Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ռուսական կողմը ՀԷՑ-ի վնասները բարդում Հայաստանի վրա

Հուլիս 03,2015 15:00

Այս խնդրի քաղաքական աստառը

ՀԷՑ-ի խնդրի համատեքստում հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մասնավորապես, ռուսական կողմից ավելի հաճախադեպ են դարձել այն հայտարարությունները, թե հայկական կողմն է մեղավոր ՀԷՑ-ի վնասների համար: Օրինակ՝ «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել. «Հայաստանի էլեկտրական ցանցերի վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի պատճառով են եղել»: Նրա խոսքով՝ 11 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի ոչ բավարար չափով բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրանքի նվազումը բերել են նրան, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը չեն ստացել 37 մլրդ դրամ եկամուտ: Կովալչուկը նաեւ հավելել է, որ ավելի վաղ կազմակերպությունը կարողացել է փակել ֆինանսական ճեղքվածքները վարկերի միջոցով, սակայն հետագա փոխառությունների հնարավորություններն այսօր արդեն վերջացել են: Զուգահեռաբար ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքին խնդիրն է, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այդ հարցը հեռախոսազրույցում չեն քննարկել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է. «Այն, իհարկե, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ Հայաստանի ներքին խնդիրն է»:

Իհարկե, սակագին որոշելու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, ու թեեւ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որ «Հայկական էլցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինին ազատել են աշխատանքից, բայց մյուս կողմից՝ Կովալչուկի հայտարարությունը ըստ էության նպատակ ուներ մեղքերը Բիբինի վրայից հանելու: Արդյոք այս զարգացումներն ավելի հեռուն չե՞ն գնում, մասնավորապես դեպի այն, որ խոշոր հաշվով սա ռուսական կողմի դժգոհության արտահայտությունն է ՀՀ իշխանություններից:

«Առավոտը» ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյից հետաքրքրվեց՝ Ռուսաստանի կողմից ՀՀ իշխանությունների հանդեպ դժգոհություն չի՞ նկատվում, եւ արդյոք արդարացվա՞ծ են ռուսական կողմի՝ ՀԷՑ-ի վնասները միայն հայկական կողմի վրա բարդելու քայլերը: Պարոն Բոժկոն պատասխանեց. «Որքան գիտեմ, այդ կազմակերպությունը տեր ունի, այն սեփականություն է, որը պատկանում է Ռուսաստանին: Այդ տեսանկյունից, իհարկե, կան խնդիրներ այն իմաստով, որ իրոք այն կազմակերպությունները, որ աշխատում են Հայաստանում, պիտի հաշվի առնեն ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերը»: Ըստ Բոժկոյի՝ Ռուսաստանը դժգոհություն չունի ՀՀ իշխանություններից, նրանց հարաբերությունները սերտ են: Մեր այն դիտարկմանը՝ ռուսական ԶԼՄ-ներն են սկսել քննադատել հայաստանյան իշխանություններին, Կրեմլին մոտ կանգնած հայտնի ռուսաստանաբնակ հայեր են սկսել քննադատել, օրինակ՝ Արա Աբրահամյանը, նախկին դեսպանն արձագանքեց. «Դա հասարակ մի կազմակերպություն է, եւ ինքը պարզապես հայտարարում է, որ տեսնում է այս իրադարձությունները հենց այդպիսի զարգացման մեջ»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համամիտ է, որ ՀԷՑ-ի խնդիրն ու սակագնի հարցը մեր ներքին խնդիրն է, ու նշում է. «Այդ հայտարարությունները ռուսական կողմից չեն, այլ մասնավոր օղակից: Խոսքը ոչ թե պետական կառույցների մասին է, ասենք՝ ԱԳՆ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, այլ էներգետիկ հանձնաժողովի ղեկավար մարմնի մասին, ու եթե անգամ հայկական պետական մարմիններն են ասում, որ կոռուպցիոն խնդիրներ են եղել, ուստի տրամաբանական է, որ նրանք բոլոր մեղքը փորձում են գցել Հայաստանի վրա»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ կռվան ունի հայկական կողմը, մանավանդ, որ հակադարձման դեպքում ՀԷՑ-ը կարող է բացահայտել այն խոշոր գործարարներին, որոնք հոսանքի համար վճարելուց խուսափել են, պարոն Մինասյանն արձագանքեց. «Այդ հարցի լուծման միակ տարբերակն է փորձել աուդիտ անել»: Պարոն Մինասյանը այն կարծիքին չէ, որ ՀՀ իշխանությունները կախման մեջ են Ռուսաստանից, ուստի նրանց նկատմամբ դժգոհություն հայտնելու խնդիրն էլ առանձնապես չպետք է մտահոգի ՀՀ իշխանություններին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե լավ էլի, դարձյալ նույն սխալը` …սակագին որոշելու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, ու թեեւ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել….

    ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ արտահոսք, ոչ թե ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ: Սա ձեր հեղինակ Տաթեւ Հարությունյանի համար սովորական սխալ է դարձել: Նրա առաջին նյութը չէ, որ նման սխալ կա: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ արտահոսք ձեւակերպումը անհեթեթ է: Ջրի հոսք է չէ, ոչ թե հոսքի հոսք: Օդի շարժումը քամի է, քամին տեղով շարժում է, քամու քամի չկա: Քամու քամի` ծիծաղելի ձեւակերպում է: Նույն տրամաբանությամբ` չկա տեղեկատվության արտահոսք, կա տեղեկության արտահոսք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031