Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Հակոբյանին «Կարմենում» չենք տեսնի

Հուլիս 03,2015 14:00

Ճանաչված բարիտոնի գրաֆիկը «արտասահմանյան» բովանդակություն ունի

Ճանաչված, նույնիսկ լեգենդար արվեստագետների ստեղծագործական կյանքում հաճախ լինում են անհավանական դիպվածներ: Օրերս OPT հեռուստաալիքով Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր, Մեծ թատրոնի նախկին պրեմիեր պարող Նիկոլայ Ցիսկարիձեն տարակուսանք հայտնեց այն մասին, որ 2014թ. օպերային դիվա Ելենա Օբրազցովայի ծննդյան 75-ամյակի առիթով Մեծ թատրոնում կայացած երեկոյի համար Օբրազցովան սեփական միջոցներով է վարձակալել դահլիճը: Ի դեպ, երգչուհին ողջ կարիերայի ընթացքում մշտապես մերժել է մշտական աշխատանքի հրավերներն արտերկրյա հեղինակավոր թատրոններից՝ հարազատ մնալով Մեծ թատրոնին: Հայաստանում «մերժելու» փորձ ունի շուրջ 10 տարի հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանը:

«Առավոտը» նրան հիշեցրեց, թե ինչպես է 2011թ. հրաժարվել Վալենսիայի օպերային թատրոնում Բիզեի «Կարմենում» Էսկամիլիոյի դերերգով հանդես գալուց, այն դեպքում, երբ ներկայացումը ղեկավարելու էր աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մետտան, պատճառաբանելով, որ զբաղված է Երեւանի օպերային թատրոնում Վերդիի «Աիդա» ներկայացման մեջ: Այս առիթով երգիչը բարձրաձայնեց, որ նման սխալ էլ երբեք չի կրկնի: Դիտարկմանն էլ, թե չի կրկնի, քանի որ անպակաս են արտասահմանյան թատրոններից հրավերները, Գեւորգ Հակոբյանը նախ նշեց, թե իր դեպքում առանձնակի դեր է գրավում Երեւանի օպերայի թատրոնը, հետո էլ պատասխանեց. «Վերջերս Գերմանիայի Քիլ քաղաքում մասնակցեցի Վերդիի «Նաբուկո» օպերայի փորձերին: Ներկայացման պրեմիերան կկայանա օգոստոսին, 10 հազար հանդիսականի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնում: Սա միջազգային նախագիծ է: Բեմադրության ռեժիսորը Գերմանիայից է՝ Օլաֆ Ստրիբը, դիրիժորը Իտալիայից՝ Ֆրանչեսկո Չիլուֆոն, իսկ գլխավոր դերերգերով հրավիրված երգիչների մեծ մասը իտալացիներ են»: Հավելեց նաեւ, թե շուրջ մեկ ամիս ձգված փորձերին 3 օրով մեկնել է Կազանի օպերային թատրոն, «կերտել» Նաբուկոյի կերպարը, ապա կրկին վերադարձել Գերմանիա՝ շարունակելու փորձերը:

Հետաքրքրությանը, թե Գերմանիայից անձամբ ո՞ւմ կողմից է ստացել հրավերը, երգիչը նշեց, որ 2014թ. Քիլի օպերային թատրոնում Ումբերտո Ջորդանոյի «Անդրեա Շենիե» օպերայում կատարել է Ժերարի՝ գլխավոր դերերգը. «Կայացած ներկայացմանը ներկա էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որից ստացել եմ այս հրավերը, ավելին՝ մինչեւ տարեվերջ Քիլի թատրոնից ունեմ դարձյալ հրավեր հանդես գալու Սկարպիայի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում», ընդ որում՝ 14 անգամ»:

Կատակեցինք, թե 2011-ին Վալենսիայի թատրոնում Զուբին Մետտայի ղեկավարությամբ Էսկամիլիոյի դերերգից հրաժարվել է, փոխարենը հուլիսի 16-ին մեր թատրոնում Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերային իրեն կտեսնենք այդ դերերգով: Գեւորգ Հակոբյանը հայտնեց, որ հենց «Կարմենի» պրեմիերայի օրը ինքը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ Մարիինյան թատրոնում աշխարհահռչակ հայազգի սոպրանո Մարիա Գուլեգինայի ընկերակցությամբ հանդես է գալու Պուչինիի «Տոսկայում»՝ Սկարպիայի դերերգով: Հարցին, թե մեր թատրոնում չգիտեի՞ն այդ մասին, գուցե հնարավոր լիներ ինչ-որ բան անել, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ թատրոնի գլխավոր դիրիժորը տեղեկացված էր: Արվեստագետն ասաց, որ Մարիինյան թատրոնից հետո կրկին հրավերով կմեկնի Իտալիա, որտեղ կայանալու են միջազգային մասշտաբով որոշակի ճանաչում ունեցող օպերային երգիչների լսումներ մրցութային ձեւաչափով՝ արեւմտյան օպերային թատրոններում դերերգերով հանդես գալու նպատակով:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ օպերային թատրոնում օրերս գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Գեղամ Գրիգորյանի նշանակման մասին, մանավանդ որ, ըստ տարածված լուրերի, աշխարհահռչակ տենորն է Գեւորգ Հակոբյանի՝ իբրեւ օպերային երգիչ, կնքահայրը: «Մեծանուն երգիչ, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը մինչ իմ մուտքը օպերային թատրոն ինձ չի ճանաչել: Թատրոն ոտք դնելուց հետո մեծ մարդուն հատուկ որակներով օժտված մաեստրոն ինձ իսկապես աջակցել է եւ օգնել: Այո, օպերային արվեստում նա իմ կնքահայրն է»,- ասաց Գեւորգ Հակոբյանը:

Հարցին էլ, թե ինչու վերջերս հրատարակված իր առաջին CD-ում (լուսանկարում) միայն ռոմանսներ են, այլ ոչ արիաներ օպերաներից, Գեւորգ Հակոբյանը նշեց, թե արիաներով CD-ների դեռ կհանդիպենք, ինչ վերաբերում է նոր թողարկված CD-ին, ասաց, որ իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապա պատասխանեց. «CD-ում ընդգրկված են հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի ներկայացուցիչների 10 ռոմանսները, այդ թվում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վաղարշակ Կոտոյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Աբրահամյանի, դարձյալ անվանի բանաստեղծներ Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Գեւորգ Էմինի, Աշոտ Գրաշու ստեղծագործություններով: Համոզված եմ, սա անհրաժեշտ է ոչ միայն այսօրվա մեր երաժշտասեր հանրությանը, այլեւ եկող»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031