Հուլիսի 3-ին ժամը 11-12-ի սահմաններում Բաղրամյան պողոտան դատարկ է: Այստեղ էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում քաղաքացիները դիմում էին տարբեր խնդրանքներով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեղ՝ ինչու այլեւս կենդանի պատը չկա ցույցերի ժամանակ: «Իսկ ինչու ոստիկանները չկան, ոստիկանական պատը չկա, ցուցարարները չկան»,-հարցին հարցով պատասխանեց Փաշինյանը:
Ապա հավելեց. «Կենդանի պատի ներկայացուցիչները չեն ասել, որ այստեղ նստացույց են հայտարարում: Իրենք ուղղակի բռնությունը կանխարգելելու առաքելություն ունեն եւ իրենց խնդիրն է՝ անել իրենցից կախվածը, որ բռնություններ տեղի չունենան, դրանով ամեն ինչ ասված է: Որեւէ մեկը չի ասել, որ այսինչ օրերին, այնինչ ժամերին այստեղ ենք լինելու…Կենդանի պատի նախաձեռնության ներկայացուցիչները միշտ այստեղ են եղել ըստ անհրաժեշտության…
Ինչպես նախկինում, մենք խումբ ենք ձեւավորել, որն անընդհատ հետեւում է իրավիճակին: Դիտարկում է իրականացվում իրավիճակի, եւ այն պահին, երբ կլինի լարվածություն, նորից պատը «կկառուցենք», ինչպես դա եղավ հունիսի 28-ին, հիմա այն ռեժիմն է, որ դիտարկում է իրականացվում, քանի որ ուղիղ եթերը կա, մարդիկ հետեւում են իրավիճակին: Այնպես որ՝ կենդանի պատը ըստ անհրաժեշտության է, ինքը ակցիայի մաս չէ: Ես հույս ունեմ, որ այդպիսի անհրաժեշտություն եւ լարված իրավիճակ չի լինի: Եվ հետո՝ Հայաստանի օրենսդրությամբ խաղաղ հավաքը ցրելու ինստիտուտ ընդհանրապես գոյություն չունի: Բայց եթե կլինի նման իրավիճակ, նաեւ կոչը, խնդրանքը լրագրողների, լարվածություն լինի, մենք հնարավորինս արագ կարող ենք գալ եւ այդ խնդիրը լուծել: Նկատի ունեմ հիմա՝ այս իրավիճակում, եթե հարյուր հոգի կանգնած լինի լուրջ դեմքերով դա ծիծաղելի կլինի»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ