Լրահոս
Օրվա լրահոսը

«40-50 հոգանոց տեռորիստական հակումներ ունեցող կառույց եւ ինչ-որ մարգինալ քաղաքական ուժ». Նարեկ Սամսոնյանը՝ իրեն մեղադրողների մասին

Հուլիս 03,2015 19:00

«Ես որոշել էի ընդհանրապես ոչ մի բան չասել այդ կապակցությամբ, բայց հասկանում եմ, որ արդեն ժամանակն է՝ իրերն իրենց անուններով կոչելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ֆեյսբուք սոցիալական  ցանցում իր անձի շուրջ շրջող խոսակցություններին՝ ասում է «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Խոսքն այն մասին է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր այս օրերին տարածում են հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի արած  ելույթի տեսագրությունը,  եւ մատնանշում նրա կողքը կանգնած երիտասարդին՝ Նարեկ Սամսոնյանին, մեկնաբանում, թե նա ուղղորդել է ելույթ ունեցողին, որ հավաքվածներին կոչ անի՝ Ազատության հրապարակ գնալու: Մեկնաբանություններում Նարեկ Սամսոնյանին մեղադրում են պառակտիչ գործունեություն ծավալելու մեջ:

« Նախ ովքե՞ր են ասում. եթե դուք նայեք, թե ովքեր են ասում, կհասկանաք, թե ինչու են ասում. մարած քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ, որոնց միակ գործունեությունը՝ թե իրենց գործունեության ակտիվ շրջանում, թե հիմա,  ընդամենը պարտությունների մեջ մեղավորներ փնտրելով է պայմանավորված: Ծիծաղելի է: Ինչպե՞ս կարելի է մտածել, որ ուղղորդող մարդը կարող է գնալ կանգնել բոլոր լրատվամիջոցների առջեւ եւ ուղղորդել՝ կապ չունի ում: Դա մեկ: Երկրորդը՝ ես բեմ եմ բարձրացել իրենց խնդրանքով. ասել են, որ վտանգներ կան Վաղինակի հետ կապված, մենք անգամ տեքստի բովանդակությունը չենք իմացել»,- մեզ հետ զրույցում ասում է Նարեկ Սամսոնյանը:

Նա նշում է, որ նման հայտարարություններ տարածողներն ընդամենը կարեկցանքի են արժանի: «Ասում են՝ սա գրական հայերենով է խոսում, իշխանական թեւի ներկայացուցիչ է: Այսինքն՝ նրանց համար գրական հայերենով խոսելը իշխանության հոմանիշն է: Իրենք չեն խոսում գրական հայերենով, իրենց համար ով գրական հայերենով է խոսում, ուրեմն իշխանության ներկայացուցիչն է: Այ այդքան իջեցրել են մտածելակերպի «պլանկան»: Մնացածն արդեն կարելի է ուշադիր հետեւել, թե որ ուժերն են ուղղորդում»:

Նարեկ Սամսոնյանը հաստատում է նորից, որ ինքը «Ոչ թալանին» նախաձեռնության ոչ մի քննարկման չի մասնակցել, հունիսի 28-ին էլ, երբ նախագահի հայտնի հայտարարությունից հետո պետք է նախաձեռնությունը որոշում կայացներ, ինքն այդ գործընթացին չի մասնակցել.

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես չեմ մասնակցել իրենց որոշման կայացմանը: Մինչեւ վերջին պահը՝ Վաղինակի հայտարարությունը, չեմ իմացել, թե ինչ տեքստ պետք է լինի: Թե ում հետ են տեքստը քննարկել, ի՞նչ են քննարկել,  ո՞վ է տեքստի հեղինակը. այդ հարցերի պատասխանը գիտեն միայն այն մարդիկ, ովքեր այդ տեքստը հնչեցրել են»,- ասում է նա:

Նարեկ Սամսոնյանի անձի շուրջ վերջին քննարկումներում նաեւ շեշտադրվում է նրա նախկին կուսակցական՝ ՀԱԿ-ից լինելը, հետո նշվում է, որ նա կարիերիստական ձգտումներ ունի: Այս կարծիքներին նա պատասխանում է. «Հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվելը, ո՛չ թե նշանակվելը, կարիերիստական նկրտումների հետ կապ կարո՞ղ է ունենալ, թե՞՝ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ: Այո՛, ես եղել եմ կուսակցական, համաձայն չլինելով ինչ-ինչ խնդիրների հետ՝ դուրս եմ եկել եւ իմ ընկերների հետ միասին բացել ենք «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը, որի երկու ժողովների ընթացքում ընտրվել եմ կազմակերպության ղեկավար խորհրդի նախագահ»,- ասում է նա:

Նորից անդրադառնալով իր անձի շուրջ քննարկումներ ծավալողներին՝ ասում է. «Իրենք արդեն իրենց գործունեությամբ ցույց են տվել, թե ինչքան արժեք ունեն. 40-50 հոգանոց տեռորիստական հակումներ ունեցող կառույց եւ ինչ-որ մարգինալ քաղաքական ուժ, որն արդեն քանի տարի՝ զբաղված է  ժողովրդին գարուն, աշուն, ամառ, ձմեռներ  խոստանալով»:

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում այժմ էլ ծավալվող շարժման մասին՝ նա նշում է. « Կա մի մասնագիտական մոտեցում. երբ շարժման դինամիկան մարում է, այդ շարժումը պետք է մտածի՝ ի՞նչ անել: Պետք են քայլեր, որոնց շնորհիվ շարժումը պետք է ավելի տաքանա, եւ ռեգրեսը պետք է պրոգրես դառնա»:

Նարեկ Սամսոնյանն ասում է, որ  ուրախ է, որ Բաղրամյան պողոտայում ձեւավորվել է արդեն նախաձեռնող խումբ, որը պրոֆեսիոնալ է եւ գիտի՝ ինչպե՞ս աշխատել. «Իմ կարծիքով՝ շարժումը պետք է համակարգային բնույթ ստանա: Շարժումը պետք է ստանա համակարգող մարմնի տեսք, որն արդեն ստանում է՝ ի դեմս Դավիթ Սանասարյանի եւ Վահագն Մինասյանի ու էլի բոլոր տղաների, որոնք պրոֆեսիոնալ են եւ կարող են համակարգող խումբ ստեղծել,  ինչ-որ բան անել»:

Մեր դիտարկմանը, որ  ի սկզբանե նկատելի էր, որ ինքը հակված է պայքարը Ազատության հրապարակում շարունակելու եւ Բաղրամյան պողոտան լքելու, Նարեկ Սանասարյանը պատասխանում է. «Ես երբեք դա չեմ թաքցրել: Ես դա ասել եմ հենց առաջին օրվանից, երբ դեռ ջրցանը չէին աշխատեցրել: Առաջին օրվանից, երբ հանրային քննարկում էր տեղի ունենում, ես այդ ժամանակ բարձրախոսով իմ կարծիքն ասել եմ. եթե մենք չունենք տարբերակ, Բաղրամյան պողոտայում մնալու դեպքում չունենք քայլերի հաջորդականություն, ու մենք  պետք է նստենք ու սպասենք՝ երբ է իշխաությունը ուժ կիրառելու, դրան համաձայն չեմ: Ես չեմ համարում, որ այդ տարբերակը ամենաճիշտ ու ռացիոնալ տարբերակն է»:

Մեր հարցին, որ եթե ինքը «Ոչ թալանին» նախաձեռնության քննարկումներին չէր մասնակցել, ինչու՞ են հենց նրան առաջարկել կանգնել Վաղինակ Շուշանյանի կողքը, Նարեկ Սամսոնյանը պատասխանում է. «Այդ հարցը ինձ էլ է հետաքրքրում, հուսով եմ՝ ես կստանամ այդ հարցի պատասխանը նախաձեռնողներից, երբ որ իրենք մի քիչ հանգիստ վիճակում լինեն եւ կարողանան խոսել:

Երեւի, իրենք, իմանալով, որ ես այդ թեզի կողմնակիցն եմ, դրա համար խնդրեցին, որ գանք, մենք կանգնենք: Մենք առաջին օրվանից մինչեւ վերջին օրը կանգնած ենք եղել նախաձեռնող խմբին օժանդակող մարդկանց շարքերում եւ հնարավոր ամեն ինչով օժանդակել ենք: Եւ նաեւ մի բան, որը ոչ ոք չի նկատել, եւ ես ցավում եմ դրա համար. ես որեւէ մեկին Ազատության հրապարակ գնալու ժամանակ  որեւէ պիտակավորում չեմ տվել՝ մնալու կամ գնալու համար ու չեմ էլ տալու: Ինձ համար խնդիրը կամ մասնագիտական հարթության վրա է, կամ որպես քաղաքացի: Որպես քաղաքացի՝ մասնակցելու եմ բողոքի ակցիաներին եւ մասնակցելու եմ, բայց որպես քաղաքագետ ես ինձ այնտեղ չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031