Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը, որի մասնակիցների քանակը գնալով նվազում է:
Այդուհանդերձ, ինքնակառավարվող երիտասարդների խումբը բարձրախոսով տարբեր բնույթի հորդորներ է հղում ներկաներին, տեղեկացնում, որ գործում են մասնագիտական նախաձեռնող խմբեր, որոնց կարելի է մոտենալ, գրավոր առաջարկություններ ներկայացնել: Դրանք վերլուծելուց հետո կդրվեն հանրային քննարկման:
Մոտ մեկ ժամ առաջ նախաձեռնող խումբն ընթերցեց եւ կետ առ կետ հանրային քննարկման դրեց այդ առաջարկությունների վերլուծության արդյունքում կազմված մի տեքստ: Ցուցարարներից մեկն առաջարկեց դրան ավելացնել մեկ կետ եւս. Բաղրամյան պողոտայում հնչեցնել միայն հայկական երգ ու երաժշտություն, իսկ օտարալեզու կամ օտարածին՝ ոչինչ: Դրանից հետո ներկաներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ արդեն շարժումը կորցնում է լրջությունը, շեղվում բուն թեմայից:
Ավելի ուշ ինքնակառավարվող խմբի անդամ Նարեկ Այվազյանն Aravot.am-ին ասաց. «Անձամբ ես կողմ եմ ցանկացած տիպի երաժշտության, որը մարդկանց դուր է գալիս: Գոյություն ունի տարբեր մարդկանց ճաշակ եւ չենք կարող միայն մեկով առաջնորդվել: Երաժշտությունը պետք է բազմատեսակ լինի: Բայց մենք կունենանք մեր հիմնը, որը կլինի անփոփոխ՝ Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանին», որից ոչ ոք դժգոհ չէ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ