Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայի ցուցարարներից շատերին գործատուներն ազատել են աշխատանքից

Հուլիս 03,2015 17:42

Այն քաղաքացիները, ովքեր առավոտյան և ցերեկային ժամերին այցելում են Բաղրամյան պողոտա, նկատած կլինեն, որ այդ ժամերին պողոտայում շատ քիչ թվով ցուցարարներ են հավաքված լինում:

Իրականում մարդկանց փոքրաթիվ լինելու մի շարք պատճառներ կան. հիմնական պատճառներից է շոգը, ինչի պատճառով ցուցարարները գերադասում են ցերեկային ժամերին հանգստանալ, որպեսզի երեկոյան էներգիայով լի, թարմացած ու սթափված մասնակցեն ցույցին:

Մյուս պատճառն այն է, որ ցուցարարներից շատերը ցերեկային ժամերին գնում են աշխատանքի:

Թեև Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ցուցարարներ մտահոգություն հայտնեցին, որ իրենց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ցույցերին մասնակցելու պատճառով գործատուները ազատել են աշխատանքից:

Bagramyan_15

Օրինակ՝ համակարգող խմբի անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, որպեսզի ավելի չբորբոքի իրավիճակը, մեզ հետ զրույցում պատմեց. «Ի սկզբանե իմ գործատուն ինձ կանգնեցրեց այդ երկընտրանքի առաջ. կամ դու ընտրում ես աշխատանքը, ցույցերի չես մասնակցում, կամ հակառակը: Ես, բնականաբար ընտրեցի պայքարի ուղին»:

Ցուցարարներից Արմինե Կիրակոսյանն էլ հույս չունի, թե իրեն հետ կընդունեն աշխատավայրում. «Ես այս օրերին չեմ գնում աշխատանքի, ինձ փաստացի աշխատանքից չեն ազատել, բայց չգիտեմ, երևի ոչ էլ ետ վերադառնամ, քանի որ հույս չունեմ, թե այս ամենից հետո ինձ կրկին կընդունեն աշխատանքի»:

Ցուցարարներից Գայանե Աշուղյանն էլ վստահեցրեց, որ այս խնդրի առաջ ցուցարարների մեծամասնությունը կանգնած է: Իր մասին պատմելով՝ ասաց. «Աշխատում էի Տաշիր պիցցայում: Մի օր փաստաթղթերս, անձնագիրս ուզեցին, ու դրանից հետո ասացին, որ ես այլևս չեմ կարող աշխատել, քանի որ ցույցերի եմ մասնակցում»:

Ցուցարարներից մեկն էլ պատմեց, որ իր հաշվին արձակուրդ է վերցրել, որպեսզի կարողանա մասնակցել Բաղրամյանի նստացույցին:

Մեկ այլ ցուցարար փոքր-ինչ նեղսրտած ասաց. «Կուտակածս գումարը, որը պետք է իմ սեփական գործի մեջ ներդնեի, այս օրերին ծախսվեց գնաց: Դե իհարկե, մի քիչ նեղված եմ, բայց չեմ ափսոսում, քանի որ մեզ բոլորիս հուզող խնդրի լուծման համար այդ գումարը ծախսվեց»: Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ վրա ծախսվեց այդ գումարը, նա պատասխանեց, թե ուտելիքի, ըմպելիքի, տարբեր անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էր պատմել «Առավոտին», որ իրեն աշխատանքից ազատել են՝ քաղաքացիական շարժումներում ներգրավված լինելու պատճառով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031