Լրահոս
Օրվա լրահոսը

Վառենք մե՛ր մոմը

Հուլիս 03,2015 10:08

Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում Հայաստանի քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը: Պարզապես երբեմն մարդկանց շահերն այնպես են դասավորվում, որ նրանք դառնում են բռնություն իրագործողներ կամ ջատագովներ: Կոնկրետ տվյալ՝ Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ: Ինչո՞ւ: Որովհետեւ, հավանաբար, այդ մարդիկ որոշակի հոգեբանական խնդիրներ եւ բարդույթներ ունեն՝ «բռունցք» եւ «տղամարդկություն» ցույց տալու: Հիշո՞ւմ եք, այդպիսի նախագահ էլ ունեինք, որը բռունցքի սկզբունքային կողմնակից էր:

Որոշ ընդդիմադիրներ նույնպես կցանկանային, որ բռնություն կիրառվեր. նրանք հաշվարկում են, որ այդպիսով իրավիճակը կսրվի, եւ դա ճանապարհ կբացի իրենց բաղձալի նպատակի՝ իշխանափոխության համար: Այս մի խումբը, բնականաբար, ձգտում է ռադիկալացնել բողոքը եւ ամեն ինչ անում է, որ Բաղրամյան պողոտան շարունակի փակ մնալ:

Բռնության մեջ շահ ունեցող մարդկանց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբի վարքը դատապարտելի չէ. նրանք քաղաքական մարդիկ են, նրանց «աշխատանքն» է իշխանություն պահելը կամ իշխանություն վերցնելը: Դրանով նրանք չեն տարբերվում որեւէ այլ երկրի քաղաքականացված զանգվածից:

Իսկ մնացածնե՞րը: Այստեղ, իհարկե, որքան մարդ՝ այդքան կարծիք: Կարող եմ խոսել միայն իմ մասին: Ես, օրինակ, Բաղրամյան պողոտան չէի փակի, քանի որ իմ սկզբունքների մեջ մտնում է «գործի» հետ առնչություն չունեցողներին (այնտեղ ապրող կամ խցանումների մեջ սպասող մարդկանց) նեղություն չտալը:

Ինչ մնում է բուն բռնությանը, ապա այստեղ նույնպես ամեն մեկը պետք է խոսի իր, ոչ թե որեւէ խմբի, առավել եւս՝ ոչ ժողովրդի անունից: Այն, ինչ ես անում եմ, ուղղված չէ նրան, որ որեւէ մեկն ինձ դրվատի կամ քննադատի: Ոչ էլ այնքան ինքնասիրահարված եմ, որ կուրծք ծեծեմ եւ ասեմ՝ տեսա՞ք, ինչ արեցի: Պարզապես ամեն րոպե ես ինքս ինձ մի հարց եմ տալիս՝ ի՞նչ եմ ես անում, որ իմ հոգում, իմ տանը, իմ աշխատավայրերում, իմ շփման միջավայրում, իմ երկրում եւ ամբողջ աշխարհում մթնոլորտը լինի ավելի խաղաղ եւ հանդուրժող: Եվ այդ համատեքստում պարտքս եմ համարում իմ ուժերի սահմաններում որեւէ մեկի կողմից որեւէ բռնություն թույլ չտալը, կանխելը՝ բանավոր կամ գրավոր խոսքով եւ վարքով: Բռնությունը՝ որպես պայքարի կամ «հակապայքարի» մեթոդ, պետք է սկզբունքորեն բացառվի, արդարացումները՝ «բա մենք», «բա նրանք», չպետք է ընդունվեն որպես «հարգելի»:

Արդյո՞ք դա բոլոր դեպքերում ստացվում է: Իհարկե՝ ոչ: Չի կարող միշտ ստացվել: Բայց ես վստահ եմ, որ մեկ բարի խոսքը կամ մեր բարի արարքը, որքան էլ փոքր լինի, եթե այն անկեղծ է, ավելի մեծ զորություն ունի, քան մեզ շրջապատող չարի եւ ատելության մի քանի մետրանոց ալիքները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Քարոզելով հանդուրժողականություն և «ոչ բռնություն» անկախ ամեն ինչից՝ դուրս եք ընկնում ժամանակից, միաժամանակ ապահովելով ձեր անձնական անվտանգությունը՝ անկախ իշխանության տեսակից… հասարակության հաշվին։
    Եթե մարդիկ լինեին «հանդուրժող» հասարական հարաբերությունների զարգացում չէր լինի։
    Եթե Ա. Աբրահամյանը լիներ ստրկատիրության ժամանակ՝ քարոզելու էր ստրուկներին որ հանդուրժող լինեն ստրկատերերի նկատմամբ, իսկ ստրկատերերին՝ «հանդուրժող» ստրուկների նկատմամբ (եթե հնարավոր է, իրենց անձնական հաճույքների համար՝ շատ ստրուկներ չսպանեն…)).. )։
    Միևնույն ժամանակ՝ ցանկացած պահի դեմ լինելով բռնությանը (ձեր գաղափարախոսությունն է…) միշտ՝ ներկա չեք լինելու բռնության առաջին դրսևորմանը, հայտնվելու եք հետո՝ բռնությունը դադարեցնելու կոչերով… և բռնելու առաջինը ագրեսիայի ենթարկված և պատասխան հարված հասցնելու պատրաստվող մարդու (հասարակական խմբի) ձեռքերը… ինչ ձեզ՝ ավտոմատ կերպով, դարձնում է առավել ուժեղի և առավել ագրեսիվի (տվյալ դեպքում՝ իշխանությունների) «դիրքերի» հավերժացման՝ անխոնջ «մարտիկ»։
    Այդ՝ «բարության» կոչերը՝ անկախ ամեն ինչից՝ հասարակական հարաբերությունների իմոբիլիզմի կոչեր են։
    Պատկերավոր ասած՝ կա քարեր նետելու և քարերը հավաքելու ժամանակ…
    Ձեր մոտ՝ միշտ քարերը հավաքելու ժամանակն է…

  2. henri says:

    Նման շարժումներ միշդ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ կը սկսին եթէ կարենան սկզբնական շարժառիթին վրայ անտեղիտալի մնալ կարելի է խորհիլ որ լաւ առաջնորդուած են եւ յոյս կու տան համեմատաբար աւելի երկար տոկալու ,բայց երբեք ինքնախաբէութիւնը չունենան որ պետական մեքենային հրետանիներով օժտուած են-քաղաքին գլխաւոր փողոցը գոցելը զիրենք չի հետաքրքրեր։այս վերջին տարիներուն քանի գլխաւոր փողոցներ տարիներով փակ մնացին օլիկարգի մը շինութիւնը առաջ տանելու համար։արդեօք որեւէ ոստիկանապետ եկաւ իր բանակով փողոցը ազատագրելու? ։ պետութեան մէջ սրիկաները կը վխտան իսկ փողոցին մէջ՝ Միամիտները ,
    ինքզինքնին ՆԻՈՒ -ԵՕՐՔ կարծողներ ալ կան -հասարակ եւ անկիրթ պաստառներով կը կարծեն արդէն ԱՄՆ-ի ժողովրդավարական մակարդակին հասած են։Մանկապարտէզի ձագուկները հրապարակ բերելը արդէն ամէնէն անբարոյական երեւոյթն է եւ ցոյց կու տայ որ լաւ սկսուած շարժումը արդէն ճեղքեր սկսած է տալ ։Եւրոմիութեան դրօշակի կռիւն ալ շեղումի գագաթնակէտն է։
    Ասկէ վերջ լաւ հետեւեցէք եւ պիտի տեսնէք թէ Ելեկտրութեան սակագինի բարձրացումով սկսած առողջ եւ արդար շարժումը դեռ ուրտեղերը կրնայ հասցնել հրապարակը։Խոհեմ պիտի ըլլայ որոշ առաւելութիւն մը ձեռք բերելէ վերջ իմաստութեամբ կանգ առնել եղածն ալ չկորսնցնելու համար։

  3. Մարդ says:

    « քանի որ այս ապագայատենչ թեման շուտվանից չի շոշափվում ապա փորցեմ ես»,
    Հայաստան 2040 :
    Քաղաքականացված զանգվածը անցել է վիրտուալ պայքարի.
    Հավաքները կատարվում են մի միայն Ինտերնետային ցանցերում .
    Ընդդիմադիրները իշխանափոխության համար պայքարում են միայն «mail» երի միջոցով.
    Բաղրամյան պողոտան լրիվ բաց է . Այնտեղ ապրող մարդկանց նեղություն չտալը ապահոված է:
    Նստացույց եվ հացադուլ անելը կատարվում է միայն տանից «webcam» ի միջոցով………….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031