Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Չիբուխչյան. Հաղթանակի հասնելու ճանապարհը փողոցն է

Հուլիս 03,2015 13:36

«Վերջին 13 օրերը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենալուսավոր օրերն էին, քանզի քաղաքական եւ քաղաքացիական սերնդափոխություն է կատարվում»,- այսօր «Մեդիա կենտրոնում», «Քաղաքացիական ակտիվիզմ և շարունակվող պայքար Բաղրամյան պողոտայում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Վերջինս Ազատության պողոտայում սկսված եւ Բաղրամյան փողոցում շարունակվող պայքարի ակտիվ մասնակիցներից է:

Անդրադառնալով ՀԷՑ-երում աուդիտ անցկացնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, բանախոսը տարակուսանք հայտնեց` նկատելով, որ կառավարության պատկան պաշտոնյաներից եւ ոչ մեկն ի պատասխան լրագրողների տարբեր հարցերի, չկարողացան պատասխանել, թե ինչ կերպ է փոխհատուցվելու սակագնի թանկացումը: «Սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն արել է հերթապահ հայտարարություն, որից կառավարության անդամները տեղյակ չեն ու պատկերացում էլ չունեն թե ինչ կերպ է լինելու հարցի լուծումը»,- ասաց նա:

«Սառը գլխով» կարդալով նախագահի հայտարարությունը, նա հասկացել է, որ դա պարզապես բողոքի ալիքը թուլացնելու, քնեցնելու փորձ էր, ինչը չհաջողվեց: Իսկ աուդիտի անցկացումը նա նորություն չի համարում, քանզի ամեն տարի էլ ՀԷՑ-երում աուդիտ անցկացվում է. «Դա պետք չէ ներկայացնել, իբրեւ ժողովրդին նվիրված մեծ հաղթանակ»:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ հավելեց, որ իրենց պահանջները նույնն են: Շարժման ներկայացրած երեք պահանջից ոչ մեկը իրականացված չէ. «Մի թեթեւ քայլ են արել իշխանությունները` աուդիտի մասով»: Նա նկատեց, որ տարբեր մասնագետներ այս ընթացքում կարծիքներ են հայտնել, որ աուդիտը, մեծ հաշվով, ոչինչ էլ չի տալու, միայն հիմնավորելու է սակագնի թանկացումը, անգամ միջազգային անկախ կազմակերպության կողմից իրականացված:

Մաքսիմ Սարգսյանը համամիտ է այն մասնագետների հետ, ովքեր պնդում են, թե աուդիտ պետք է իրականացվի ՀԷԿ-երից ու ՋԵԿ-երից սկսած` գնագոյացման խնդիրը հստակեցնելու համար: Այլապես, նա աուդիտը որակում է հերթական քայլ` ժողովրդի աչքը փակելու եւ հոսանքի թանկացման համար կեղծ հիմքեր ստեղծելու:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին միացած ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանը համամիտ է հնչեցված կարծիքների հետ:

Քաղաքացիական ակտիվիստ, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը վերլուծելով այս օրերի իրադարձությունները, եկել է այն համոզման, որ հաղթանակի հասնելու ճանապարհը փողոցն է: Նա էլ աուդիտից սպասումներ չունի, եթե ճնշումները փողոցում չշարունակվեն: Աուդիտին իրենց մասնակցությունը համարում է դրա լեգիտիմացում պարզապես, քանզի կարծում է, որ իրենց թույլ չեն տա ամբողջական տվյալների հետ ծանոթանալ, իրենց մասնակցությունն էլ ձեւական բնույթ կկրի:

Հիշեցնենք, նախագահն առաջարկել էր, որ ակտիվիստների ներկայացուցիչները մասնակցեին աուդիտի գործընթացին: Իրենք, սակայն, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, առայժմ ձեռնպահ են մնում մասնակցությունից:

Քաղաքացիական հասարակության կողմից աուդիտի գործընթացի վերահսկման միակ տարբերակը համարում են այն, որ ժամանակ առ ժամանակ միջանկյալ տվյալներ հրապարակվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031