Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կիսաավտորիտարից՝ ավտորիտար

Հուլիս 03,2015 11:14

2015 թվականը սկսվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումով: Այս միությունում թերևս ամենաաչք զարնող տարբերությունը Հայաստանի և միության անդամ մյուս երեք երկրների միջև  քաղաքական ռեժիմի տարբերությունն է: Ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ՀՀ քաղաքական ռեժիմը կիսա-ավտորիտար է: Այս տարբերությունները հաշվի առնելով՝ դեռևս 2014 թվականին մենք կանխատեսում էինք, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վրա: Այսօր արդեն կարելի է անել ոչ միայն կանխատեսումներ, այլ՝ եզրակացություններ:

Ըստ ժողովրդավարության համաշխարհային տենդենցներն ուսումնասիրող «Էկոնոմիստ Ինտելիջենս Յունիթ» կազմակերպության 2013 թվականի զեկուցման՝ Հայաստանը համարվում էր կիսաավտորիտար պետություն, որն, ընդ որում, գտնվում էր կիսաավտորիտար և ավտորիտար պետությունների սահմանագծին, ինչը նշանակում է, որ ցանկության դեպքում ավտորիտար համակարգի անցումն այնքան էլ մեծ ջանքեր չի պահանջի: Այլ կերպ ասած՝ Հայաստանը նախքան 2015 թվականն արված բոլոր ուսումնասիրությունների համաձայն ավտորիտարից մի քիչ ավելի լավ վիճակում գտնվող քաղաքական համակարգ ունի: 2015 թվականի շուրջ 6 ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները բռնել է կիսա-ավտորիտար համակարգից ավտորիտարի անցման ուղին:

Սովորաբար ավտորիտար համակարգերը զուրկ են քաղաքական բազմազանությունից, գործող իշխանության լեգիտիմությունը և կայացրած որոշումները հիմնված են լինում էմոցիոնալ փաստարկների վրա, քաղաքական շարժումները և մոբիլիզացումը ապօրինի կերպով խեղդվում է իշխող ուժի կողմից:

ՀՀ-ն լուրջ խնդիրներ ուներ քաղաքական բազմազանության հետ նախքան 2015 թվականը ևս, սակայն նախկինում այն առնվազն առերևույթ պահվում էր: Այդուհանդերձ, գործող իշխանության՝ քաղաքական բազմազանության վերացման ուղղությամբ նախաձեռնած քայլերը 2015 թվականին ավելի բացահայտ էին, քան նախկինում: 2015 թվականի փետրվար ամիսը սկսվեց Հայաստանում երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական կուսակցության ոչնչացմամբ: Սարգսյան-Ծառուկյան փոխադարձ վիրավորանքները, Բարգավաճ Հայաստանի արագընթաց անկումն ու քաղաքական ասպարեզում այս կուսակցության դիրքերի սրընթաց թուլացումը բնականաբար պատահական չէին:

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովում ՀՀԿ-ից հետո երկրորդ ամենաշատ պատգամավորներ ունեցող կուսակցությունն է (37 պատգամավոր): Հետևաբար հենց 2015 թվականին ԲՀԿ-ի դեմ պատերազմը պատահական չէր, այլ նպատակ ուներ ասպարեզից հեռացնել սահմանադրական փոփոխությունների իրագործմանը խոչընդոտելու հնարավորություն ունեցող առավել հզոր քաղաքական ուժին:

Սահմանադրական փոփոխությունները ևս ավտորիտար համակարգի անցման նախանշան կարող են համարվել, քանի որ այս փոփոխությունները հնարավորություն կընձեռեն քաղաքական իշխանությունը առավել հեշտ պահելուն:

Ավտորիտար համակարգերի հիմնական հատկանիշներից ևս մեկը դատական համակարգի կախյալ վիճակն է, կամ այսպես կոչված ընտրովի օրենսդրությունը, երբ իշխող համակարգը օրենքի ուժից վեր է: Իշխող ավտորիտար խումբը կամ անձը կարող է անտեսել օրենքը: Սովորաբար այդ մարդը կամ մարդկանց խումբը  համարվում է օրենքից վեր: Հայաստանում իշխող խմբի օրենքից վեր լինելու ապացույցները բազմաթիվ են:

2015 թվականը աչքի ընկավ նաև ևս մեկ իրադարձությամբ: «Նախախորհրդարան»-ի մի քանի անդամներ ձերբակալվեցին առանց որևէ հիմնավոր ապացույցի: Ավելին՝ գործող իշխանությունը կարողացավ բարեհաջող կերպով էմոցիոնալ նրբերանգներ հաղորդել այդ իրադարձությանը՝ այն կապելով Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ: Էմոցիոնալ արգումենտներով իր քայլերը հիմնավորելով «Նախախորհրդարան»-ի անդամներին ապօրինի կերպով ձերբակալելու համար գործող իշխանությունը բնականաբար պատահական չէր ընտրել վերջին տարիներին հայ հասարակության համար ամենազգայուն և էմոցիոնալ ժամանակահատվածը:

Եթե վերոնշյալին հավելենք նաև անցած վեց ամիսների ընթացքում քաղաքացիական ակտիվություն դրսևորած այլ անձանց հանդեպ բռնությունները, «Նախախորհրդարան»-ի անդամների հանդեպ բռնի ուժի կիրառումը ԼՂՀ սահմանին, սահմանադրական փոփոխությունների ծրագիրը, ջրցան մեքենաների կիրառությունը հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի խաղաղ ցուցարարների դեմ, լրագրողների դեմ բռնությունն ու անօրինական ձերբակալությունները, ինչպես նաև այլ տենդենցներ, ապա կարելի է հստակ արձանագրել 2015 թվականին Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կտրուկ անկումը:

Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող այս փոփոխությունները՝ կարելի է կանխատեսել, որ միջազգային կառույցների հաջորդ զեկույցներում Հայաստանը կհայտնվի ԵՏՄ մյուս անդամների կողքին՝ ավտորիտար երկրների ցանկում:

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031