց նաեւ Մոնսերատ Կաբալիեին նվիրված մի համերգ՝ «Մոնսերատը եւ իր ընկերները» խորագրով. «Մտածեցի, որ եթե Կաբալիե, ուրեմն պետք է իսպանական գործ տանեմ, որոշեցի սարսուելա երգել: Հարցազրույցի ժամանակ լրագրողին ասացի մտադրությանս մասին, այնտեղ ինձ զարմանքով ասացին՝ տեղյա՞կ եք, որ Կաբալիեն ընդհանրապես չի սիրում սարսուելա..»:

Վարդուհի Խաչատրյանը հավելեց, որ երեխաներն արդեն մեծացել են ու ինքը կարող է ավելի լայն գործունեություն ծավալել: 2011-ին նա ստեղծել է Հայ-շվեյցարական մշակութային կազմակերպություն, որի առաքելությունն է հայ երաժշտությունն ու հայ երաժիշտներին Եվրոպայում քարոզելը: Կազմակերպությունը պատրաստվում է առաջիկայում «արտահանել» հայկական որակյալ ջազը նույնպես:

Երգչուհուց տեղեկացանք, որ սեպտեմբերի 29-ին հանրահայտ «Արենա դի Վերոնա» ամֆիթատրոնում կայանալիք շքեղ համերգին, իրենից բացի, մասնակցելու են այլ հայեր՝ Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը: Նրա ձեւակերպմամբ, 3D լուսավորությամբ, երաժշտական տարբեր ժանրեր ու ոճեր ընդգրկող շոուին ներգրավված են Գառուն, Լուիս Միգելը, էստրադային եւ դասական ոլորտի այլ աստղեր:

Վարդուհի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է կարոտում Հայաստանը, այս անգամ, բարեբախտաբար, մեկ շաբաթ ունի հայրենիքը վայելելու համար, կայցելի նաեւ Արցախ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031