Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում ինչ մեկնարկել է, ակցիայի մասնակիցներն անընդհատ ահազանգում են, որ իրենց շարքերում պարբերաբար սադրիչներ են հայտնվում եւ փորձում կռիվ գցել երիտասարդների միջեւ:
Այսօր էլ Aravot.am-ի հետ զրույցում Բաղրամյանի ակցիայի մասնակից երկու երիտասարդ մեզ պատմեցին, որ երեկ գիշերը ինչ-որ տղամարդիկ են հայտնվել պողոտայում, որոնք հարբած եղել ու սկսել են կռիվ հրահրել ակցիայի մասնակիցների շրջանում: Երբ երիտասարդները դիմել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս քայլեր ձեռնարկի եւ մեկուսացնի սադրիչներին, փոխոստիկանապետը հրաժարվել է: Տղաների ներկայացմամբ՝ Սամվել Հովհաննիսյանը պատճառաբանել է, որ տվյալ պահին բավարար քանակի ոստիկաններ չկան, որպեսզի իրեն դիմող քաղաքացիների ահազանգին արձագանքեն. «Նա մեզ նաեւ ասաց՝ գնացեք ոստիկանություն հայտարարություն տվեք այդ մասին, կզբաղվենք, եւ այլն: Այսինքն, կարճ ասած՝ չօգնեց»:
Aravot.am-ն այսօր մեզ հետ զրուցած երիտասարդների հետ դիմեց փոխոտիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը հրաժարվում ակցիայի շարքերից «մաքրել» սադրիչներին, ինչին ի պատասխան, Օսիպյանն ասա. «չեմ կարծում, թե նման բան է եղել»: Ապա` Օսիպյանը դիմելով երիտասարդներին, ասաց, որ նրանք հետո մոտենան իրեն՝ զրուցելու այդ թեմայով:
Aravot.am-ը մանրամասն ներկայացրեց Օսիպյանին պարոն Հովհաննիսյանի պատճառաբանություններն, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ ես գիտեք ինչ, միգուցե այնպիսի իրավիճակ է եղել, որ չեն հասկացել իրար»:
Կարդացեք նաև
Երեւանի փոխոստիկանապետն անընդհատ բացառում էր, որ ոստիկանությունը կարող է հրաժարվել ակտիվիստներին օգնություն տրամադրել, այս ամենը Օսիպյանը պատկերավոր իր օրինակով ներկայացրեց. «Անգամ եթե ես չլինեմ աշխատանքի, չլինեմ համազգեստով, տեսնելով, որ քաղաքացին անօգնական է, տեսնելով, որ քաղաքացու կյանքին եւ առողջությանը, նրա սեփականության դեմ ոտնձգություն է իրականացվում, ես ուղղակի պարտավոր եմ, առհասարակ, ես ոստիկան չեմ, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է միջամտել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ