Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Մենք Բաքվից վերադարձանք գլուխներս բարձր»

Հուլիս 03,2015 13:00

Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանն առաջիկա օրերին մամուլի ասուլիս է հրավիրելու եւ մանրամասն խոսելու է Խաղերի օրերին հայաստանցիների անվտանգության ապահովման մակարդակի, մրցավարության եւ մեր մարզիկների մասնակցության մասին: Այդուհանդերձ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը որոշակի առումով ինչ-որ չափով տեղի տվեց մեր համառությանը եւ շատ հակիրճ պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող բազմաթիվ հարցերից մի քանիսին:

– Պարոն Ռոստոմյան: Ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք Ադրբեջանում մեր մարզիկների ցույց տված արդյունքներից:

– Մենք Բաքու մեկնեցինք եւ վերադարձանք գլուխներս բարձր: Այնտեղ Հայոց Եռագույնը բարձրացրեց հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը, մեր մարզիկներից մի քանիսն էլ շատ մոտ էին պատվո պատվանդան բարձրանալուն:

– Մոտ էին, բայց չբարձրացան: Ո՞րն էր պատճառը: Մրցավարությո՞ւնը:

– Մեր դեմ խիստ ընդգծված կողմնակալ մրցավարություն, որպես այդպիսին, չկար: Թեեւ լինում էին սխալներ ու վրիպումներ: Բայց դա սպորտում նոր բան չէ եւ ամեն տեղ էլ լինում է: Թերեւս, միակ բացառությունը բռնցքամարտն էր: Ընդ որում, դժգոհ էին բոլոր երկրները, ընդհուպ՝ մինչեւ Ռուսաստանը: Բայց այնտեղ էլ մրցավարությունն իրակացվում էր վերջին շրջանում ընդունված նոր կանոններով, որոնցում անհասկանալի ու խրթին շատ բան կա: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ անգամ մասնագետները դրանցից գլուխ չէին հանում, նույն բանը մեկնաբանում էին տարբեր կերպ: Մենամարտերում հաղթողին որոշում էր համակարգիչը: Կողային մրցավարները մարտի ավարտին սեղմում էին կարմիր կամ կապույտ կոճակը, իսկ վերջնական որոշումը կայացնում էր համակարգիչը՝ հինգ կողայինների ձայներից անհասկանալի սկզբունքով ընտրելով երեքը, որը շատ հաճախ չէր համապատասխանում մարտի իրական պատկերին: Այ, մեր մի քանի բռնցքամարտիկների մարտերից առաջ դիմել եմ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկիին, որպեսզի ուշադիր լինեն: Սակայն համակարգչի դեմ ոչինչ անել հնարավոր չէր:

Baku_sport
– Ըմբշամարտի մասի՞ն ինչ կասեք:

– Այն, ինչ ասացի սկզբում: Մրցավարական սխալներ ու վրիպումներ, իհարկե, կային: Բայց հատկապես մերոնց դեմ ընդգծված աշխատանք գրեթե չկար, կամ քիչ էր, կամ էլ դրանք մարտերի ելքի վրա որոշիչ ազդեցություն չունեին: Եթե մեր ըմբիշները մի փոքր ավելի ինքնավստահ լինեին եւ ավելի ճիշտ ու արդյունավետ աշխատեին գորգում, բացառված չէ, որ կարող էին ավելի բարձր արդյունքների հասնել: Իսկ հիմա, խնդրում եմ, եզրափակենք: Հավանաբար, արդեն եկող շաբաթվա ընթացքում մամուլի ասուլիս կհրավիրենք, կխոսենք ավելի մանրամասն ու կպատասխանենք լրագրողներիդ հետաքրքրող բոլոր հարցերին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031