Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Վստահությունը շաքար չի, որ իշխանությունը ինչ-որ օլիգարխի ասի՝ ներմուծի »

Հուլիս 03,2015 11:59

«Երիտասարդները քանի որ քաղաքականացված չէին, ակցիան չստացվեց: Յուրաքանչյուր նմանատիպ ակցիա ունենում է իր վերելքներն ու վայրէջքները: Վայրէջքը այս անգամ մի քիչ ավելի շուտ եղավ մի քանի պատճառներով: Նախ, երիտասարդներն անփորձ էին, չկային լիդերներ, չկային հռետորներ: Ինչպես ժամանակին Վանո Սիրադեղյան է ասել՝ մեր ուժը մեր բառադիության մեջ է, այս երիտասարդների ուժը իրենց անկազմակերպվածության մեջ էր»,- այսօր «Հենարան» ակումբում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասին այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա, խնդիրը ոչ այդ 7 դրամն է, ոչ էլ 17 դրամը. «Խնդիրն ունի խորը արմատներ: Դա առաջին հերթին գլոբալ օլիգարխիկ համակարգն է, ընդհանուր անվստահության մթնոլորտը, որ ստեղծվել է դրա հետեւանքով: Արդարության պակասի մթնոլորտ կա, չկա վստահություն դատական, իշխանական, առողջապահական, կրթական համակարգի, ոչ մի բանի նկատմամբ չկա վստահություն, որը պիտի բերեր նման պոռթկում: Վստահությունը շաքար չի, որ իշխանությունը ինչ-որ օլիգարխի ասի՝ ներմուծի»:

Անդրադառնալով շարժման ջլատմանը, որ մի մասը գնաց Ազատության հրապարակ, մյուս մասը Բաղրամյան պողոտայում մնաց, Կարեն Քոչարյանն ասաց. «Թողեք ինչ ուզում են անեն, իրենք կգտնեն ճանապարհը: Դա պառակտում չեմ համարում, համարում եմ նորմալ պրոցես: Յուրաքանչյուր պրոցես ունի իր լոգիկան: Այդ լոգիկայի մեջ է չհամաձայնվելը իրար հետ: Ինչ-որ հարցերի շուրջ ունենալ տարբեր մարտավարություն, տարբեր ռազմավարություն: Մեծ հաշվով ես կարծում եմ, որ իրենք գալու են ընդհանուր հայտարարի: Երիտասարդներին, այդ երեխեքին, այդ տղերքին չեն կարողանալու փչացնեն, եթե իրենք իրենց չփչացնեն: Առայժմ ամեն ինչ նորմալ է ընթանում: Ասում են՝ վախեցան, ծախվեցին՝ հիմար խոսակցություններ են: Տեղական, միջազգային, թե աստվածային աուդիտը, ինչ անուն ուզում եք տվեք, եթե պարզվի՝ որոշի, որ պիտի թանկանա, այս տղերքը նորից պայքարելու են»:

Նա ասաց, որ ձմռանը թեժ ցույցեր են տեսել, եւ գնահատականները, թե ձմեռ կգա, մարդիկ դուրս չեն գա՝ ճիշտ չեն:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը  Բաղրամյան պողոտայում՝ Կարեն Քոչարյանը սկզբում ասաց՝ no comment, հետո շարունակեց. «Պետք է մի քիչ քթի ծակ ունենալ: Կարծում եմ, տարիքի հետ երեւի քթի ծակը կորցնում են ինչ-որ մարդիկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031