Այսօր «Հենարան» ակումբում խոսելով Բաղրամյան պողոտայում հայ աստղերի կենդանի պատի մասին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց. «Ժամանակին եթե միայն Հովոն էր 2008-ին անում, այն ժամանակ զարմացան, հետո 150 ակցիայի ժամանակ միացան Հայկոն, Մկոն: Հիմա այդ նույն աստղերի մեջ կան մարդիկ, որոնք մսից ու արյունից են, ապրում են այս երկրում, ունեն երեխեք, սկսում են հետաքրքրվել: Որ ասում են աստղեր, աստղեր, աստղերի 99 տոկոսը մեկ է, էլի չկային: Իրենց օդուվանչիկ դեմքով լռված էին: Աստղեր, աստղեր…մի 7-8 հոգի մարդ էր, էլի»,- կատակեց Կարեն Քոչարյանը:
Հարցին՝ իրենց PR-ի համա՞ր էին եկել՝ Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ եմ այնտեղ կանգնած եղել, իմ PR-ի համա՞ր եմ գնացել: Դա քաղաքական, հասարակական գործիչների համար էլ են ասում: Հա, ես չեմ նկարվել այնտեղից, այնտեղից սելֆի չեմ արել, դա ուրիշ հարց է: Բայց բուն պատն իմ համար եւ լավ տեխնոլոգիա էր, եւ դրական բան էր: Գրեթե առաջին անգամ անկախությունից ի վեր հասարակության տեսանելի հատվածը փորձեց տեր կանգնել այն հատվածին, որին պետք է ինքը ուղղորդի: Միշտ էլիտան այդ լոկոմոտիվը առաջ է տանում: Ինձ համար ամենահաճելին այն չէ, որ այնտեղ կային քաղաքական, հասարակական գործիչներ: Ինձ համար ամենահաճելին նա է, որ առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կանգնեցին այնտեղ՝ Վազգեն Առաջինից հետո եւ վերականգնեցին վստահությունը առ Հայ առաքելական եկեղեցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ