Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Հայրապետյան. Ոստիկանները գիտակցել են, որ լրագրողների են ծեծում եւ բերման ենթարկում

Հուլիս 02,2015 22:10

«Լրադադար» ակումբը հուլիսի 2-ին քննարկում էր կազմակերպել «#ElectricYerevan-ի բռնության ենթարկված լրագրողների հետագա քայլերը» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, փորձագետներ, իրավաբաններ եւ հունիսի 23-ի լուսաբացին բռնության ենթարկված լրագրողներ: Վերջիններս նախ պատմեցին, թե այդ օրը Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում ինչի են ականատես եղել, նրանք խոսեցին նաեւ իրավական դաշտում իրենց հետագա քայլերի մասին: Այնուհետեւ՝ փորձագետները եւ իրավաբանները պատասխանեցին բարձրացված հարցերին եւ հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններ արեցին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը քննարկման ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այն հանգամանքը, որ քննարկման ընթացքում տուժած լրագրողները պատմեցին իրենց անձնական պատմությունները, ցույց տվեց, որ ոստիկանները գիտակցել են, որ լրագրողների են ծեծում եւ բերման ենթարկում. «Պետք է անպայման աչքաթող չանել այս խախտումները, չհաշտվել դրանց հետ եւ անպայման բողոքարկել, կլինի դա քրեական կարգով, քրեաիրավական կարգով, թե վարչական կարգով: Անպայման պետք է բողոքարկել, պետք է ստուգել գործողությունների իրավաչափությունը անընդհատ, չխուսափել ոչ մի ատյանից»:

Ըստ իրավաբանի՝ միայն բողոքարկելու փաստն ինքնին արդյունք է, եւ դատարան դիմելու հանգամանքն անկախ ամեն ինչից ունի սթափեցնող ազդեցություն. «Որովհետեւ եթե ոստիկանը խախտում է արել, ու խախտումն անպատիժ է մնում, անպատժելիության մթնոլորտ է ստեղծվում, համարում է, որ իր ձեռքից դա կգնա: Եվ եթե անգամ ինքը չի պատժվում, բայց ինքն ընկնում է քաշքշուքի մեջ, անհանգստացնում է դա իրեն, հաջորդ անգամ ավելի մեծ հավանականություն կա, որ ինքը ձեռնպահ կմնա նման գործողություն անելուց: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ տասնյակ կամ հարյուրավոր հայցեր են լինում նմանաբովանդակ, դա մի կողմից շատ լուրջ ազդակ է ընդհանրապես հանրությանը, որ այս ոլորտում եւ այս երկրում մի բան այն չէ»:

Գեւորգ Հայրապետյանը ընդգծեց, որ դատարան դիմելով լրագրողը ցույց է տալիս, որ ինքն այդքան էլ անզոր չէ, գիտի պաշտպանվել. «Օրինակ՝ մեղվին, եթե ուզում ես սատկացնես, վերջին պահին խայթում է, ցավից երկու օր տանջվելու ես: Սատկացրեցիր, բայց շարունակելու ես ապրել: Հիմա կարող է արդյունքը չբավարարի լրագրողին, այսինքն՝ իր հայցը մերժվի, բայց միայն այդ դիմելու պահը խայթոցի նման անհանգստացնելու է ոստիկանին մի որոշ ժամանակ: Իսկ դա շատ կարեւոր է հենց լրագրողի ինստիտուտի հանդեպ հարգանքի համար: Իրենք ունեն պաշտպանության բավարար մեխանիզմներ, հանրային հսկիչի դեր են իրականացնում, իսկ եթե հանրային հսկիչի դեր են իրականացնում, նշանակում է, որ իրենք պետք է ունենան չորրորդ իշխանությանը բնորոշ հատկություններ: Դա իր մեջ ներառում է նաեւ պաշտպանվելը, հարձակվելը իրավունքների պաշտպանությունում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031