Aravot.am-ի հարցին` ոստիկանության երեկվա տարածած հայտարարության մեջ ժամկետ չի նշվում, թե Բաղրամյան պողոտան փակած բողոքի ակցիայի մասնակիցներին որքան ժամկետ է տրված, ոստիկանությունը ե՞րբ է պատրաստվում գործողություններ անցնել, ինչպես որ նշված էր հաղորդագրության մեջ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Այս պահին, հիմա, մեկ ժամից երկու ժամից, վաղը: Եթե ոստիկանությունը գնա գործողությունների լրացուցիչ ժամանակ կտանք»:
Վալերի Օսիպյանն այն հարցին էլ թե ամեն օր մոտենում եք, ստուգումներ եք անում, այսօր ստուգե՞լ եք, ինչ-որ բան հայտնաբերել ե՞ք` օրինակ` պայթուցիկ, թե՞ ահազանգ եք ստանում նոր միայն նման քայլի եք գնում, Վալերի Օսիպյանն ասաց. «Չէ, ոչինչ չեմ հայտնաբերել»:
Մեր այն հարցին էլ, թե ամեն օր ստուգում ե՞ք աղբամանները, փոխոստիկանապետը պատասխանեց` աղբամանների ներսը չենք նայում:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանն ասաց, ճիշտ է, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, բայց ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ ոմանց կողմից պայթուցիկներ կիրառելու ցանկություններ կան:
Aravot.am-ը Վալերի Օսիպյանից նաեւ հետաքրքրվեց, թե «ջրցանի առավոտից» հետո, ի՞նչ պատահեց, որ ոստիկանությունը հանկարծ փոխեց «մարտավարությունը» եւ սկսեց հանդուրժողականություն ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, արդյոք Եվրադատարանում Հայաստանի դեմ առկա հայցե՞րն են պատճառը:
Փոխոստիկանապետը պատասխանեց. «Անկախ հայցից, թե ինչ կարգի, ինչ քանակի, ում դեմ, եթե անհրաժեշտ լինի ոստիկանությունը կօգտագործի օրենքով նախատեսված կարգով եւ ջրցան եւ հատուկ միջոցներ եւ ֆիզիկական ուժ»:
Մեր այն դիտարկմանը, թե Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է` ցրել, մաքրել, Վալերի Օսիպյանն ասաց. «Հարգելիս ոստիկանությունը դրսեւորում է բարի կամք, հանդուրժողականություն, ոստիկանությունն այս ամենը թողնում է մեր քաղաքացիների իրավագիտակցությանը»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ