Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Պարտադիր չէ՝ 20 հազար մարդ կանգնի Բաղրամյան պողոտայում» (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 15:42

«Վերազարթոնք տեղի ունեցավ, հասարակությունը, կարծես, քնից արթնացավ»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին, ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

Նրա խոսքերով՝ թվում էր, թե երիտասարդությունն անտարբեր է իր երկրի ճակատագրի նկատմամբ, սակայն, այսօր դա այդպես չէ. «Մենք տեսանք հազարավոր երիտասարդների, լավ, պայծառ, լուսավոր դեմքերի, որոնք վճռական կանգնած են իրենց իրավունքների պաշտպանության համար: Դա ամենադրական հատկանիշն է, եւ շատ լավ կլինի, որ նրանք հասնեն հաղթանակի, զգան հաղթանակի բերկրանքը, որ իրենց ջանքն իզուր չանցնի, հատկապես, որ այդ շարժումն արդար մղումներ ուներ: Ես էլ նրանց համակիրներից եմ, ես էլ եմ կանգնում Բաղրամյան պողոտայում, իհարկե՛, ոչ միշտ, եւ չեմ ուզենա, որ նրանք հիասթափություն ապրեն: Այսօր արդեն հիասթափվողներ լինում են ներսում, դա բնական է, այդ շարժման մեջ ամեն ինչ կլինի՝ փոքրիկ հաղթանակներ, փոքրիկ պարտություններ, ոգեւորություն, հիասթափություն, բայց շարժումն ինքնին մեր անկախության շրջանի համար խիստ կարեւոր մի բան է, մաքրող, ոտքի հանող եւ երկրին տեր կանգնելու մի շարժում է սա»:

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ տեւական պայքարի ընթացքում դժվար է օր ու գիշեր Բաղրամյան պողոտայում լինել, բայց այն հանգամանքը, որ այնտեղ միշտ ցուցարարներ կան, ըստ նրա, նշանակում է, որ կա վճռականություն. «Իշխանավորները հանգիստ իրենց սենյակներում են, նրանք մտածում են, որ կհոգնեն մասնակիցները, ընդվզողները: Ընդվզողներն էլ փոխում են գործելակերպը, մարտավարությունը, քանի որ տեւական պայքար է նախատեսվում պետք է ուժերը խնայել, պարտադիր չէ՝ 20 հազար մարդ կանգնի պողոտայում, իմ կարծիքով՝ եթե 200-ն էլ են կանգնում, ուրեմն՝ կանգնում են: Եվ մենք պետք է միայն քանակից չելնենք, մենք գիտենք, որ տասնյակ հազարավորներն էլ Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության գյուղերում եւ քաղաքներում համակրում են այս շարժումը, եւ նրանք էլ կարող են այդտեղ լինել: Մենք դա տեսնում ենք տարբեր դրսեւորումներով՝ ցույցեր քաղաքներում, ճանապարհների փակում: Ենթադրվում է, որ մարտը երկարատեւ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031