«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հակասահմանադրական մարմին է»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա նշեց, որ Սահմանադրությամբ այդպիսի մարմին նախատեսված չէ եւ նրա որոշումները ապօրինի են. «Այդ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի հիման վրա, որը ուղղակի հակասում է Սահմանադրությանը, եւ այդ հանձնաժողովին տրվել են լիազորություններ, որոնք գործադիր լիազորություններ են»:
Ասուլիսին ներկա էր նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, որը Գիմիշյանին նկատողություն արեց՝ թե շատ է խոսում: Երկու բանախոսները սկսեցին բանավիճել՝ միմյանց ընդհատելով:
«Սահմանադրականությունը կարեւոր չէ, դավաճանությո՞ւնն է կարեւոր: Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը դավաճանություն է արել, հիմա ասում է՝ սահմանադրակա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Սադոյանը: Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ռոբերտ Նազարյանն ո՞վ է, ոչ ոք է, քո իշխանությունն է դավաճանությունը պարտադրել: Ռոբերտ Նազարյանը գործոն է»:
Կարդացեք նաև
«Ուրեմն՝ եթե ես նստեի Գիմիշյանի հետ եւ մտածեի, թե ո՞վ է, իշխանությունն է կարեւո՞ր, ես չէի նստի այստեղ: Հիմա կարեւորը նաեւ մարդիկ են, ոչ միայն իշխանությունները»:
«Մարդիկ հասկացա, ուրեմն՝ իրավական հիմք կա, որ դա հակասահմանադրական է: Սահմանադրական դատարանի նախկին անդամների հետ էլ եմ խորհրդակցել, նույն կարծիքին են: Սրանի՞ց լավ ճանապարհ այս խնդիրը լուծելու …»,-ասաց Սոս Գիմիշյանը:
Սակայն Արշակ Սադոյանը նրան ընդհատեց. «Ներողություն հա, հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է առաջարկում: Եթե խնդիր կա գաղութացնողից պոկել ազգայինը, երբ որ խնդիր կա բաշխիչ ցանցերը Բիբինին տապալել իր գործած հանցագործությունների համար, մեկ էլ հանկարծ՝ գնանք ուրիշ ճանապարհով, փորձենք պարզել իսկ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը օրինակա՞ն է, թե՞ ոչ, փորձենք պարզել նրա սահմանադրականության աստիճանը: Դրա ժամանակը չէ, հանցագործներին պետք է պատժել»:
«Երբ որ Որոտանը սեփականաշնորհվում էր, ինչո՞ւ չէիր ասում՝ փոխանակ դա ծախեն օտարին՝ պահեն»,- հետաքրքրվեց Գիմիշյանը:
«Ներողություն, հա՞: Ուրեմն՝ ես ուզում եմ հասկանամ, տեսե՛ք՝ ի՞նչ է ասվում: Որոտանի կասկադը այն ժամանակ, երբ որ Հրազդանի կասկադը տրվեց ռուսներին, այն ժամանակ, երբ որ Հրազդանի ջէկը, Հրազդանի 5-րդ բլոկը առանձին կազմակերպությունը եւ բաշխիչ ցանցերը տրվեցին թալանին ռուսական կողմից, երբ որ հիմա խոսեմ Որոտանի կասկադի մասին …»,- ասաց Սադոյանը:
Այս անգամ ընդհատեց Սոս Գիմիշյանը. «Թալանը համաշխարհային երեւույթ է, ռուսական երեւույթ չէ»: «Թալանը ռուսական երեւույթ է»,- պատասխանեց Սադոյանը: «Թալանը համաշխարհային երեւույթ է»,- շարունակեց պնդել Գիմիշյանը:
«Դե որ այդքան միամիտ ես, ես ինչ ասեմ: Պատկերացրե՛ք ինչ է ասում: Թալանը առաջին հերթին կոռումպացված երկրի երեւույթ է: Բնական է՝ այստեղ նստածներից ոչ-ոք, նաեւ համոզված եմ՝ Դուք, չեք կասկածում, որ այսօրվա Կրեմլը, Ռուսաստանը իրենց աբրամովիչներով, մյուսներով հարյուրապատիկ անգամ կոռումպացված են, քան եվրոպական երկրները: Իհարկե՛, թալան լինում է նաեւ եվրոպական երկրներում, Ամերիկայում էլ է լինում …»,- բացականչեց Արշակ Սադոյանը:
«Մեր ամբողջ ընդերքը Արեւմուտքի կողմից է թալանվում»,- նրան ընդհատեց Սոս Գիմիշյանը:
Սադոյանը Գիմիշյանից հետաքրքրվեց. «Ներողություն, հիմա ո՞ւմ շահերն ես պաշտպանում, Բիբինի՞»: «Մեր երկրի»,- պատասխանեց նրան Գիմիշյանը:
Բանավեճ ընթացքում Արշակ Սադոյանն ասաց, որ Սոս Գիմիշյանը թույլ տրամաբանություն ունի, որից հետո Գիմիշյանը վեր կացավ, խորհուրդ տվեց Սադոյանին խոսել սովորել եւ դուրս եկավ սենյակից:
«Խոսել սովորեմ, որ կեղծե՞մ»,- պատասխանեց նրան Սադոյանը:
Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ