Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհանգստացնող հանգամանքն այն է, որ դեռ չկա որոշումներ ընդունելու մեխանիզմ»

Հուլիս 03,2015 15:30

Ստեփան Դանիելյանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցի մասին

ՀՀ նախագահի՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը ժամանակավորապես չեղարկելու եւ ծախսերը կառավարության միջոցով փակելու մասին հայտարարությունը խախտեց Բաղրամյան պողոտայում ձեւավորված միասնությունը: Այս իրադարձություններին հաջորդեցին որակումները՝ Ազատության հրապարակ գնացածների եւ Բաղրամյանում մնացածների մասին: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը համարում է, որ մեր աչքի առջեւ մի գործընթաց է զարգանում, նույնիսկ նորմալ է համարում, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը սկզբում մեղադրեց Բաղրամյան պողոտայում մնացածներին, հիմա արդեն որոշել է ինքն էլ գնալ եւ շարունակել պայքարն այնտեղ արդեն որպես մասնակից եւ ոչ թե նախաձեռնող. «Կուսակցություն չէ, որ քաղաքական որոշում ընդունի: Սա հանրային նախաձեռնություն է, հնարավոր է՝ ընթացքում տարբեր տեսակետներ հնչեն»,- ասում է պարոն Դանիելյանը: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակում երկու զարգացումներ էին սպասվում, որոնք էլ եղան. կամ գործընթացը տանել Ազատության հրապարակ եւ շարունակել ճնշումները իշխանության վրա, կամ մնալ Բաղրամյան փողոցում, շարունակել պայքարը. «Բաղրամյան պողոտայում մարդիկ սոցիալական, քաղաքական պահանջներ են լուծում. գուցե եւ դա ճիշտ է, այստեղ մի նոր ռազմավարություն ձեւավորվեց՝ «ձայն բազմաց՝ ձայն Աստծո», ինչը մեզ մոտ երբեւէ չի եղել:

Մեծամասնությունը շարունակում է պահել փողոցը, եւ գուցե ճիշտ է մնալն այստեղ»,- ասում է պարոն Դանիելյանը: Նա կարծում է, որ այստեղ անհանգստացնող հանգամանքն այն է, որ դեռ չկա որոշումներ ընդունելու մեխանիզմ, եւ որ այս պարագայում ճիշտ է, որ առաջնորդներ չկան. «Շատ ճիշտ է՝ հատկապես հայկական մշակույթը հաշվի առնելով, սա չի նշանակում՝ չունենալ որոշումների կայացման մեխանիզմներ, կարող են ձեւավորվել խորհուրդներ, որոնք կարծիքներ կփոխանակեն, ինչը որոշում կայացնելու մեխանիզմ թույլ կտա,- ասում է պարոն Դանիելյանը եւ հիշատակում, որ առաջնորդներ ունենալով՝ մենք երբեք որեւէ բանի չենք հասել:- Պետք է հանրային կառույց ձեւավորել, որտեղ կարող են լինել տարբեր մասնագիտական, տարբեր գործառույթներ իրականացնող խմբեր, որոշում ընդունելու մեխանիզմ մշակել: Բնականաբար, բոլոր կարծիքները չեն ընդունվի. կլինի որոշակի ֆիլտրացիա: Դա պետք է ավելի շուտ լիներ, սակայն հույս ունեմ, որ նման գործընթացներ կլինեն: Դա թույլ է տալիս հանրությանը կազմակերպվել»:

Անդրադառնալով այն հարցին, որ անընդհատ շրջանառվում է այն կարծիքը, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումն ուղղորդվում է, մեր զրուցակիցն ասում է. «Իմ կարծիքով՝ դա չի կարող չլինել, որովհետեւ կան տարբեր շահեր ունեցող խմբեր, որոնք ուզում են ուղղորդել, տարբեր նպատակներ հետապնդել, առաջնորդել: Դրանք կարող են լինել նաեւ պետական մարմիններ, կարող են լինել ոչ քաղաքական միավորումներ, որոնք ինչ-որ շահեր կարող է ունենան, եւ, բնականաբար, կլինեն կազմակերպված վարկաբեկված մեխանիզմներ. դրանք միշտ եղել են, ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ վայրերում, հատկապես, որ այսպիսի շարժում է, եւ սոցիալական ցանցեր կան, բնականաբար, նման փորձեր պիտի արվեն»: Ուղղորդումից եւ մանիպուլյացիայից խուսափելո համար պարոն Դանիելյանը խորհուրդ է տալիս նաեւ մասնագիտական խմբերի հետ քննարկած եւ ընդունած մի քանի որոշումները քննարկել նաեւ հանրության հետ:

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ վերջին զարգացումներից շարժումը չտուժեց. «Շատ առողջ գործընթաց է: Այնպես չէ, որ ինչ-որ բան եղավ, ինչ-որ բան ունեինք, հիմա չենք ունենալու, սա գործընթաց էր, որի ընթացքում մարդիկ փոփոխվում են, իրենց մտածողությունն է փոփոխվում, հուսահատվում են, հուսալքվում են կամ հակառակը՝ ավելի են վստահ զգում իրենց: Ամենակարեւորը սկզբունքներ ու արժեքներ պետք է լինեն, որոնք մարդկանց կմիավորեն եւ այս գործընթացը առաջ կտանեն,- ասում է նա եւ նշում, որ իր համար ամենակարեւորը սակագնի թանկացման որոշումը չեղարկելը չէ:- Ինձ համար կարեւորը արժեհամակարգեր ձեւավորելն է: Որոշման չեղարկումը կարծես թե, ըստ էության, արդեն կա: Պահանջում են, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ հայտարարություն անի, բայց ինքը չի կարող դա անել: Նախ նա պետք է հիմնավորի չեղարկելու պատճառները, որովհետեւ նախկինում հայտարարել է, որ հնարավոր չէ: Հիմա եթե հայտարարի, որ հնարավոր է, ուրեմն հաջորդ քայլով պետք է հրաժարական տա, որովհետեւ վերջնականապես կվարկաբեկվի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031