Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է՝ ոստիկանությունն ապօրինաբար է Բաղրամյան պողոտա «ԲՏՌ» տարել

Հուլիս 03,2015 16:40

Փաստաբան Վարուժան Վարդանյանը պնդում է՝ ոստիկանության հայտարարությունը, թե հոսանքի սակագնի դեմ բողոքող քաղաքացիները, փակելով Բաղրամյան պողոտան, սահմանափակում են այլ անձանց սահմանադրական իրավունքները, այդ պատճառով ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով օգտագործել իր լիազորությունները, հավաքների մասին օրենքի սխալ մեկնաբանում է:

Այսօր «Նոյան տապան» ակումբում նա ասաց, որ հավաքների և ցույցերի կազմակերպումը կանոնակարգվում է ՀՀ մի շարք օրենքներով. «Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ հավաք իրականացնել: Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան, որը նաև գերակա է մեր օրենքի նկատմամբ, նույնպես սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այլոց հետ միավորվել և խաղաղ հավաք անցկացնել: Արդեն Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է երաշխիքներ վերոնշալ իրավունքների պահպանման համար»:

Ինչ վերաբերում է հավաքների դադարեցման դրույթին, որի վրա էլ հենց հիմնվում է ոստիկանությունը ու պնդում՝ հավաքն անօրինական է, փաստաբանը նկատեց, որ Բաղրամյան պողոտան Ա կետից Բ կետ տեղափոխվելու միակ ճանապարհը չէ եւ հանրային հնչեղություն ունի:

Փաստաբան Վահե Սիմոնյանն էլ նկատեց, որ Բաղրամյան պողոտա բերված զրահամեքենաներն ու փշալարերը խաղաղ ցույցի ժամանակ չի կարելի կիրառել:

Ըստ նրա, հատուկ միջոցների կիրառումը խաղաղ հավաքների ժամանակ արգելվում է օրենքով. «Ոստիկանությունն իրավունք չունի գործի դնել օրենքով սահմանված հատուկ միջոցները՝ սարքեր, զրահատեխնիկա և այլն, քանի դեռ հավաքը խաղաղ է և չկան զանգվածային անկարգություններ: Հատուկ միջոցները կիրառվում են քաղաքացիների և ոստիկանների վրա հարձակում կատարելիս, երբ կա զինված դիմադրություն: Օրինակ` նույն «ԲՏՌ»-ը և փշալարը խաղաղ ցույցի տարածքում անգամ իրավունք չունեն գտնվել»:

Փաստաբանը նկատեց, որ հունիսի 23-ին գործի դրած ջրցան մեքենան լուրջ վնաս է հասցրել երիտասարդներից մեկի աչքին. «Հունիսին ջրցանի շիթը տանելով աջ ու ձախ երիտասարդներին հետ էր հրում ու չգիտենք ինչ վնասվածքներ են ստացել: Իսկ այստեղ խաղաղ ցույց էր, ջրցանը նախատեսված է իրավախախտ անձանց մեկուսացնելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031