Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարենցն ու Մանսուրյանը սրանց արժեքը չեն»

Հուլիս 04,2015 12:30

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝
Բաղրամյանի ցույցի, ոստիկանների ու մշակույթի կրողը լինելու մասին

Օրերս «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել. «Չարենցն ու Մանսուրյանը սրանց արժեքը չեն: Սրանք մեր մշակույթի կրողը չեն: Սրանք այսօր զավթիչ են՝ հայերենի վատ իմացությամբ: Հիմա որ դինամիկից հնչեր ադրբեջանական մուղամ, հաստատ չէին անջատի…»: Նա նկատի ունի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ արդեն 11 օր շարունակվող ցույցը խոչընդոտողներին:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Երբ ծնվում է մարդը, էդ օրվանից ոչ միայն ծնողները, այլեւ կյանքն է սկսում նրան դաստիարակել: Իսկ դաստիարակություն ասվածը սահմանափակումների ու հնարքների բազմություն է, ինչը որ ինտեգրես, կդառնա մշակույթ»: Հիշեցրեց, որ քրիստոնեական մշակույթի տարրերն են պատվիրանները, դրանցից բխող կանոնները ու հավելեց. «Մշակույթը մի կողմից դաստիարակության նման մի բան է, այն սովորեցնում է, հղկում մարդուն, մյուս կողմից՝ սահմանափակումներ անում, անգամ տաբուներ դնում, որպեսզի մշակույթի կրող ներկայացուցիչը (նկատի ունի ոստիկանությանը) էդ նույն հանրության հանդեպ գործի միայն լավը, բարին ու գեղեցիկը»:

6666
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ոստիկանության փորձին՝ խլել բարձրախոսը, որը սփռում էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ Տիգրան Մանսուրյանի գրած հիմնը, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Հիմնը իմ աչքի առաջ սկսեց ժողովրդին հզորացնել, մարդկանց մեջքը նույնիսկ սկսեց ուղղվել: Մյուս կողմի համար, հասկանալի է, որ դա ամպրոպի նման մի բան էր, որ պարզապես վախ էր առաջացնում»:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ իր խոսքերով՝ օրը ցերեկով անակնկալի եկա. «երկու կողմում էլ հայեր են՝ ՀՀ քաղաքացիներ, բայց երկու տարբեր մշակույթի կրողներ: Մի մշակույթը, որ ձեւավորվել է Խորհրդային Ադրբեջանում, մյուսը՝ 1990-ականներից սկսած՝ քրիստոնեադեմոկրատական Հայաստանում»:

Charenc
Զրույցի ընթացքում «Անտարեսի» նախագահը մտովի տեղափոխվեց Մյունխենում սովորելու իր տարիները: «Ուսանելու տարիներին երկու արաբ համակուրսեցիներիս հետ հաճախ գնում էինք գարեջուր խմելու: Ավարտելուց հետո ինձ Հայաստանից մեկ շիշ կոնյակ ուղարկեցին ու, բնականաբար, փոքր չափաբաժնով բոլոր համակուրսեցիներիս հյուրասիրեցի: Խմեցին, իրենց գոհունակությունը հայտնեցին, ասացին, որ նման հաճելի բուրմունքով դեռ ոչ մի ոգելից խմիչք չէին ըմպել եւ այլն: Նկատեցի, որ երկու արաբ համակուրսեցիներս չխմեցին: Հասկացա, որ նրանք Ղուրանի կանոն չեն խախտում, հարիր չէ ոգելից խմիչք օգտագործելը, թեեւ, կրկնում եմ՝ նրանք առանձին-առանձին ինձ հետ լավ էլ խմում էին: Ասել կուզեմ, որ արաբները իրենց ամոթի՝ իսլամական մշակույթի կրողներ են: Սա դեռ մի կողմ: Ախր մենք պիտի որ լինենք խղճի մշակույթի կրողները: Հաճախ էլ մեր երեխաներին դաստիարակելիս հորդորում ենք, թե ամոթ չէ՞, բայց երբեք չենք ասում՝ խիղճ ունե՞ս… Հենց սա է տարբերությունը ցուցարարների եւ ոչ ցուցարարների, խղճի եւ ամոթի միջեւ»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Չարենցի խոսքերով մանսուրյանական հիմնին, մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ միտինգի ժամանակ հնչած հիմնի հեղինակները, կրելով զուտ հայկական ու քրիստոնեական մշակույթի տարրեր, դարձան «ինդիկատոր»: Եվ հենց այդտեղ երեւացին մեր ժողովրդի մշակութաբանության երկու տեսակները:

Արմեն Մարտիրոսյանը հույսը չի կտրում ու համոզված է, որ ի վերջո հայերս կդառնանք զուտ քրիստոնեադեմոկրատական մշակույթի կրողներ ժամանակի կամ պայքարի բերումով ու պոստ-պոստ մոդեռնիզմը Հայաստանում կհաղթի ֆեոդալիզմին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gayane yeghoyan says:

    Որպես հաստատում ձեր ասածին ավելացնեմ ,այն առաջի գիշերը,երբ ոստիկանները իրենց ջրցան մեքենայով քշեցին ցուցարարներին Բաղրամյան 26-ից, նրանք արտասանում էին <>, <> :

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031