Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյանը կասկածում է, որ ոստիկանության ղեկավարությունն իր գեներալների դեմ պատժամիջոցներ կիրառի

Հուլիս 03,2015 14:18

«Ես երեկ Բաղրամյան պողոտայում տեսա, ու ջերմ բարեւեցի ամսի 23-ի առավոտյան ինձ ծեծող քաղաքացիական հագուստով ոստիկանին: Նա երեկ որպես ցուցարար էր եկել, էլի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Քաղաքացիական ակտիվիզմ և շարունակվող պայքար Բաղրամյան պողոտայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը` չհամաձայնելով, որ ոստիկանները փոխել են իրենց գործելաոճը եւ ամսի 23-ին կիրառած բռնություններից հետո, արդեն մի քանի օր ավելի մեղմ են գործում: Հիշեցնենք, այս ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ հայտարարություններ տարածեց ու ժամկետներ սահմանեց, որ եթե ցուցարարները չազատեն Բաղրամյան պողոտան, իրենք կգործեն օրենքով լիազորված իրավունքներով` պողոտան բացելու համար: Մինչ օրս, սակայն, ոստիկանությունը դեռ քայլերի չի գնացել:

Բանախոսը պնդում է, որ մինչ օրս էլ առանց համազգեստի ոստիկաններն անընդհատ Բաղրամյան պողոտայում են, ցուցարարների մեջ. «Ամեն օր բազմաթիվ պրովոկատորներ էին հայտնվում ու հետո երբ նայում ենք նկարները, նրանք քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որ ամսի 23-ին բռնություններ էին կիրառում»:

Ամսի 23-ի դեպքերով, ի դեպ քրեական գործ է հարուցվել եւ ծառայողական քննություն է նշանակվել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանների մասով: Ոստիկանապետը խոստացավ, որ նրանք կպատժվեն: Քաղաքացիական ակտիվիստը խիստ կասկածում է դրանում, քանզի սայլը տեղից դեռ չի շարժվում: Նա չի էլ կարծում, որ ոստիկանության ղեկավարությունն իրենց գեներալների դեմ պատժամիջոցներ կիրառի, քանզի 23-ի առավոտյան բոլորը լավ տեսել են, տեսանյութեր էլ կան, թե որ գեներալներն ինչ հրահանգներ են տվել: Արմեն Մկրտչյանը կարծում է, որ ծառայողական քննությունը պիտի լինի հանրության ուշադրության կենտրոնում ու հանրությունն իր շունչը ոստիկանների թիկունքում ցույց տա:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նկատեց, որ ամսի 23-ին ցուցարարների ձեռքին ոչ փայտ, ոչ մահակ չի եղել, ոչ ոք ագրեսիվ գործողությունների չի գնացել, բայց ոստիկանները, ըստ նրա, գործեցին այնպիսի մեթոդներով, որոնք աշխարհում իրականացնում են այն դեպքում, երբ հնարավոր չէ մարդկանց իզալացնել այդ տարածքից: «Բայց այստեղ եղավ բացառիկ մի բան` 500-600 խաղաղ ցուցարարներին ջրում էին, ցրում էին, էլ չասեմ հայհոյանքների մասին, մինչդեռ կային կանայք ու աղջիկներ, իսկ դրանք կարող էին իրենց մայրերն ու քույրերը լինել: Ամենացավալին այն է, որ դա եղավ բարձրաստիճան ոստիկանների հրահանգով ու մասնակցությամբ, նրանք չէին սաստում իրենց ենթականերին»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը` այս պարագայում խիստ կասկածելով, որ նշանակված ծառայողական քննության շրջանակներում նրանք կպատժվեն:

Արմեն Մկրտչյանն էլ հավելեց, որ ամբողջ աշխարհում ոստիկանների ջրցաններին ցուցարարները բենզինի շշերով են պատասխանում, բայց իրենք ժպիտներով պատասխանեցին: «Քաղաքակիրթ աշխարհում ցուցարարների դեմ նման մեթոդներ կիրառելուց ստանում են հազարապատիկ ուժ, իսկ դուք մեզնից ժպիտներ ստացաք»,- ասաց նա` հակադրվելով ոստիկանների կողմից հնչող այն մտքին, որ ոչ մի քաղաքակիրթ երկրում գլխավոր պողոտան ցուցարարները չեն փակում ու ոստիկանությունն էլ հանդուրժում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031