«Հունիսի 26-ին գնացի Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու ընթացքում եղել է այնտեղ եւ իր մասնագիտական գործունեությունը ոստիկանները խոչընդոտել են: Հակոբ Կարապետյանը հենց այս մասին է հաղորդում ներկայացրել:
Ըստ լրագրողի՝ դրանից հետո, որեւէ այլ զարգացում չի եղել: «Դիմում ընդունող ոստիկանն ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում: Այսինքն` այդ օրվա բոլոր գործերը գնում են մի կենտրոն, եւ այդտեղ հարցերը լուծվում են»:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն իր հաղորդումը առանձին չի քննվելու, Հակոբ Կարապետյանն ասաց, որ շեշտել է, թե ինքը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին, «որովհետեւ այնտեղ իրենց կազմած գործում փոխհատուցման մասին էր խոսվում: Սա կոնկրետ հաղորդում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Հակոբ Կարապետյանի Ֆեսյբուքի էջից