Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա, մանավանդ՝ ուրիշի դրոշներով»

Հուլիս 03,2015 14:04

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Բաղրամյան պողոտայի դեպքերին: Հարցին՝ որքա՞ն կարող է փակ մնալ Բաղրամյան պողոտան՝ նա պատասխանեց. «ԱԺ գալուց ես միայն աղբարկղերը տեսա: Կարող է մարդիկ կային, բայց քիչ էին, կարող է շոգ էր, մեքենայով անցնում էի, նայեցի՝ ինձ թվաց, միայն աղբարկղեր են»:

Նա նշեց, որ իշխանությունները հանդուրժող են, համբերատար են, խաղաղության կողմնակից են:

Խոսելով երեկվա միջադեպի մասին՝ նա ասաց. «Երեկ ինչ-որ տարբեր դրոշներով են եղել: Ժողովրդական մի հատ ասացվածք կա, ժողովրդականով ասեմ, քանի որ ես ժողովրդի մեջից դուրս եկած մարդ եմ՝ ասում են՝ ուրիշի սեղանին թամադայություն մի արա, մանավանդ՝ ուրիշի դրոշներով: Այդ սեղանն ունի իր թամադան, դա մեր քաղաքացիներն են, մեր ակտիվիստներն են: Եվ պետք չի պատրաստի սեղանին, որը որոշակի հաջողության է հասել, գալ, այդ սեղանի դիրքը փոխել եւ ասել՝ այսօրվանից այս սեղանի թամադան ես եմ, բաժակաճառեր ասել: Դրա համար էլ տենց է լինում: Այդ գործի թամադան մեր քաղաքացիներն են, երիտասարդներն են, մեր քույրերն ու եղբայրներն են, իրենք էլ կորոշեն ինչ անեն»:Aravot.am-ի դիտարկմանը, որ Պարույր Հայրիկյանը ԵՄ-ի դրոշները բերելը պատճառաբանում էր նրանով, որ ամսի 23-ին տեղի ունեցած բռնությունների հետ կապված ցուցարարները դիմել են ՄԻԵԴ, այսինքն, թամադայության խնդիր չի եղել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Դա ընկալումների եւ տեսակետների խնդիր է: Ես իրեն առողջություն եմ մաղթում, բայց իմ կարծիքը հետեւյալն է՝ եթե կա բողոք եւ այդ բողոքը խաղաղ է, ապաքաղաքական է, կարիք չկար այլ դրոշով խառնվել: Այստեղ խնդիրը ԵՄ-ն չէ, ՌԴ-ի դրոշով էլ գնար, Ուզբեկստանի, Ղազախստանի, դա ընդունելի չի»:

Մեր դիտարկմանը, որ ԵՄ-ն արժեքային համակարգ է, մի պետության դրոշ չէ, որ ընդվզեին՝ նա պատասխանեց. «ՀՀ-ի եռագույնն է իմ համար ամենամեծ արժեքային համակարգը, կարծում եմ, նաեւ իր համար, որը պայքարել է ՀՀ-ի անկախության համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031