Թե ինչպես Կրեմլը «փաթեթով» զիջեց Հայաստանին
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ներհայկական հարց է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք հայաստանյան իրավիճակը քննարկվե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում: Նա պարզաբանել է, թե «շեշտը հիմնականում դրվել է երկկողմ հարաբերությունների վրա»:
Հունիսի 30-ին ծննդյան տարեդարձի օրվա առթիվ Սերժ Սարգսյանը բավական ջերմ ուղերձ է ստացել ՌԴ նախագահից:
Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության եւ համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների»: Պուտինը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, երկու երկրների ղեկավարները անդրադարձել են «ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին»:
Պուտինի վերոնշյալ ուղերձում արտահայտված ջերմությունը հատկապես ուշագրավ է, եթե այն դիտարկում ենք Երեւանի Բաղրամյան փողոցում, Հայաստանի տարբեր քաղաքներում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:
Պաշտոնական Մոսկվան գիտակցել է, որ Կրեմլին հնազանդ հայկական իշխանությունների առկայությունը դեռեւս չի երաշխավորում Հայաստանի հասարակության հնազանդ լինելը, եւ հարկ եղած դեպքում հասարակությունը կընդվզի, եթե ռուսական ԶԼՄ-ները հետեւողականորեն փորձեն խեղաթյուրել հայաստանյան իրադարձություններն իրենց կողմնակալ, իրականությունից հեռու, երբեմն նույնիսկ բացահայտ սադրիչ ռեպորտաժներով ու հոդվածներով:
Կարդացեք նաև
Հայաստանում մեկ շաբաթից ավելի ձգվող բողոքի ակցիաները Բաղրամյան պողոտայում այնպիսի ազդեցություն են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վրա, որ դրանց իրական նշանակությունը նույնիսկ բողոքի ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները չեն գիտակցել:
Բողոքի ակցիայի առաջին օրերին ՀԷՑ-ի գործունեության շուրջ բարձրացրած ալիքը Մոսկվան համարեց ուղղակի հարված Ռուսաստան պետությանը՝ ի դեմս «Росимущество» պետական գործակալության, որպես «Интер РАО ЕЭС»-ի բաժնետիրոջ: Դրանով էր, թերեւս, պայմանավորված ռուսաստանյան մեդիայի հակաքարոզչությունը ընդդեմ հայաստանյան իրադարձությունների, բողոքի ակցիաները «Մայդաններ» ու «գունավոր հեղափոխություններ» ներկայացնելու եւ Արեւմուտքի կողմից կազմակերպված լինելու կեղծ տեղեկությունները տիրաժավորելը:
Բայց որոշակի պահից Մոսկվայում, հավանաբար, գիտակցեցին, որ իրենց գործելաոճը հայ-ռուսական հարաբերություններում «սեպ» է խրում, իսկ հասարակությանը գրգռելը եւ հակակրանք առաջացնելը Մոսկվայի նկատմամբ ավելի խորքային խնդիրներ կարող է առաջացնել, քան որեւէ իշխանության հետ հարաբերությունները ճշտելը ռուսական ավանդական գործելաոճով:
Հունիսի 26-ին Սերժ Սարգսյանն ընդունել էր ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Այս հանդիպման առիթով նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունը կարելի է իսկապես սենսացիոն համարել: Ռուսական կողմը «փաթեթով» հայկական կողմին «նվերներ» էր մատուցում` մեկը մյուսի հետեւից:
Այսպես, Ս. Սարգսյանը գոհունակությամբ էր նշել, որ լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Ս. Սարգսյանի խոսքով՝ դա թույլ տվեց չթանկացնել եւ կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի եւ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը: «Սերժ Սարգսյանի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաեւ Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին»:
Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկ տրամադրելը դեռ ամենը չէր, հաջորդ ուշագրավ պահը հետեւյալն էր. «Օգտվելով առիթից՝ նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին եւ, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին»:
Վերոնշյալ հանդիպման վերաբերյալ տարածած նույն մամլո հաղորդագրությունից էլ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը համարում է, որ ճիշտ կլինի՝ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվի «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել էր, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց եւ թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի եւ միանշանակ լինի իրավիճակը, եւ ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:
Ստացվում է, որ ռուսական կողմը միանգամից մի քանի խնդիրների լուրջ զիջումների է գնացել: Ինչո՞ւ: Բացատրությունը մեկն է` դա Բաղրամյան պողոտայում կանգնած մեր հասարակությունն էր:
Մեր հասարակության ակտիվությունը արգելափակեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գոնե այս պահին, բացեց հնարավորությունների ճանապարհ` ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխության, ազգայնացման համար: Բացի այդ, Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը թույլ է տալիս զգալիորեն ընդլայնել ՀՀ զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին: Այսինքն` պաշտոնական Երեւանի կողմից բարձրացված դժգոհությունը՝ պայմանավորված Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքով, ինչ-որ առումով ստիպեց Կրեմլին քաղաքականություն վերանայել նաեւ հայկական կողմի համար: Գումարած այս ամենին` հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը:
Հասարակական գործոնն այսօր Հայաստանի համար ստեղծել է պայմաններ, որպեսզի իշխանությունները ռուսական կողմի հետ բոլոր մակարդակներով եւ բոլոր ոլորտներում ամուր դիրքերից հանդես գան ու գործեն ի շահ Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների: «Մենք փոքր երկիր ենք», բայց ոչինչ չի խանգարում, որ մենք ստիպենք, որպեսզի մեզ հարգեն բոլորը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2015