«Հայաստանի էլեկտրական ցանցերն» իր պարտքերն է պահանջում. ընկերությունը դատի է տվել «Գլենդել Հիլզին»՝ պահանջով սնանկ ճանաչել: Ըստ ՀԷՑ-ի, «Գլենդել Հիլզը», ընկերությանը պարտք է 138 միլիոն դրամ:
Aravot.am-ը «Գլենդել Հիլզից» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է կուտակվել ընկերության 138 միլիոն դրամի պարտքը եւ ինչպե՞ս է այն մարելու:
Այս առնչությամբ ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ասացին, որ ընկերությունը չի պատրաստվում մարել մի պարտք, որն իրենը չէ. «ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը «Գլենդել Հիլզ» ընկերության սպառած էլեկտրաէներգիայից չի գոյացել, ընկերության պարտքը չէ, հետեւաբար՝ ընկերությունը ՀԷՑ-ի նկատմամբ պարտավորություն չունի: ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը գոյացել է Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակչության կողմից տեւական ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումից։ ՀԷՑ-ի սխալմունքը տվյալ դեպքում պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակարանների սեփականության վկայականները համապատասխան մարմինների կողմից որոշակի ժամանակ անց են հանձնված եղել բնակչությանը եւ ՀԷՑ-ը որպես սեփականատեր ճանաչել է մեր ընկերությունը»։
Մեր այն հարցին էլ՝ «Գլենդել Հիլզի»՝ սնանկության մասին վաղուց են լուրեր շրջանառում, արդյոք դա անխուսափելի է, ընկերությունից ասացին՝ «Սնանկության հարց ընկերությունն այս պահին չի դիտարկում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին, «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը անդրադառնալով պարտքերին, նշել էր, որ սպառողների պարտքերն ընկերությանը կազմում է 9,8 միլիարդ դրամ, իսկ ամենախնդրահարույց հարցը ՀԷՑ-ի համար, ըստ Բիբինի, «Նաիրիտ» եւ «Վանաձոր Քիմպրոմ» ընկերությունների 2,5 միլիարդ դրամ պարտքի վերադարձն է: Այս 2 ընկերություններից էլ Aravot.am-ը փորձեց պարտքի առնչությամբ պատասխան ստանալ, սակայն «Վանաձոր Քիմպրոմի» հեռախոսազանգերն անպատասխան մնացին, իսկ «Նաիրիտից» էլ վստահեցրին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տեղում չէ, չգիտեն երբ կգա, բայց խոստացան մեր հարցը փոխանցել իրեն:
Ավելի վաղ «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար, բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Aravot.am-ին ասել էր, որ իրենք համարում են՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի ՀԷՑ-ի այդ հայտը հետ վերցնելու համար. «Դա սպառնալիք է «Նաիրիտի» սնանկացման եւ չվերագործարկման համար: Այն, որ մենք անընդհատ պնդում ենք, թե կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտը» չաշխատի, իրենք անընդհատ ժխտում են, կառավարության անդամները, վարչապետը, էներգետիկայի նախարարն անընդհատ ժխտում են, թե իրենք ուզում են, որ «Նաիրիտը» փակվի, նրանք ասում են, որ մենք ուղղակի աուդիտ ենք պատվիրել, աուդիտի պատասխանն այսպիսինն է: Այսինքն՝ ասում են մեկ բան, բայց արվում է մեկ այլ բան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ