Այսօր Բաղրամյան պողոտայում նախատեսված էր լրագրող Արման Ղարիբյանի լուսանկարների ցուցահանդեսը: Արման Ղարիբյանը պետք է ցուցադրեր հասարակական տրանսպորտին առնչվող լուսանկարներ, որտեղ միկրոավտոբուսների վարորդները ծխում են, երթեւեկում են գերբեռնված, ուղեւորները կքված եւ այլ պատկերներ: Սակայն Արման Ղարիբյանը չի հասցրել լուսանկարները փակցնել, երբ նրան են մոտեցել Բաղրամյան պողոտայում ակցիան շարունակող երիտասարդները եւ խոչընդոտել լուսանկարների ցուցադրությանը:
Նշենք, որ լուսանկարները մակագրված են եղել «դուք վճարում եք», «մի հանդուրժեք այս վիճակը»: Երիտասարդները պահանջել են հավաքել լուսանկարները, քանի որ, ըստ նրանց, այս ցուցադրությամբ ակցիայի պահանջները կարծես թե փոխվում են եւ այլ պահանջներ են ստանում:
Եղան երիտասարդներ, որոնք Արման Ղարիբյանին սադրիչ անվանեցին, որոշ ակտիվիստներ էլ ասացին, թե նրան Երեւանի քաղաքապետն է ուղարկել եւ նա քաղաքապետարանի պատվերն է կատարում, քանի որ քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է բերել եւ մտադիր է «գազելները» արանքից հանել եւ փոխարինել այդ միկրոավտոբուսներով:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ընդդիմացած երիտասարդներին Արման Ղարիբյանը ասել էր, որ իր նպատակը միայն մարդկանց զբաղեցնելն է, որպեսզի մարդիկ «ձանձրույթից չմեռնեն»: Նրա կարծիքով այստեղ պետք է ցուցադրություններ լինեն, դասախոսություններ, որպեսզի մարդիկ զբաղվեն:
Սերգեյ Առաքելյանը, որը ցուցահանդեսին ընդդիմացած երիտասարդներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում` ասաց, որ իրենք դեմ չէին լինի ցուցահանդեսին, եթե այնտեղ կոնկրետ մարդկանց նկարներ չլինեին, որոնց ոմանք, նույնիսկ, ճանաչեցին. «Թե չէ, ոչ ոք էլ դեմ չէր, հասարակական տրանսպորտը բոլորիս վերաբերվող խնդիր է եւ բոլորիս անվտանգության հարցն է»:
«Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը, որը ներկայումս համակարգում է Բաղրամյանում ձեւավորված նոր նախաձեռնության աշխատանքները մամուլի հետ` ասաց, որ իրենք ամենեւին էլ դեմ չեն նման ցուցահանդեսներին եւ նա տեղյակ չի եղել, որ երիտասարդները խոչընդոտել են. «Այստեղ տիրում է հանդուրժողականության մթնոլորտ»-, ասաց Դավիթ Սանասարյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ a1plus.am-ի