Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Աննա Շահնազարյանը թերթիկներ էր բաժանում քաղաքացիներին, որով իրազեկվում է, թե ինչպես վարվել, երբ ոստիկանությունը բերման է ենթարկում կամ ձերբակալում: Աննա Շահնազարյանն ընդամենը փորձում էր մարդկանց իրենց իրավունքները ներկայացնել, դրանց մասին տեղեկացնել մարդկանց, սակայն նրա այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց:
Մի քանի երիտասարդ աղմուկ բարձրացրեցին, մի քանի թերթիկներ էլ պատռեցին: Նրանք իրենց այդ արարքը պատճառաբանում էին նրանով, որ ոչ ոք պատասխանատու չէ դրա համար:
Կարդացեք նաև
Մինչդեռ Աննա Շահնազարյանը վստահեցեց, որ ինքն այդ թերթիկների վրա գրառման եւ իր գործողությունների համար պատասխանատու է, բայց երիտասարդները շարունակում էին փորձ անել արգելել Շահնազարյանին իրազեկման թերթիկները տարածել: «Մի սադրեք»,-երիտասարդին դիմեց Շահնազարյանը: Հավաքվածների մի մասը հետաքրքրված էր թերթիկներով եւ վերցնում ու կարդում էին դրանք, մի մասն էլ հրաժարվում էր:
Երբ Aravot.am-ն այդ երիտասարդից հետաքրքրվեց` արդյոք ծանո՞թ է թերթիկների վրայի գրառմանը եւ ինչո՞ւ է արգելում դրանք տարածել, վերջինս հրաժարվեց մեզ հետ զրուցել, նրան շրջապատող տղամարդիկ էլ արգելեցին մեզ լուսանկարել, պատճառաբանելով`«նկարում եք տալիս ոստիկաններին, նրանք էլ գալիս են բռնում են»:
Սակայն, նկատենք, երբ մենք ակտիվիստներից հետաքրքրվեցինք` արդյոք այս ընթացքում ոստիկանների կողմից բերման ենթարկվածներ եղել են, մեզ ասացին, որ ոչ:
Մանրամասները տեսանյութում.
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում այս պահին քիչ մարդ կա, մենք նկատեցինք, որ Կասկադում ավելի շատ մարդիկ են այս պահին հավաքված, քան Բաղրամյան պողոտայում:
Հիմա «Զոմբիներ» ռոք խումբն է Բաղրամյանում մինի համերգ տալիս. Թերեւս նաեւ այս նախաձեռնությունը մի փոքր ակտիվացրեց այստեղ ներկա երիտասարդներին. Շատերը Բաղրամյան են եկել համերգի համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ