Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հուլիս 03,2015 10:35

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունհինգերորդ

ԽԱՌԸ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Գեւորը  միակ մարդն է, ում հետ երբեմն-երբեմն  Բերդաձորի Անդոյին հիշում ու Բերդաձորի Անդոյի մասին խոսում եմ, եւ Բերդաձորի Անդոյի մոռացվելու պատճառներից մեկն էլ էն է, որ Անդոն իր ամենամոտիկ ընկերների հետ միասին ավտովթարի ենթարկվեց, եւ, փաստորեն, ընկերովի հեռացան էս աշխարհից, եւ քանի որ սովորաբար մարդու ամենամոիկներն են տվյալ մարդու հիշատակը պահողները, Անդոյի հիշատակը հիմնականում իր նվիրյալ ու հավատարիմ զինվոր Գեւորն է պահում, էն էլ՝ հիմնականում իր ընկճված հոգու խորքում, ու հիմնականում ինձ հետ է իր հրամանատարի մասին ասում ու խոսում, ու էդ է պատճառը, որ Գեւորն ամեն ինձ տեսնելիս՝ ուրախությունից աշխարհով մեկ է լինում, եւ չնայած ես էլ եմ Գեւորին տեսնելիս ուրախանում, այդուհանդերձ, Գեւորին տեսնելիս նաեւ մի տեսակ ընկճվում ու տխրում եմ, եւ տխրությանս պատճառը մեր կյանքն է, եւ կյանք ասելով՝ մերօրյա էս վայրի ու վայրենի  կապիտալիզմը նկատի ունեմ, եւ չնայած արդեն քառորդ դար է՝ ինչ էս  կյանքի մեջ ենք, հիմա նոր-նոր եմ իմ ու բոլորի վիճակը հասկանում, եւ բոլոր ասելով՝ իսկապես բոլորին նկատի ունեմ՝ աղքատներին ու հարուստներին հավասարապես, որովհետեւ մեր առաջացրած էս անհեթեթ ու անմարդկային իրականությունը մինչեւիսկ մեծահարուստների համար է տհաճ ու վտանգավոր, եւ, իհարկե, էս ասածս ընդամենը ենթադրությունս է, որովհետեւ երբեւէ մեծահարուստ չեմ եղել , եւ չնայած երբեւէ  մեծահարուստ չեմ եղել, շատ մոտիկից լիքը մեծահարուստներ եմ տեսել ու նկատել եմ, որ իրենք էլ են բազում հոգսերով լեցուն՝ ինչպես սովորական մահկանացուներս, եւ իրենց ուրախությունն ու ժպիտներն էլ են հիմնականում սարքովի ու կեղծ՝ ինչպես սովորականներինս, եւ ահա՝ էս ամենի մասին ավելի ու ավելի  հաճախ մտածելով, սկսում եմ նաեւ մտածել, որ բոլորեքյան մեզ շուրջկալած էս վայրենի կյանքը մեզ համար ապագա չի, եւ բարեբախտություն էր, որ առաջ էս բաների մասին էսքան շատ չէի մտածում, եւ հիմա նոր եմ հասկանում, որ եթե մի բանի մասին չես մտածում, էդ բանը դադարում է գոյություն ունենալ, եւ, ընդհակառակը, եթե մի բանի մասին շատ ես մտածում, էդ բանը, եթե նույնիսկ իրականում գոյություն չունի էլ, իրականություն է դառնում եւ ձեւ ու մարմին է ստանում, ու էս վեպիս առումով էլ է էդպես. երբ օրերով ու ամիսներով սովետական էն թվերի ու երիտասարդության մեր էն տարիների մասին էի գրում, մի էնպիսի անհոգություն էր ինձ պատել՝ ինչպիսին Սովետի օրոք ինձ ու սերնդակիցներիս շուրջկալած մշտական անհոգությունն էր, եւ իմ սերունդը սովետական միակ սերունդն էր, որ Սովետի լավագույն քսանհինգ ու երեսուն տարիներն ըմբոշխնեց ու անմնացորդ վայելեց, եւ, որ ամենակարեւորն է, իմ սերունդը Սովետի լավագույն  քսանհինգ ու երեսուն տարիներն անմնացորդ ըմբոշխնելով ու վայելելով՝ Սովետի վատագույն տարիներին ընդհանրապես անհաղորդ մնաց, եւ չնայած իմ սերունդը Սովետի լավագույն  տարիներն անմնացորդ ապրեց, այդուհանդերձ, Սովետը հենց իմ սերունդը քանդեց, եւ չնայած ասվում է թե՝ քանդողն անձամբ Գորբաչովն էր, եւ չնայած ուրիշներն էլ Ելցինի վրա են գցում, եւ չնայած մարդիկ էլ կան, որ Սովետի քանդվելն ամբողջովին Ամերիկայի հետ են կապում, այդուհանդերձ, ես էն կարծիքին եմ, որ Սովետի քանդվելու մեջ ամենամեծ դերը հենց սովետական ժողովրդինն էր, եւ իմ սերնդինը՝ առաջին հերթին, եւ չնայած էդ գործի մեջ անձամբ խառը չեմ եղել, անձամբ ինձ էլ եմ էդ գործի մեջ մեղսակից համարում, որովհետեւ  սովետահայ ամենակարկառուն դիսիդենտներն իմ սերնդակիցներն էին, եւ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքն էլ էին իմ սերնդակիցները, եւ կոմիտեի տղերքից որոշների վրա որոշակի ամագ ունեի, եւ չնայած Սովետի օրեք սովետական դիսիդենտներից միայն բանաստեղծ Բաբայան Վիգենին եմ անձամբ ճանաչել, Սովետը քանդելու օրերին ու մանավանդ դրանից հետո Ազատին, Աշոտին, Անդոյին, Վարդանին, Մերուժին, Պարույրին, Ռազմիկին ու էլի մի քանիսին բավական մոտիկից ճանաչեցի, եւ պարզվեց, որ իրենց առումով էլ որոշակի ամագ ունեմ, որովհետեւ Նավասարդյան Աշոտից մի գեղեցիկ օր իր իսկ կուսակցության կաբինետում հաճելիորեն տեղեկացա, որ իրենք ու անձամբ ինքը աքսորավայրում «Գարուն» ու «Գրական թերթ» են ստացել ու կարդացել, եւ իբրեւ իր ասածի վկայություն՝ Աշոտն իր իսկ կուսակցության կաբինետում բանաստեղծություններիցս մեկի մի քառատողը փառահեղորեն արտասանեց, ավելի ստույգ՝ դա ոչ թե իր կուսակցության կաբինետն էր, այլ՝ Ճարտարապետների միության էն ժամանակվա նախագահ Արծվին Գրիգորյանինը, որովհետեւ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ ամիսներին արդեն Ճարտարապետների միության շենքն Աշոտի ու իր համախոհների կողմից գրավված էր, ու էդ գրավյալ տարածքը դեռեւս ոչ թե «Հանրապետական կուսակցություն» էր կոչվում, այլ՝ «Ազատագրական բանակ», եւ, փաստորեն, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունում երկիշխանություն էր, ավելի ճիշտ՝ եռիշխանություն ու ավելին, որովհետեւ, չնայած երկիշխանության գրեթե կեսի կրողը «Ղարաբաղ» կոմիտեն էր, Պարույրը, Ազատը, Աշոտը, Մոսոն ու մյուս դիսիդենտներն էլ իրենց չափով ազդեցություն ու կշիռ  ունեին, եւ հիմա էս բաները որ սկսեցի հիշել, ամենեւին էլ պատահական չի, որովհետեւ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են նախագահի հերթական ընտրությունները, եւ հերթական անգամ պաշտոնապես երկրորդ տեղը գրաված թեկնածուն հայտարարում է, որ ինքն է հաղթել, ու էս անգամ բարոյական հաղթանակի տերն ու կրողը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031