Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց վերլուծել, թե ինչ ունեինք մինչեւ նախագահի ելույթը՝ ուղղված ցուցարարներին եւ ինչ ունենք ելույթից հետո. «Ունենք աուդիտ, ունենք ոգեւորված հասարակություն»:
Այն, որ Բաղրամյան պողոտայում մարդիկ պակասում են, ըստ Շարմազանովի, հենց ոգեւորության արդյունք է՝ տուն են գնացել բավարարված:
Նա նաեւ ասաց, որ իշխանությունն արդեն իր ուղերձը հղել է. «Այդ պրոցեսների ընթացքում Հայաստանը իր տեղը ցույց տվեց ժողովրդավարական պետությունների ընտանիքում, ԱՄՆ դեսպանն էլ ասաց, որ տեսնում է՝ ամեն ինչ խաղաղ է: Ում դուրը չի գա, ում դուրը կգա՝ սա է: Նախագահը կոչ արեց նախաձեռնող խմբին ներգրավել աշխատանքներում: Դու գոռում էիր, որ ես եմ տերը իմ երկրի, լավ ես անում, ախպեր ջան, ասել ես, հասել ես որոշակի հաջողության: Հիմա ժամանակն է, որ գործով տերը լինես քո երկրի: Արի մասնակցի, եթե գող կա՝ բռնենք գողին, դու էլ տես: Պրոբլեմ եթե կա՝ նայենք պրոբլեմը, հետո լուծումները միասին քննարկենք, ես քեզ չպարտադրեմ: Սա ժողովրդավարություն է: Իմ համար ամենամեծ հաջողությունը այդ 7 դրամը չի, որ իջավ: Ես էլ եմ 95-ին պայքարել, լավ էլ վզներիս դուբինկա էինք ուտում: Ամենամեծ հաջողությունն այն է, որ մեր սիրելի երիտասարդները հասան նրան, որ իշխանությունն իրենց մասնակից է դարձրել որոշումների կայացման գործընթացին: Սա է ժողովրդավարությունը, պուպուշ խոսքերը չեն: Սա իշխանության բարի կամքն էր, քաղաքական կամքն էր, որը իրականացվեց՝ մեր սիրելի երիտասարդների ապաքաղաքական, խաղաղ պայքարի արդյունքում»:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ աուդիտի ժամանակ ոչ մի բան ցուցարարներից թաքուն չի լինելու, կարող են գալ եւ մասնակցել: Մեր դիտարկմանը, որ անվստահություն կա ցուցարարների կողմից՝ Շարմազանովը պատասխանեց. «Մերժողականությունը ճանապարհ չի, բերեք ոչ մեկին չվստահենք, սա երկիր կդառնա՞՝ չէ՛: Պետք չի երիտասարդներն այդքան հոռետես լինեն: Իրենց շարքերում էլ լիքը մարդիկ կային, որ ասում էին՝ պայքարեք-չպայքարեք, մեկ է՝ օգոստոսից թանկանալու է: Տեսա՞ք, որ այդպես չէր: Չվստահելը ո՞րն է, 5 հոգի չի վստահում, 500 հոգի վստահում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ