Ամերիկյան բալետային թատրոնի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ պրիմա պարուհի է դառնում աֆրո-ամերիկացին՝ Միստի Քոուպլենդը: Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, Միստի Քոուպլենդը սկզբում պարել է թատրոնի երիտասարդական խմբում, ապա 2007-ին՝ 24 տարեկանում դարձել մենապարուհի: Տառացիորեն անցյալ շաբաթ նա ոգեւորված էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ «Կարապի լիճը» ներկայացման մեջ ներգրաված լինելու առիթով:
Ըստ աղբյուրի, սեւամորթ պարուհիները հաճախ չեն ներկայացվում դասական բալետում եւ Միստին այդ առումով բացառություն է, իսկ նրա մասնագիտական ձեռքբերումները համարժեք են հերոսության: Պարուհին բացեիբաց հայտարարել է, որ ինքը խնդիր էր դրել իր առաջ դառնալ American Ballet Theatre-ի առաջին սեւամորթ պրիմա պարուհին եւ հասել նպատակին: Նա նաեւ The New York Times-ին ասել է, որ իր ձեռքբերումը միայն իրենը չէ, այլ բոլոր այն սեւամորթ պարողներինը, որ իրենից առաջ աշխատել են Ամերիկյան բալետային թատրոնում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
02.07.2015