Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես ձեւավորել դասական կիթառի լսարան

Հուլիս 03,2015 13:30

Երեւանյան միջազգային կիթառի փառատոնի կազմակերպիչ
Ժորա Սարգսյանի «դեղատոմսը»

Հուլիսի 6-ից մեկնարկում է Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 24-ը: Նման փառատոն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը, Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը նախաձեռնել են Երեւանի Կիթառահարների եւ Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Նրա խոսքով՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք առաջին համերգի ծրագիրն ամբողջովին բաղկացած է լինելու պրեմիերաներից, կատարվելու են դասական լուրջ ստեղծագործություններ՝ սկսած Բարոկո դարաշրջանից՝ ավարտած մեր օրերով:

Ժորա Սարգսյանը հայտնեց, որ փառատոնի նպատակն է մեր տարածաշրջանում զարգացնել ու քարոզել դասական կիթառը: Նրա խոսքով, Հայաստանում բազմաթիվ հրաշալի կիթառահարներ կան, որոնց որակի բարձրացման համար անհրաժեշտ է նման փառատոնը: Ճանաչված կիթառահարի խոսքով, փառատոնը հնարավորություն կտա հայ դասական կիթառահարներին ծանոթանալ դասական կիթառի միջազգային դպրոցին:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ փառատոնի շրջանակում նախատեսված է 4 համերգ եւ 6 վարպետության դաս: Ինչ վերաբերում է բացման համերգին, բացի Ժորա Սարգսյանից, այդ օրը հանդես կգա նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր, հանրաճանաչ դասական կիթառահար Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա): «Քանի տարի է՝ Վրաստանը փորձում է հրավիրել Դավիթ Դյակովին, բայց չի կարողանում»,- փաստեց Ժորա Սարգսյանը:

Հավելեց, որ փառատոնի հյուրերն են Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի եւ Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդեռլանդներ):

Փառատոնի փակմանը լինելու է կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հեղինակն է Ռոլֆ Ստրավերը: Գործը, որ գրվել է հատուկ Ժորա Սարգսյանի համար, կոչվում է Stimmen der Vergangenheit, այսինքն՝ ձայներ անցյալից: Համերգը կկայանա Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում:

Հավելենք, որ Ժորա Սարգսյանը Երեւանի Կիթառահարների ասոցիացիայի նախագահն է, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը: Մեզ հետ զրույցում Ժորա Սարգսյանը նշեց, որ մեծ է ցանկությունը՝ ձեւավորել դասական կիթառի լսարան, քանի որ ժողովուրդը ծանոթ է դաշնամուրին, ջութակին, բայց ո՛չ դասական կիթառին: Նա ափսոսանքով հայտնեց, որ այսօր հայ կոմպոզիտորները դասական կիթառի համար չեն ստեղծագործում. «Բազմիցս այդ թեմայով զրուցել եմ շատ կոմպոզիտորների հետ, մեծ մասը ցանկություն է հայտնել ստեղծագործել: Հայաստանում նաեւ այդքան էլ ծանոթ չեն դասական կիթառի հնարավորություններին եւ բացակայում են մասնագիտական կադրերը»: Երեւանյան միջազգային կիթառի փառատոնի կազմակերպիչը համոզված է՝ իրենց փառատոնը ինքնատիպ է. «Ոչ մի փառատոն նման ծրագիր չունի, ոչ մի համերգ դասական կիթառ չի ընդգրկում, հազվադեպ՝ 2-3 տարին մեկ կարող է դասական կիթառի ինչ-որ համերգ լինել եւ մեկ համերգով ամեն ինչ ավարտվել: Հուսանք, որ այս փառատոնը շարունակական կլինի, նպատակ ունենք նաեւ, որ այն վերաճի մրցույթի: Ցավոք, այս պահին մենք չունենք դասական կիթառահարների այն քանակությունը, որ միջազգային մրցույթի ներկայացնենք: Բայց մենք կարող ենք հնարավորություն ընձեռել, որ դասեր վերցնեն, իրենց պատրաստենք, որ հետագայում մասնակցեն միջազգային մրցույթի»: Ժորա Սարգսյանը հավելեց, որ հայ կոմպոզիտորներից գրել են ու գրում են կամերային երաժշտության գործեր, բայց դրանք համահունչ չեն դասական կիթառի համար պահանջվող չափանիշներին, եւ ժամանակին միայն Էդուարդ Բադալյան կոմպոզիտոր-կիթառահարն է ունեցել փոքր գործեր՝ դասական կիթառի համար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031