Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի համոզմամբ, Բաղրամյան պողոտայում շարունակվող նստացույցը վերելքի փուլում է:
Մեր հարցին՝ համամի՞տ եք այն տեսակետին, որ իշխանությանը ձեռնտու է Բաղրամյան պողոտայի նստացույցը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չեմ խոսի, թե իշխանություններին ինչն է ձեռնտու, իրենք հարձակման չեն անցնում, բիրտ ուժի չեն դիմում ոչ թե նրա համար, որ մեզ նվեր են տալիս, այլ հասկանում են, որ եւս մեկ անգամ նման բան տեղի ունենա, նրանք ավելի լուրջ ժողովրդական դիմադրության են արժանանալու: Գիտակցելով այդ ամենը՝ չեն անում, հույսը դնում են նրա վրա, որ շարժումը կմարի»:
Մեր հարցին, իսկ այդպես չէ՞, շարժումը չի՞ մարում, նա կրկնեց. «Ցանկացած շարժում ունենում է վայրէջքներ ու վերելքներ, հիմա շարժումը վերելքների մեջ է, այս պահին ինքնակազմակերպման լուրջ գործընթաց է, իսկ դա նորմալ է, երբ կազմակերպիչներ են փոխվում»:
Մեր հարցին շարժման վրա ինչ ազդեցություն թողեց շարժման կազմակերպիչների փոփոխությունը, նա շարունակեց. «Նստացույցի մասնակիցների պահվածքն անդրադառնում է շարժման վրա, դրա համար պատասխանատվություն են ստանձնում, որ կազմակերպչական աշխատանքներ պետք է տանեն, պարտավոր են հասկանալ, որ իրենց ցանկացած քայլ կարող է ազդել ուրիշների վրա:
Կարդացեք նաև
Չեմ ուզում թաքցնել, որ նմանատիպ ազդեցություն եղել է, բայց շարժումներն ունեն եւ վայրէջքներ, եւ վերելքներ: Հիմա այս առողջ երիտասարդությունն այստեղ հավաքված ցույց է տալիս, որ ինքնակազմակերպման նոր խնդիրների առաջադրման, մտքերի գեներացման համար նոր հարթակ է ստեղծվում, առաջիկայում թարմ առաջարկներով ու թարմ մտքերով փորձելու ենք նոր քայլեր անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ